Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհատված արձակուրդ կամ պատահար միջօրեին (պատմվածք)

Հուլիս 09,2017 13:00

-Սրանից լավ տեղ չենք ճարի. աչքից հեռու է, քամուց պատսպարված:

-Եթե լճից չփչի:

-Պիտի կանաչ վրան վերցրած լինեինք, ընդհանրապես չէր նկատվի:

-Վառ դեղինն ավելի հաճելի է: Գույների կոնտրաստը երբեմն լավագույն միջոցն է:

Պայմանը՝ պայման. սեղան դնող-հավաքողն այսօր դու ես:

-Ի՞նչ սխալ թույլ տվի:

-Կոնտրաստ… հայերեն կլինի՝ հակադրություն, հակադիր գույներ, ցայտերանգություն:

– Քեզ էլ հասկացող եղավ, մանավանդ վերջինի դեպքում՝ ցայտերանգ:

-Մեղքն իրենցն է, ոչ լեզվինը:

-Մերը նույնպես:

-…

-Չշոգեցի՞ր:

-Չէ, բայց եթե նկարակալն այստեղ լիներ, կշարունակեի: Սիրտս վրձնել է ուզում: Կամ՝ նոր կտավ կսկսեի: Այստեղից լեռնապարը բոլորովին այլ տեսք ունի:

-Մի օր կղզի կգնանք. տեսադաշտը նույնն է:

-Վրա՞նն ում թողնենք:

-Դեմներս քսան օր կա: Վերջին շաբաթն այնտեղ կգիշերենք:

-Համաձայն եմ, բայց անմիջապես ծովից ուրիշ է: Հենց այս դիրքից: Տես ի՜նչ գույներ են: Այսպես էլ կնկարեմ, թեև գիտեմ, հետո կասեն՝ կապույտ լեռ չի լինում, հավաստի չէ: Դե եկ ու համոզիր, որ բոսորագույն էլ է լինում, նարնջի էլ, մանուշակագույն էլ: Անհեթեթություն…

-Նույն միտքը Սարյանը ևս ունի:

-Թե չէ՝ կղզուց. հազար մարդ այդ դիրքից նկարել է:

-Կղզի էլ լինի՞, ամաչում են թերակղզի անվանել:

-Ճերմակ երիզը նկատու՞մ ես:

-Ինչպես չէ:

-Խեղդամահ անելու հետքերն են գեղեցկուհու պարանոցին: Եվ դա կնկարեմ, իբրև պատասխան ապտակի հետք՝ անանցողիկ:

-Քանի՞ նկար ես մտադիր անել: Շատ չեղա՞վ:

-Որքան կարողացա: Արձակուրդն ինչու՞ որոշեցինք այս կերպ անցկացնել:

-Հետ գնանք, շոգ է. Չայրվե՞նք հանկարծ:

-Մի փոքր էլ:

-Դե տես:

*

Կարենը բացեց աչքերը: Ներքնակները հեռացել էին, ու իրեն Վահեից ահագին տարածություն էր բաժանում: Թիկունքն այրվում էր, դաստակներն արյան կանգից ընդարմացել էին: նայեց ափի կողմը: Այնտեղ ամեն ինչ խաղաղ էր: Անդորր էր նաև լճի վրա: Հեռվում առագաստանավակներ էին երևում:

-Վահե:

Ընկերը չարձագանքեց: Կարենը գործի դնելով ձեռքերը՝ թիակելով մոտեցավ: Վահեն թիկունքին, լայնեզր գլխարկով դեմքը ծածկած՝ քնել էր: Ազդրերի շրջանում մաշկը կարմրին էր տալիս, թեթևակի փայլում: Արծաթե խաչը կրծքից սահել, կախ էր ընկել անութի մոտ: Կարենն ափով ջուր շպրտեց ընկերոջ վրա՝ մեկ, երկու: Ամեն ինչ ինքնաբերաբար եղավ՝ առանց հետևանքի մասին մտածելու: Պարզապես արթնացնել էր կամենում, ծիծաղել: Կատարվեց, սակայն, անսպասելին: Վահեն թափով ուղղվեց, անգիտակից հայացքը մի պահ հառեց ընկերոջը, հետո անհավասարակշիռ շարժումից ներքնակը շրջվեց, ու նա հայտնվեց ջրում: Սոսկումի ճիչը, ջրի աղմուկը միահյուսվեցին, և Կարենի աչքի առաջ ընկերը, լայնացած բիբերում մահվան սարսափ՝ ձղաձիգ մատներով մի կողմ թռած ներքնակը չանգռելով, օդը, ճերմակ փրփուրը սանրելով՝ անհետացավ ջրում:

Բնազդով Կարենը պինդ սեղմվեց ներքնակին: Թվաց, ամենակուլ մի ուժ հիմա իրեն ևս տակով կանի՝ տանելով խորքերը: Ուշքի եկավ, երբ ամեն բան խաղաղվել էր: Ներքնակն անտերունչ տարուբերվում էր ջրում, տեղապտույտ տալիս:

-Oգնեցե՜ք,-աղեկտուր կանչը ալիքվեց լճում, հասավ ափ:

Հետո, ասես մղձավանջում, տեսավ դեպի ջուրը վազող մարդկանց: Ողջ ընթացքում չհստակված մի միտք անընդհատ շաղափում էր ուղեղը՝ մեղքն իրենն է, իրենը, տխմար կատակը եթե չլիներ… Ոչ մեկին չպետք է այդ մասին խոստովանել, եթե պատմեց՝ վերջ: Ոչ ոք չի տեսել, ճշմարտությունը չգիտի, բացի իրենից և… Վահեից, ով այլևս վկայություն տալ անկարող է: Քլայդն է ինքը, տարբերությամբ միայն, որ Դրայզերի հերոսն ամեն ինչ վաղօրոք էր մտմտացել, ամիսներ առաջ: Հեռու, հեռու պետք է քշել չար միտքը, այլապես հետագայում ապրել չի կարողանա: Ինքն ընդամենը երկու բուռ ջուր շաղ տվեց ընկերոջ վրա, ի՞նչ իմանար, որ նա խելահեղ՝ լիճը կնետվի: Չէ. այդպես շատ է անհավանական: Պարզապես քնած ժամանակ շրջվելիս անզգուշաբար ընկավ: Արևահար, գերտաք մարմին և Սևանի պաղ ջուր… Իսկությունն էլ դա է, վկան՝ Աստված: Իսկ չօգնեց, որովհետև չհասցրեց, անկարող էր: Եվ վախեցավ, այո՛, երկյուղեց: Պատվաբեր չէ՞, թեկուզև: Քաջություն ակնկալողները հապա թող իրենց վրա բանաձևեն օրենքը, տեսնեմ կկարողանա՞ն: Վերջապես… վախը գիտակցությունից դուրս է՝ առավել զորեղ, անկառավարելի:

*

-Ինչու՞ էիք հատկապես Սևանն ընտրել,-արձանագրության ձևական կողմը լրացնելուց հետո խոսակցին դարձավ քննիչը:

-Նկարելու, հանգստանալու առավել հարմար վայր կարո՞ղ եք ասել,-Կարենի ձայնում թեթևակի վիրավորանք կար:

-Հարցեր տվողը ես եմ: Նկարի՞չ եք:

-Գեղարվեստի ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող եմ:

-Նկարում եք:

-Այո:

-Ուրեմն՝ նկարիչ եք:

-Չեմ համարձակվում ինձ այդ բառով մկրտել: Հետագայում՝ գուցե:

-Չեք աշխատում:

-Ոչ, ինձ ազատ դիպլոմ տվեցին, դեռ չեմ ստացել:

-Հըմ… Որերո՞րդ օրն է Սևանում եք:

-Երրորդ:

-Ինչո՞վ էիք եկել:

-Միջքաղաքային ավտոբուսով:

-Իսկ մնացած ճանապա՞րհը: Ձեր ընտրած վայրը քաղաքից հեռու է:

-Ոտքով ենք անցել:

-Վրանը, այլ իրեր շատ ունեք, ինչպե՞ս եք տարել:

-Ուսապարկով:

-Այդ երեք օրերին ինչո՞վ էիք զբաղվում:

-Լողացել ենք, արևի լոգանք ընդունել:

-Ուրի՞շ: Ամեն մանրուք հիմա կարևոր է, մեզ հետաքրքրում է:

-Բարձրացել ենք դիմացի սարը:

-Ինչու՞:

Կարենը վերստին սրդողեց. համազգեստը մի՞թե իրավունք է տալիս խցկվել մարդու ներքին կյանքը, խառնել ներաշխարհը: Տխմա՞ր է, թե խաղում է, ցույց տալիս:

-…

-Պատասխանեք, ինչու՞:

-Զբոսանքի: Վերևում աղբյուր կար, ջուր խմեցինք: Թերակղզին, լիճը հրաշալի են երևում, էսքիզ արեցինք՝ երկուական:

-Զարմանալի է, մեկ օրում երկու նկա՞ր:

-Դրանք ուրվանկարներ են, ընդամենը մատիտով արված, նախնական մտահղացում:

-Հարկ կլինի նայել,-քննիչը սովոր չէր պարտության: -Պատմեք դեպքի մասին՝ սկզբից:

-Նկարելուց հետո լողացանք, այնուհետ փչովի ներքնակներով որոշեցինք մի քիչ հեռանալով ափից՝ ջրի վրա լոգանք ընդունել:

-Չգիտեի՞ք, որ Սևանում ներքնակով լողալն արգելված է:

-Ոչ:

-Ինչու՞:

Կարենն ուսերը թոթվեց:

-Այդ ինչպե՞ս է, ուրիշները գիտեն, դուք՝ ոչ:

-Մենք մարդկանցից հեռու էինք վրան խփել:

-Ձեր սխալներից մեկն էլ դա է: Թե­՞ հատուկ էիք առանձնացել, որպեսզի խմելու տաք:

-Հարբեցողի տպավորությու՞ն եմ թողնում:

-Հարցեր տվողը ես եմ… Հետո՞:

-Կես ժամից ավելի մնացինք:

-Ինչի՞ շուրջ էիք ընթացքում զրուցում:

-Նկարչության, հազար ու մի հարցի:

-Ավելի կոնկրետ:

-Հիմա չեմ կարող հիշել:

-Վիճեցի՞ք:

-Ամենևին:

-Շարունակեք:

-Վահեն առաջարկեց էլի մնալ: Ես ասացի՝ դե, տես, հանկարծ չարևահարվենք:

-Հետո:

-Այդ միջոցին նա, երևի, ննջեց,-Կարենը կանգ առավ, աջ ձեռքի մատներն սկսեցին մեքենաբար խաղալ վերնաշապկի կոճակի հետ:

-Հապա՛, հապա՛… Զգույշ, կոճակը չպոկեք,-քննիչի աչքերում ժպիտ կար: -Ես ձեզ լսում եմ:

-Ճիչ լսելով՝ գլուխս բարձրացրի. Տեսա՝ ներքնակը շրջվել է, իսկ Վահեի միայն մազերն ու չռված մատներն էին երևում: Հետո նա իջավ…

-Չփորձեցի՞ք օգնել:

-Ես հեռու էի:

-Ինչքա՞ն, մետրով ասեք:

-Երևի ութ-տասը մետր:

-Քիչ առաջ ասացիք, որ զրուցում էիք: Այդքան հեռվի՞ց:

-Դե, հավանաբար մեր լռելու միջոցին ալիքը ներքնակը հեռացրել էր:

-Ընդունենք: Իսկ ինչու՞ չգցվեցիք, առանձնակի տարածություն չէր:

-Չկողմնորոշվեցի, կարճ տևեց:

-Գուցե վախեցա՞ք:

-Հավանաբար,-Կարենի աչքերում երկյուղ հայտնվեց: -Դրա համար ինձ կդատե՞ն:

-Եթե ճշմարտությունն եք ասում, ոչ:

Կարենը թեթևացած շունչ քաշեց:

-Դուք լողալ գիտե՞ք:

-Մի փոքր:

-Ավելի վատ, քան Վահե՞ն:

-Այո՛:

-Ըստ ձեզ ի՞նչ եղած կլինի:

-Դժվարանում եմ ասել:

*

Ժիգուլու վարորդը, որին ձեռք բարձրացնելով կանգնեցրեց փողոցում, Սևան տանելու համար քսան ռուբլի ուզեց: Համաձայն էր ամեն բանի, միայն թե շուտ հասնի: Փայփայածը, հույսը մի միտք էր՝ ողջը սխալմունք, սուտ դուրս գա: Ճամփի կեսին, երբ համառ հարցերից նեղվելով՝ կեսբերան պատմեց զանգի մասին, վարորդը խորհուրդ տվեց ետ դառնալ, բարեկամներից մի քանիսին ևս վերցնել: Ճշմարիտը նա էր, բայց էլ չկամեցավ ժամանակ կորցնել: Եթե հարկ լինի, կզանգեմ, որոշեց:

Սևան հասնելով՝ քշել տվեց թերակղզի: Լողափի հսկիչները տեղյակ էին պատահարից, սակայն կոնկրետ վայրը ոչ ոք չգիտեր: Մոթելից այն կողմ պետք է եղած լինի,-ասացին, հետո իմանալով՝ ով է, ուղեկցեցին մոտորանավակների կայան: Բակուրին հյուսիսային ափ հասցնելու ցանկություն շատերը հայտնեցին: «Ժիգուլու» վարորդը ևս պատրաստակամ՝ առաջարկեց շրջանցել լիճը: Շնորհակալություն հայտնեց մեքենայատիրոջը, վճարելու համար ձեռքը գրպանը տարավ: Վերջինս բռնեց դաստակից:

-Փողը քեզ պետք կգա, թող մնա:

Կարծեց քաղաքավարական ժեստ է:

-Բա մարդս ո՞ր օրվա համար է: Եթե կուզես, կմնամ:

Հուզմունքից փղձկաց: Մեկ անգամ ևս պինդ սեղմելով ձեռքն ու եղբոր հեռախոսահամարը տալով՝ խնդրեց զանգել: Հինգ-տասը րոպե անց մյուս ափին էին: Նավում էին երկայնքով: Մոթելից, «Երկնագույն Սևանից» հետո ամայի մի ելուստում ոստիկանության մեքենա նկատեցին: Մինչ կմոտենային, «Վիլիսը» շարժվեց:

-Ի՞նչ կար,-գխով հեռացող մեքենան ցույց տալով՝ հարցրեց նավակավարը:

-Ջրասուզակներին տարան,-կանգնածները, որ երեքն էին, թողեցին հագնվելը:

-Ի՞նչ սուզակ,-Բակուրի սիրտն ուժգին տրոփեց: -Վահիկս,-ոտքը գցեց, որպեսզի իջնի, ջուր էր:

-Հիմա: Դուք նստեք,-շարժիչը հռնդաց, և վայրկյան անց նավակի քիթը դեմ առնելով ավազների՝ խշրտոցով խրվեց նրա մեջ: Ափին եղողներից մեկը ձեռքը մեկնեց, որպեսզի Բակուրն իջնի:

-Զանգողը ես էի,-առանց նախաբանի, ընթացքում ասաց օգնողը:

Բակուրն ասես համր լիներ, չարձագանքեց:

-Դեպքն այստեղ է եղել,-տղան մատնացույց արեց վետվետուն ալիքները:

-Գտա՞ն,-ընդմիջեց նավակավարը:

Մյուս երկուսը տարուբերեցին գլուխները, մոտ կանգնածը շարունակեց.

-Գիտեի, որ կգաք, կղզում էլ էի զգուշացրել:

-Բա ինչու՞ գնացին,-հարցնողը վերստին լճի այս ափ բերողն էր:

-Ուշ է, ջրի տակ բան չի երևում:

Բակուրը շուրջը նայեց: Արևը մայր էր մտել: Ջուրը, շրջակա լեռները սևին էին տալիս:

-Կարենն ու՞ր է,-նա ուշքի էր գալիս: -Հետի տղան:

-Միլիցիայում էր, բաց են թողել:

-Ինչու՞ էին տարել,-Բակուրը զսպանակվեց:

-Որպեսզի գործ բացեն:

-Այսի՞նքն,-չարագույժ մտքերը խուռներամ վրա տվին:

-Դե,-տղան դժվարացավ պատասխանել,-նման դեպքերում նրանց հետաքրքիր է՝ ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում: Ինձ էլ էին կանչել:

-Դուք հետնե՞րն էիք, պատմեք, արագ:

-Չէ, ճամփեզրով գնում էի, երբ լսեցի գոռոցը: Մինչև մացառուտներն անցա,-տղան ակամա շոշափեց այտի, ծնոտի քերծվածքները,-մինչև գցվեցի ջուրը, ամեն բան վերջացել էր: Եթե ափին մոտ լիներ, կհասցնեի:

-Իսկ Կարե՞նը:

-Երկուսով են եղել: Փչովի ներքնակներով մտել են ծովը, պառկել արևի տակ: Հետո, թե ինչպես, ձեր տղան շրջվել է ու մեկից…

-Բայց նա լողալ գիտեր,-Բակուրը չգիտակցելով՝ գոռաց:

-Կարենն էլ է դա հաստատում:

-Խեղդել են տղայիս: Ո՞վ արած կլինի,-հարցը թեև ներկաներին էր ուղղված, սակայն պատասխան չէր ակնկալում:

*

Դահլիճ հիշեցնող սենյակում մինչև առաստաղ հասնող անկողիններից մահճակալն ազատելով՝ հյուրին քնելու տեղ բացեցին, և Բակուրը պառկեց: Պատշգամբ տանող դուռը բաց էր: Քամին, որ դեմից էր փչում, թեթև տարուբերում էր վարագույրը: Ստվերներ էին սենյակում խաղում. դրսի վառ թողած լամպի ճոճքից էր: Պատից անդին միալար աղմկում էր սառնարանը: Անհավատալի, անիրական էր ամեն ինչ, թեև միտքն արթուն էր, աչքերը կիսախավարում ջոկում էին իրերը՝ պատն  ի կախ մեծադիր նկարը՝ սև շրջանակում, մեծղի սենյակից խեղճացած զարդահայելին, մինչևիսկ վիշապագորգի նախշերի ուրվագծերը հատակին:

Ովքե՞ր են տանտերերը, ի՞նչ գործ ունի ինքն այստեղ, Հասմիկը լուրն առա՞վ, բարեկամները, եղբայրն ինչու՞ են ուշանում, ինքը, ինքն իրավունք ունի՞ այսպես անգործ թիկունքին տալու, երբ միամորիկ Վահեն ջրի տակ տանջվում է: Տանջվու՞մ: Ո՛չ, ո՛չ: Հոգեվարքը կարճ տևած կլինի՝ նախքան հատակին հասնելը: Հիմա նա խաղաղ մեկնվել է ջրիմուռներին, թույլ ծփանքից հարթված մազերը պսակել են, խավարում տեսնող վտառը, գայթակղված ճերմակությամբ, բոլորել որդուն, ակնապիշ հետևում է, լողակներն անշշուկ գնում են, գալիս…

Բակուրն ընդոստ ուղղվեց: Սառնարանը լռել էր, շրջանակից գեղջկական մի խոժոռ հայացք շեղակի հետևում էր անհանգիստ հյուրին: Տպավորությունն այնպիսին էր, թե նա, ահա՛, ահա՛, այդպես կեսմարմին կիջնի պատից, հատակին խառնիխուռն կիտած անկողինները շրջանցելով կմոտենա մահճակալին ու, անքթիթ հայացքը Բակուրին, կասի՝ հայրը զավակին լքելու իրավունք չունի: Չունի՛:

Խարխափելով գտավ կոշիկները, կիսահագնել դուրս եկավ պատշգամբ: Ծխեց, գնաց-եկավ, աչքերը հառեց խավարին, չկարողացավ ոչինչ տեսնել: Դիմացն ինչ-որ տեղ երկաթգիծն էր, հարևանությամբ՝ մայրուղին, ապա գալիս էր անտառաշերտը, որ մի քանի տարվա պատմություն ուներ, ջրերի հեռանալուց հետո էին հիմնել: Առանց այդ էլ Սևանից խուսափում էր. սիրտը ճմլվում էր մեռնող լճին նայելիս, իսկ հիմա խղճահարությանը փոխարինելու կգա ատելությունը, կդառնա քինախնդիր, սակայն Գեղամա ծովակն ի՞նչ անի, ի՞նչ մեղավոր է:

Տարիներ առաջ էր: Վահիկը մանկան փչովի ներքնակը թողեց ջրում, ետ եկավ: Մինչև կելներ, քամին հեռացրեց: Գցվեց ջուրը, լողաց: Թվում էր, կհասնի: Ընդամենը չորս-հինգ մետր տարածություն էր բաժանում, բայց ավելի արագ անկարող էր: Դժվարը ներքնակին հասնելն է, կբռնվեմ, հանգստանալուց հետո կամաց-կամաց հետ կգամ,-մտածում էր: Ապա՝ ձայներ հասան ականջին: Շրջվեց. ափը հեռու-հեռու էր: Հասմիկը տագնապով կանչում էր, եղբայրը մտել ջուրը, իր կողմն էր թևում: Ափին գտնվողների անհանգստությունը, երկյուղը փոխանցվեց Բակուրին, հասկացավ, որ ներքնակին չի մոտենա: Ետդարձին եղբայրը հասավ: Չէր օգնում, բայց ներկայությունը ուժ էր տալիս, վստահություն ներշնչում: Երբ ջրից ելնելով՝ շրջվեց լճի կողմը, ներքնակը կորել էր աչքից, քշվել մյուս ափ:

Տեսնես իսկությունը ո՞րն է: Էն գլխից լիճը թեթևամտություն չի հանդուրժում: Կարենին գտնել, հետը զրուցել չհաջողվեց: Փոխարենը ոստիկանական բաժանմունքում կարդաց բացատրությունը: Եթե արձանագրվածը ճշմարտություն է, Վահեն քնով է ընկել: Արևահար մարմինը հանկարծաբար ողողվելով սառը ջրով՝ անդամալուծել է տղային, կամ թե վախից, անսպասելիությունից փուխր սիրտը չի դիմացել: Անհեթեթ մահ…

Բակուրն զգույշ, որպեսզի տանտերերին չարթնացնի, մտավ սենյակ, առանց նկարի կողմը նայելու դիմեց դեպի մահճակալը: Հարկավոր է քնել, հանուն Վահիկի չպետք է կորցնի գլուխը: Բլրված բարձը խանգարում էր, կամաց սահեցրեց հատակին. այդպես առավել հանգիստ էր: Առավոտյան վեցին ջրասուզակները խոստացան գալ: Սևանցի տղան մեքենայով կապահովի: Մինչ այդ եղբայրը, քեռին կժամանեն, լուրը, երևի, գործընկերներին նույնպես հասած լինի:

Վահե, զավակս, այս ի՞նչ արիր: Որքա՜ն կուզեի լճի հատակին պառկածը քո փոխարեն ես լինեի: Աստված, հո, տառապանքս տեսնում է, գիտի՝ չեմ կեղծում: Ներիր նվաստիս՝ քեզնից հետո ապրելու համար: Ի՞նչ անեմ, ամեն մարդ ինքն է հոգ տանում իր հոգու կացարանի մասին և իր խաչը կրում: Իր խաչը կրում…

*

-Հոր հետ խոսեցի՞ր, մտքին ի՞նչ կար,-կինը շրթներկը խցկեց պայուսակը:

-Խուսափում է զրույցից:

-Փողի մասին խոսք բացեիր, օգնելու:

-Ասելը հեշտ է: Այնպես է նայում, ակամա վատ ես զգում:

-Ինչու՞, որ քո տղա՞ն չէ խեղդվողը:

-Ոչ միայն: Եվ հետո՝ եթե դրամի անուն տամ, կասկածներ կծնվեն:

-Թող ինչքան ուզում են, կասկածեն: Ի՞նչ ունենք վախենալու: Ես Կարենիս հավատում եմ:

-Եթե ցանկանան, չեղած տեղից էլ գործ կշինեն:

-Այդ ինչպե՞ս:

-Հասկանու՞մ ես, խեղդվելն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ մարդը ջրին սովոր է, լողալ գիտի:

-Էհ, ես էլ կասեմ՝ ջրասուզակների արածն է: Երեխային տակն են քաշել, որպեսզի հետո փող աշխատեն:

-Հո չասի՜ր:

-Քի՞չ է եղել:

-Նրանց մոտից եմ գալիս: Հետները զրուցեցի: Երեկվանից չարչարվում են:

-Դիտմամբ չեն հանում, որպեսզի գինը բարձրացնեն: Ինչքա՞ն են տալու, որևէ մեկը խոսք բացե՞լ է:

-Ո՞վ, Բակու՞րը. նրա վրա իբր հալ կա…

-Թող բարեկամները խոսեն, եղբայրը:

-Քեզ չվերաբերող բաների մեջ շատ չե՞ս խորանում,-ամուսինը շրջվեց դեպի կինը: -Ու՞ր քշեմ, ասա:

-Քննիչին տեսնենք:

-Ի՞նչ ենք ասելու:

-Նոր դու էիր ասում՝ չեղած տեղից, եթե կամենան, գործ կբացեն: Գուցե մի բան գցե՞նք բերանը:

-Քո կարծիքով՝ որքա՞ն:

-Չգիտեմ, ինչքան պետք լինի:

-Վախենում եմ գործն ավելի փչացնենք: Բակուրին, այ, պատրաստ եմ օգնել և կօգնեմ:

-Եթե համաձայնի. իրասածի մարդ է:

-Ճիշտ ես նկատել: Հավանաբար ընկերոջ հետ խոսեմ՝ Սուրեն է անունը:

-Բա հիմա…

-Ի՞նչը նկատի ունես:

-Եթե դիակը չգտնեն…

-Մտադիր են թոռ գցել: Վատն այն է, որ Կարենը կոնկրետ տեղը չի հիշում, չի ասել:

-Երեխայիս վրա հա՞լ կար, բան հիշեր: Երևի վախը չափելու տանեմ: Խեղճս…

*

-Ովքե՞ր են,-մոտեցող ընկերոջ ոտնաձայները լսելով՝ հարցրեց Բակուրը:

-էլի նրանք,-Սուրենը պպզեց ավազներին:

Բակուրը գետնից կտրեց հայացքը:

-Կարենի բարեկամները, հայրը, քեռին:

-Ի՞նչ ես ուզում:

-Առաջարկում են նստել մեքենան,-Սուրենը փախցրեց հայացքը:

-Որ ի՞նչ,-Բակուրի ձայնում փոքր-ինչ գրգռվածություն կար: -Ասի՝ պետք չէ, թող գնան:

-Ցուրտ է, գոնե մի քիչ կտաքանայինք:

-Վերցրու,-Բակուրը մի շարժումով հանեց բաճկոնակը, մնաց անթև վերնաշապկով:

-Չփորձես,-ընկերոջ ձայնը միանգամից դարձավ կտրուկ,-հագնվիր: Իմը երկարթև է, ոչինչ:

Բակուրը հլու՝ ենթարկվեց շեշտ խոսքին:

-Որ այդպես է, դու գնա տաքացիր, հետո կգաս:

-Առանց քեզ՝ երբեք:

-Լավ, բայց…-Բակուրի հայացքում պաղատանք հայտնվեց,-հանկարծ ուտելիքի անուն չտան, էլի չսկսեն:

-Կասեմ,-Սուրենն օգնեց, որպեսզի ընկերը ելնի:

-Սպասիր, երկրորդն ի՞նչ մեքենա է,-Բակուրը քայլ չարած՝ կանգնեց:

-Իրենց հիմնարկի «Երազն» է, մեզ պետք կգա,-ասաց և փոշմանեց:

Բակուրը փլվեց կոճղին, որ դեռ կեսօրին մացառուտից Սուրենն էր քարշ տվել լճափ:

-Ի՞նչ եղավ:

-Չգնանք:

-Մի հուզվիր,-նա ձեռքը դրեց որդեկորույս հոր ուսին: -Չես կամենում, չենք գնա,-քիչ անց, շփելով բազուկները՝-արդեն անցավ, չեմ մրսում:

Բակուրը ձեռքը գրպանը տանելով՝ հանեց ծխատուփը: Դատարկ էր:

-Պահիր,-ընկերը չբացած տուփ դեմ արեց:

-Նրա՞նք տվին,-Բակուրի ձեռքը վարանքոտ կանգ առավ, ուզեց վերադարձնել, բայց ցանկությունը զորեղ էր, ու նա, չկամենալով, ձգեց կարմիրերիզ քուղը:

Մեքենայից մեկը ելել, ետուառաջ էր քայլում: Թիկունքով նստած՝ Բակուրը չէր նկատում:

*

Մառախուղը լանջն ի վար սողաց, կտրելով ճանապարհը, խճողվեց բուսուտներում, ծվեն-ծվեն եղավ լճափին:

-Ուշացան,-անհանգստություն կար Բակուրի ձայնում:

-Երկու ժամ կքաշի. իրենց խոսքն է:

-Հավատալս չի գալիս,-Բակուրը գլուխը հակել, գրեթե մտցրել էր շեքի արանքը: -Սուրեն, ի՞նչ ես կարծում, եթե Կարենը մոտ լիներ, կկարողանա՞ր:

-Սևանցի տղան՝ գուցե, Կարենը՝ դժվար:

-Անունը, երբ գան, կհարցնես: Եվ հասցեն:

-Հիմնարկ զանգողը նա էր:

-Գիշերն ու՞մ տանն էի – նրանց, բայց, հասկանու՞մ ես, ուղեղս անջատվել էր: Հոգնած գալիս եմ տուն, բացում դուռն ու այդ զանգը,-Բակուրը շրջվեց: -Սպասիր, իսկ հետախոսահամարնե՞րը… որտեղի՞ց գիտեր: Կարենից վերցրած կլինի:

-Չէ, ծոցատետրը իրերի հետ է եղել՝ ուսապարկում:

Բակուրը կոպերի տակ հայտնված արտասուքը թաքցնելու համար գոցեց աչքերը, երբ առպահ անց բացեց, արտևանունքները խոնավ էին:

-Հագուստն ի՞նչ արիք:

-«Երազում» է, մնացածը եղբորդ տղայի ավտոյով ճամփեցինք:

-Հասմիկի՞ն,-սոսկաց Բակուրը. մտովի տեսավ կնոջը՝ իրերն ընդունելիս:

-Զգացմունքներին աշխատիր չտրվել,-նկատելով ընկերոջ ադամախնձորի վերստին վերուվարելը՝ խորհուրդ տվեց Սուրենը:

-Իմ արածն էլ երեկվանից ընդամենը դա է,-Բակուրն ուժով տրորեց քունքերը, ճակատը, վերջում մատները մազերը փոցխելուց հետո ջղաձիգ ագուցվեցին գլխին:

-Ձայներ լսու՞մ ես,-ընկերը բարձրացավ տեղից:

-Նրանք են,-Բակուրը ևս կանգնեց: -Եկան:

Խավարը մառախուղի հետ պարուրել էր ափը, բռնել լճի երեսը:

-Թերևս, ասես լույսերը վառե՞ն:

-Շուտ պետք է գլխի ընկած լինեի,-ընկերն աճապարեց դեպի մեքենաները:

Բակուրն իր հերթին գնաց ջրի կողմը: Ճողփյունի մեջ զատվեց մեկի հստակ ձայնը.

-Հավասա՛ր, հավասա՛ր,-հետո զայրացկոտ,-Գուգո՛, առաջ մի ընկիր:

Քիչ անց ջրի վրա լապտեր շողարձակեց, գլուխներ ուրվագծվեցին, իսկ երբ մեքենաների հեռահար լույսերը ողողեցին ափամերձ շերտը, հայրը տեսավ եռանկյունի կազմած նավակները, խմբված մարդկանց:

Կենտրոնի ուղեցույց նավակը առաջ էր ընկել, մյուս երկուսը տարածություն բռնած էին գալիս:

-Մի մոտեցեք: Ձիգ պահեք թոռը,-վերստին լսվեց մեջտեղի նավակից:

Ջրում եղողները, ցանցի պատռվելուց վախենալով, անասելի դանդաղ էին առաջանում: Եղավ պահ, կանգնել, չէին առաջանում:

-Ի՞նչ եղավ,-ափից հարցրին:

Ծանոթ ձայն լսելով՝ Բակուրը շրջվեց. քննիչն էր, ում հետ առավոտյան էր առիթ ունեցել ծանոթանալու: Ցավակցեց, զրուցելուց, Վահեի կենսագրության մանրամասներին տեղեկանալուց հետո բացատրեց, որ կարգ է, ձևականություն, պիտի պահպանվի:

-Հիմա՛: Պատրաստ եղեք,-ձայնեցին նավակից:

-Ափի երկայնքո՜վ,-կարգադրեց քննիչը:

Նրա հետ ժամանած ոստիկանները, Կարենի հայրը, էլի երկու-երեք անծանոթ ենթարկվեցին հրահանգին: Մինչ այդ նավակները մոտեցան: Մարդիկ ցատկեցին ջուրը:

-Մտեք, դուք ևս մոտեցեք: Բռնում եք ցանցից՝ սպասելով իմ հրահանգին:

Բակուրը ճանաչեց ձկնորսների բրիգադավարին, ում եղբայրը, աներորդին էին հրավիրել, երբ տեսան՝ սուզակները գլուխ չեն հանում:

-Հավասարաչափ: Երբ զգաք, լռվում է, չզոռեք: Քաշեցինք՝ մեկ, երկու…

Մի քանի ուռկան միացրել էին իրար, և ողջի երկայնքը կլիներ հարյուր հիսուն մետր: Ծայրի մարդիկ չէին երևում: Թիկունքով կանգնածների մեջ Բակուրը կարողացավ ճանաչել Հասմիկի եղբորը, սևանցի տղային: Քննիչը, Սուրենը միացել էին նրանց: Ուռկանը դանդաղ, բայց գալիս էր: Ի՞նչ էր բերում հետը՝ ձկնե՞ր, ջրիմու՞ռ, թե՞ ջրահեղձ զավակին: Սիրտն ասում էր, որ ցանցը սահմռկեցուցիչ խավարից դատարկ չէր գալիս: Ուռկանը ծանրացել էր, ու տեղ-տեղ գլորելով էին քաշում: Մինչև ափ քիչ էր մնացել՝ մեկ-երկու մետր:

-Եզրերից, եզրերից քաշեք, կենտրոնում թող սպասեն,-հրահանգողը թողել էր ցանցը:

Բակուրն ուզում էր մոտենալ, սակայն ի վիճակի չէր. ոտքերն իրենը չէին:

-Հիմա բոլորս միասին միանգամից քաշում ենք: Ծայրի մարդիկ՝ Սահա՛կ, Արսե՛ն, դեպի կենտրոն՝ մեկ, երկու… Ջրից դուրս, բոլորդ ջրից դու՜րս…

Ցանցված «վիշապը»՝ միջնամասում ուռուցիկ, հաստ, կենդանի պարան, դեմ առավ ավազներին: Ձկները թպրտում էին, զարկվում ցանցին: Ոմանց հաջողվում էր գլուխը խցկել անցքը, փոքրերը, պատահում էր, մինչևիսկ փրկվում էին, մեծերը լռվում՝ անկարող բլթակն ազատել:

-Ի՜նչ շատ են,-Բակուրը զարմացած էր: -Տեսնես քանի՞ տոննա կլինի:

Տեսարանը, որին առաջին անգամ էր ականատես լինում, առպահ մոռացնել տվեց ցավը:

-Հրե՛ս…

Բակուրը շարունակությունը չլսեց: Տեսավ՝ մարդիկ իրար գլխի են կուտակվում: Ջանաց քայլ անել – անկարող էր: Մարմինը սարսռաց, փշաքաղվեց: Մրսել եմ, շատ մնացի դրսում,-մշուշվող ուղեղով որոշեց: Զգաց, մեկը վազքով իր կողմն է գալիս: Եղբայրն էր, հասավ, գոտկեց մեջքը: Մյուսներն ուղղվել, իրեն էին նայում: Ձկների կույտում Վահեն չէր նկատվում: այնուհետ աներորդին, Սուրենը, սևանցին մոտեցան: Քննիչն առաջինը խոսեց:

-Սկզբում Սևան կտանենք: Կարգ է, պիտի ապահովվի:

Եղբայրը, աներձագն ընդվզեցին.

-Դիահերձել՝ ոչ մի դեպքում:

-Առանց դրա չի լինի:

-Ես ստորագրելու եմ բժշկական եզրակացության տակ: Պատասխանատու եմ,-դատական բժիշկը վճռական գնաց դեպի ջուրը:

-Ասացի՝ կարգ է, պիտի արվի, թեև,-քննիչը հայացքը հառեց Կարենի հորը, որն իրեն շրջանից քիչ հեռու էր պահում,-կասկածելի ոչինչ չկա: Ես գործն ամենայն մանրամասներով հետաքննել եմ,-նա ուղղվեց դեպի «Վիլիսը»՝ ընթացքում կարգադրություն անելով ոստիկաններին:

Նրանցից մեկը մեքենայից մեծ պարկ հանելով մոտեցավ բրիգադավարին, ինչ-որ բան ասաց, ապա կռանալով՝ սկսեց ձուկ ընտրել:

-Աշխատիր իշխան լինի,-քննիչն էր մեքենայից: -Դուք էլ վերցրեք, հոգեհացին պետք կգա:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31