Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ»

Հուլիս 20,2017 15:00

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը` Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին

– Զինվորական հագուստով հարցազրույց տալով եւ հայտարարելով, որ ունենք բավարար սպառազինություն, որպեսզի չեզոքացնենք Արցախին կամ Հայաստանին սպառնացող վտանգը, խոսելով «Իսկանդերների» կիրառման մասին՝ ո՞ւմ եւ ի՞նչ էր ուզում ասել նախագահ Սերժ Սարգսյանը:

– Այդ մեսիջն, իհարկե, ուղղված էր Ադրբեջանին, քանի որ ներկայումս հենց այդ պետությունն է ուղղակիորեն սպառնում Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հնարավոր կիրառման մասին Սերժ Սարգսյանի հիշատակմանը, ապա դրա մասին նա վերջերս եւս մի քանի անգամ խոսել է, մասնավորապես մի քանի ամիս առաջ նա հայտարարեց, որ հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս աչքը չի թարթելու։ Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը փորձում է մի կողմից՝ զսպել Ադրբեջանին, իսկ մյուս կողմից` հայ հանրությանը համոզել, որ ապագայում էլ ինքն է լինելու Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովողը եւ երաշխավորը:

– Ուշագրավ էր նաեւ, որ Սերժ Սարգսյանը չկիսեց դիտարկումը, թե համանախագահները հավասարության նշան են դնում կողմերի միջեւ: Սա ինչպե՞ս հասկանալ:

– Հավանաբար, նա նկատի ուներ այն փաստը, որ վերջերս Մինսկի խմբի համանախագահները խախտեցին շփման գծում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ հավասարակշռված հայտարարությամբ հանդես գալու սովորույթը եւ առաջին անգամ հստակ մեղադրեցին Ադրբեջանին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ: Խոսքը մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածով Հայաստանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին է, երբ համանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Մինսկի խմբի համանախագահները այդպիսի հայտարարություններ հազվադեպ են անում, եւ, որպես կանոն, նրանք հավասարակշռված հայտարարություններով են հանդես գալիս` կողմերին կոչ անելով պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը:

– Հայկական կողմը չի ընդդիմանում նախագահների հանդիպմանն այն պարագայում, երբ, ըստ էության, բանակցություններ չկան: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից:

– Իհարկե, վերջին տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի են ունենում «բանակցություններ բանակցությունների համար», եւ դրանցից լուրջ ակնկալիքներ չի կարելի սպասել, քանի որ ակնհայտ է, որ մոտ ապագայում այդ բանակցություններում բեկում չի լինի: Կողմերը չեն հրաժարվում բանակցություններից, քանի որ փորձում են ցույց տալ, որ իրենք հանդես են գալիս կոնստրուկտիվ դիրքերից, պատրաստ են հակամարտության լուծման համար քայլեր ձեռնարկել եւ այլն: Այնպես որ, երկու երկրների նախագահների միջեւ այդ հանդիպումը կլինի հերթական հանդիպումը եւ ոչ ավելին:

– Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին` ասելով, որ դա հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է: Միաժամանակ հայտարարեց` դեռեւս որեւէ լուրջ բան չի պատահել. «Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետեւանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել»։ Ժամանակը չէ՞ քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ խոշտացնելու՝ մանավանդ նկատի ունենալով ռուսերենը Հայաստանում պետական լեզու դարձնելու նկրտումները` վարորդական իրավունքի հայտնի պատմությունը հարթելու դիմաց:

– Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ շարունակում է ցույց տալ իր նախկին երկչոտ պահվածքը, ինչն անցյալ տարի հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Այն ժամանակ էլ մեր իշխանությունները, այդ թվում նաեւ նախագահը, չէին համարձակվում Ռուսաստանի հանդեպ ավելի կոշտ գնահատականներ հնչեցնել: Օրինակ` 2014 թվականին Սարգսյանը հայտարարում էր. «Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին: Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»: Թե ի՞նչ պարտավորությունների մասին էր խոսքը, եւ թե ինչպե՞ս Ռուսաստանը պահպանեց դրանք՝ մենք տեսանք հետագայում, երբ Ադրբեջանը Ռուսաստանից գնված մեծ քանակի զենքով սկսեց ապրիլյան պատերազմը: Ցավոք, մեր իշխանությունները դասեր չեն քաղում նախորդ տխուր փորձից: Ակնհայտ է, որ պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ:

– ՌԴ-ում հայկական վարորդական իրավունքի խնդիրը, ՀՀ-ում ռուսերենը պետական լեզու հռչակելու առաջարկը նախերգանք կարելի՞ է դիտարկել նոյեմբերին սպասվող Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը ճնշելու առումով:

– Այո, շատ հնարավոր է, որ Ռուսաստանում հայ վարորդների նկատմամբ իրականացվող ճնշումներն ուղղված են Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման դեմ եւ փորձում են կանխել դա: Մոսկվայի այս կեցվածքը ինձ հիշեցնում է 2012-2013թթ. Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին: Այն ժամանակ էլ Ռուսաստանը փորձում էր ամեն կերպ կանխել Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումը եւ դրա համար կիրառում էր ճնշման տարբեր գործիքներ: Նման դեպքերում Ռուսաստանի սիրած «թեմաներից» մեկն այդ երկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին նեղացնելն է: Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ Հայաստանի ռուսաֆիկացման եւ soft power-ի միջոցով Հայաստանում Ռուսաստանի վերաբերյալ դրական իմիջ ապահովելու խնդիրը վաղուց է դրել եւ Հայաստանին իր ուղեծրում պահելու Կրեմլի քաղաքականությունը վերջին տարիներին ավելի է ուժեղացել: Եվ որպես soft power-ի գործիք՝ Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում է ռուսաց լեզվի տարածումը: Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանում բացվել են ռուսաց լեզվի եւ մշակույթի անվճար ուսուցման բազմաթիվ կենտրոններ, որտեղ մինչեւ այժմ դասընթացների են մասնակցել մի քանի տասնյակ հազար մարդիկ, 2 տարի առաջ հայկական դպրոցից վերցված եւ 10 տարի ժամկետով «Սլավյանսկայա» ռուսական դպրոցին տարածք տրամադրելը, Երեւանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացումը: Աշնանը նախատեսվում է նաեւ Հայաստանում ռուսական լիցեյի բացումը եւ այլն: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում «Ռոսսոտրուդնիչեստվոն» եւ մի շարք այլ կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն մի շարք երկրներում նպաստել ռուսաց լեզվի տարածմանը: Այդ համատեքստում է, որ ժամանակ առ ժամանակ Մոսկվայից հնչում է Հայաստանում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հարցը:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

19.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31