Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառի տակ հայտնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն. գյուղապետ

Օգոստոս 17,2017 18:05

Պռոշյան գյուղի հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր այցելել են իրենց գյուղի ծառի տակ օրեր առաջ հայտնաբերված նորածնին: Երեխայի վիճակը կայուն է, բայց մինչեւ մանկատուն տեղափոխվելը կմնա հիվանդանոցում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց գյուղապետ Արթուր Մուրադյանը: Մեր հարցին՝ ո՞ր մանկատունն են նախատեսել երեխայի համար, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ամենայն հավանականությամբ Երեւանի Նորքի մանկատուն կուղարկեն:

Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա:
Նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 08:00-ի սահմաններում: Փոքրիկն անմիջապես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Արթուր Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կասկածներ ունեն, ովքե՞ր կարող են երեխայի ծնողները լինել, գյուղապետն ասաց՝ նախաքննությունը կպարզի: Նրա խոսքով, իրենք էլ են վերլուծում, թե ով կարող էր երեխային թողնել իրենց գյուղացիներից մեկի տան ծառի տակ: Այն ընտանիքը, որը գտել է նորածնին, գյուղապետի խոսքով, նորմալ ընտանիք է բազմանդամ, թոռներ ունեն: Արթուր Մուրադյանն ասաց՝ իրենց համար էլ է հանելուկ, թե ինչու են երեխային հենց այդ ընտանիքի տան մոտ թողել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնող անձին հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031