Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեմետ հաբեր խմեցնելով ֆրանսուհուն՝ սպանել էր, դին թաղելով իրենց տան բակում

Օգոստոս 19,2017 14:30

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է քրեական գործով տուժող Մոնիկ Հարլեյի մարմնի մասերը, որոնք պահվում են ՀՀ առողջապահության նախարարության գիտագործնական կենտրոնի Վաղաշապատի բաժանմունքում, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հանձնել Հայաստանում Ֆրանսիայի իրավասու մարմիններին` տուժողի հուղարկավորումը հինգուկես տարի հետո կազմակերպելու նպատակով:

Գեւորգ Խաչատրյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ըստ էության, առաջին ատյանում ավարտվեց մի քրեական գործի քննություն, որը հարուցվել էր 2012 թվականի հոկտեմբերի 9-ին: Գեւորգ Խաչատրյանը երեք հատորանոց գործի նյութերով մեղադրվել էր Ֆրանսիայի քաղաքացուհի Մոնիկ Հարլեին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու դեպքի առթիվ։ Գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, պաշտպանական կողմը պահանջում է նոր քննություն կամ համաչափ պատիժ:

Ամեն ինչ Հայաստանում սկսվեց այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմիններից ստացվեց լուր Ֆրանսիայի քաղաքացուհի Մոնիկ Հարլեյի անհետ կորչելու մասին: Հայաստանի իրավապահները փաստի առթիվ հարուցված քրեական գործով ստացան հանձնարարական՝ Հայաստանի տարածքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ։

1937թ. ծնված Մոնիկ Հարլեյը 2011թ. դեկտեմբերի 12-ին, «Էյ Ֆրանս» ընկերության տեղեկության համաձայն, Կասաբլանկա-Փարիզ-Երեւան չվերթով ժամանել է Երեւան: Սակայն Հայաստանի տարածքից նրա դուրս գալու մասին տեղեկություններ չեն եղել։ Ֆրանսիայի իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ Մարոկկոյում կալանավորված Գեւորգ Խաչատրյանը սպանել է Մ. Հարլեյին եւ մարմինը թաղել է իր տան այգում։

Հայաստան ժամանեցին Ֆրանսիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Ստեֆան Ռոպերսը եւ Դամիեն Ռոերիկը, որոնք մասնակցեցին քրեական գործի շրջանակներում կատարված քննչական գործողություններին, ստացան գործով ձեռք բերված բոլոր ապացույցների պատճենները:

Վերջին անգամ տիկին Հարլեյին տեսել էր ատամնաբույժ Բենսուսանը, որը հայտնել է, որ 2011թ. դեկտեմբերի 6-ին Հարլեյն իր մոտ է եղել`բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն չի եկել հաջորդ հանդիպմանը, որը նշանակվել էր 2012թ. հունվարի 12-ին, ժամը 17.30-ին:

Սպանության մեջ մեղադրվողը զոհից փոքր էր երեսուն տարով:

Գ. Խաչատրյանը մոր եւ եղբոր` Արտակի հետ բնակվել է Թաիրով-Փարաքար գյուղում: Վերջինս հաշվառված էր ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում»՝ «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ եւ ստանում էր հոգեմետ դեղեր: Գ. Խաչատրյանը 1999թ. արտագնա աշխատանքների նպատակով մեկնել է Եվրոպա, 2000-2005 թթ. գտնվել է Շվեյցարիայի Բազել քաղաքում, աշխատել է նույն քաղաքում որպես «Բոդենշաց» նկարչատան տնօրեն։ Գ. Խաչատրյանը 2006թ. գտնվելով Մարոկկոյի Թագավորությունում՝ գործնական հարաբերություններ է հաստատել Ժանին Բոդենշացի հետ։

Մարոկկոյի Թագավորությունում նա ծանոթացել էր Մոնիկ Հարլեյի հետ, ով Մարոկկոյում զբաղվել է տների առք ու վաճառքով։ Այդ նույն ժամանակահատվածում փոխհարաբերությունները Ժանին Բոդենշացի հետ լարվել են եւ Թագավորության քաղաքացու բողոքի հիման վրա տեղի դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 1 տարի ժամկետով ազատազրկման։ 2010թ. նոյեմբերի 2-ին ազատ արձակվելով պատժի կրումից՝ Գ. Խաչատրյանը հանդիպել է Մոնիկ Հարլեյին եւ վերջինիս հետ շփման ընթացքում, ըստ գործում առկա դատահոգեբանական փորձաքննության եզրակացության. «Գ. Խաչատրյանն իր անհատական-հոգեբանական առանձնահատկությունների, մասնավորապես, նպատակաուղղվածության, ձեռներեցության, խորամանկության, իրավիճակային հարմարվողականության եւ շահամոլության արդյունքում, Մ.Հարլեյի մոտ իր հանդեպ ձեւավորել է փոխադարձ վստահություն եւ համակրանք»։ Վստահությունն այն աստիճանի էր, որ Խաչատրյանը Մ.Հարլեյի՝ Մարոկկոյից բացակայելու ժամանակ բնակվել է նրա բնակարանում։

2011թ. Գ. Խաչատրյանը որոշել է վերադառնալ Հայաստան, այդ մասին տեղեկացրել է իր եղբորը` Արտակին։

Նա 2011թ. դեկտեմբերի 12-ին Մոնիկ Հարլեյի հետ «Արմավիա» ավիաընկերության Կասաբլանկա-Փարիզ-Երեւան 102 չվերթով ժամանել է Հայաստան։ Մեր «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորել է Արտակը, ում եղբայրը ներկայացրել է որպես իր գործընկեր։ Արտակն իր «Մերսեդեսով» ուղեկցել է իրենց գյուղի տուն։ Միասին շրջել են, եղել են Փարաջանովի տուն-թանգարանում, օրեր հետո խմել են շամպայն, կոնյակ։ Գեւորգը խոհանոցի կահույքի դարակից վերցնելով եղբոր հոգեմետ դեղահաբերից թվով 3 եւ ավելի հաբ, մանրացրել է եւ գաղտնի լցրել ֆրանսուհու շամպայնով լցված գավաթի մեջ, «հյուրասիրել» է նրան: Հետեւել է, որ միամիտ ֆրանսուհին բաժակն ամբողջությամբ պարպի: Սպանել է նրան, հետքերը թաքցնելու նպատակով խորդանոցից վերցրել է բահը, քլունգը, տան հետնամասում գտնվող հողատարածքում եղեւնիների տակ նախկինում փորված փոսը փորելով մեծացրել է, դիակը դրել փորված փոսի մեջ ու թաղել։ Ըստ գործի նյութերի, նրանց դիմավորած եղբայր-«գործընկերը» հաջորդ օրը, երբ հարցրել է՝ ուր է ֆրանսուհին, եղբայրը պատասխանել է՝ գիշերը վիճեցինք, տարա հյուրանոց։

Դրանից հետո մի որոշ ժամանակ բնակվել է նախկին կնոջ բնակարանում, պատճառաբանելով, թե եղբայրն առողջության հետ կապված խնդիրներ ունի: Ի դեպ, հիշյալ տունը գրավ են դրել, ստացված գումարի մի մասով փակել Գեւորգի ընտանիքի պարտքերը, մնացած գումարը վերցնելով, երկու անչափահաս երեխաներով մեկնել են Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաք՝ բնակվելով զոհի բնակարանում։

Հենց Մարոկկոյի Մ.Հարլեյի բնակարանում էլ նա ձերբակալվել է «համակարգչի եւ ինտերնետի միջոցով Մ. Հարլեյի բոլոր ֆինանսական ակտիվների փոխանցման փորձ կատարելու ժամանակ», դատապարտվել է եւ պատիժը կրել Մարոկկոյի Սալայի տարածքային քաղաքացիական բանտում։

Հավելենք, որ Մարոկկոյի Թագավորության արդարադատության եւ ազատության նախարարության 2014թ. դեկտեմբերի 30-ի «հանցագործի արտահանձնման հրամանագրի» համաձայն, Գեւորգ Խաչատրյանն արտահանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

Ամբաստանյալ Գ. Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է. «Դեպքը եղել է, ընդունում եմ, ես ցույց եմ տվել վայրը։ Ավելին չեմ արել, չեմ բերել Մ. Հարլեյին Հայաստան` որ սպանեմ, այլ բերել եմ գործ սկսելու, հիմնելու համար: Ես մեղավոր եմ` մեղք եմ գործել, չեմ ցանկացել նրա մահը, բայց…։ Սրտանց` ինձ մեղավոր չեմ ճանաչում, միակ մեղավորությունս այն է, որ ոստիկանություն չեմ հայտնել, բժիշկ կանչել։ Ցույց եմ տվել դիակի տեղը, խիղճս հանգիստ է։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես վատ մարդ եմ։ Իմ անունով ոչինչ չունեմ, նյութապաշտ չեմ, շահամոլ չեմ։ Ես խաբեբա չեմ, արագիլի նման գնացել, բերել, լցրել եմ, տուն եմ առել մորս, եղբորս համար, բացարձակ մենակ եմ, ապրել եմ բնում, տխուր մարդ եմ, լացելով եմ մեծացել։ Ո՞վ մեղք չի գործել կյանքում, իր խիղճը, հոգին բարոյական է, անպատկառ կյանքով է ապրել, գայթակղվել, բայց հետ է կանգնել, խնդրում է հավատալ։ Շնորհակալ եմ, Աստված թող ների ինձ։ Իմ մեղքով է, որ այստեղ եմ, այս վիճակում, ես եմ մեղավոր։ Օտարությունը ես չեմ սիրում, պետք չէ հավատալ ոչ մի թղթի։ Խնդրում եմ պատժել` իմ արածի համար, ներողություն եմ խնդրում, հասկանում եմ՝ ներողությունը` քիչ է ասված։ Միգուցե ինձ չներեն։ Թող իմ դատն արվի բարությամբ, հարգում եւ սիրում եմ բոլորին, շնորհակալ եմ բոլորից, Աստծուց եմ շնորհակալ։ Միայն Աստված գիտի, թե ինչ փորձությունների միջով եմ անցել։ Խնդրում եմ ներողամիտ լինել»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031