Հուսահատ կանչը ծառուտում էր (պատմվածք)

Հուսահատ կանչը ծառուտում էր (պատմվածք)

Կվա, կվա… Պատասխանն ուշացավ: Երկարոտնը թեթև ցատկով հեծավ կոճղարմատին: Կվա, կվա, կվա,-այս անգամ կանչեց երեք անգամ, հետո հայացքը խավարին՝ ականջ պահեց: Նույն աստղկեն երկինքն էր, հեռվից եկող նույն շնահաչը, տերևներն էլի սյուքից հազիվ լսելի սվսվում էին, ծղրիդը ձայնը դարձյալ ականջն էր գցել, ուրիշ շշուկ չկար, Ճերմակփորիկը չէր արձագանքում: Երկարոտնը շրջվեց Նախավկա սարի կողմը: Հյուսիսային աստղը հիմա մատուռից ձախ էր, գմբեթին հավասար: Ուրեմն՝ առնվազն կես ժամ ննջած կլինի: Այդ միջոցն էլ օգտագործել է Ճերմակփորիկը: Գիշերով է ճամփա ելել, որպեսզի հասցնի կանաչած առու գտնել, այլապես արևից պրծում չի ունենա: Թե ինչ ուղի ընտրած կլինի, ևս գիտեր. միասին հաճախ էին քննարկել, տվել-առել երթի մանրամասները: Նրան այդ թեման ընդհանրապես չէր գրավում, գերադասում էր գալիքի մասին ամենևին չխոսել, չմտածել, սակայն խուսափել, միևնույն է, չէր լինում. գիշեր-ցերեկ նույն հորդորներն էին, տագնապահույզ, վհատեցնող նույն խոհերը, տրամաբանական նույն փաստարկները, որոնց հետ հաշվի չնստել, որոնք նկատի չառնել չէր կարող:

-Այստեղ մնալը մահ է,-շարունակ կրկնում էր ճերմակփորիկը:

-Անցյալ տարի ևս նույնն էիր ասում:

-Եվ ճիշտը ես էի: Շերեփուկներիցս քանի՞սը մնացին:

-Ոչ մեկը:

-Տեսնու՞մ ես: Կմոռանա՞մ չորացած տիղմի ճաքերում մահ գտած որբուկներիս. երբեք:

-Բայց մենք, հո, կա՞նք, ողջ ենք:

-Թե պատահական տեղատարափը չլիներ, մենք ևս աշխարհին մնաս բարով կասեինք:

-Անձրևային տարի է սպասվում:

-Մեկ է, այս ամայացող ձորում կյանքը մեռնում է, խոտ, խոնավություն չկա: Էս մի բուռ  ծառն էլ վերացավ, վերջ՝ օձն ու կարիճն առապարից կիջնեն: Մոռացե՞լ ես հերվա իժին: Թե խրտնած հորթերի բոռոցը չլիներ, վրան ընկած ստվերի պատճառով սողունը չթեքեր հայացքը, այդպես էլ տեղումդ մեխված կմնայիր:

Ոտնաձայն առնելով՝ Երկարոտնը գլխիվայր սուզվեց ջուրը, անաղմուկ լողաց ջրափոսի հեռավոր անկյունն ու դուրս եկավ պռնկին կախ ընկած գուղձի տակ /մշտական թաքստոցն էր/: Նկատվելու վտանգ չկար, բայց թե՝ սովորություն էր, մյուս կողմից՝ մարդուց ամեն բան սպասելի է, մեկ էլ տեսար բահը վրա բերեց ու, հենց այնպես, հավեսի համար երկու կես արեց: Դե եկ ու իմացիր՝ կռռո՞ցդ դուրը չեկավ, չլմփո՞ցը, որ ջուրն ընկնելիս հանեցիր, թե՞ նայվածքդ, ինչը, իբր, կենդանությունից զուրկ է, շփոթեցնող:

Մարդը հասնելով բարդիներին՝ ձեռքի վարժ շարժումով ջուրը շպրտեց ծխախոտը, որը թույլ  թշշաց, կռացավ, սկսեց շոշափել ծառաբունը: Փնտրածը չգտնելով, թե չգոհանալով՝ անցավ մյուսին: Ձեռքին բան կար բռնած, բայց ինչ՝ Երկարոտնը չէր տեսնում: Դը՜խկ… Հանկարծ մի թնդյուն տարածվեց օդում, չհասցրած մարել, լսվեց երկրորդը՝ առավել ուժգին, հատու: Խուճապահար՝ Երկարոտնը սուզվեց խորքերը, սակայն ձայնը ջրում ևս, անգամ տիղմի տակ, ուր վերջին պահին թաքցրեց գլուխը, հասնում էր: Չէ, ճիշտը Ճերմակփորիկն է, և մայրը նույնպես, որ դեռ այն տարիներին, երբ խոտն առատ էր, իսկ առվին կտրվել չկար, առաջարկում էր ջուրն ի վեր ընթանալով՝ հասնել ակունքներին: Երկարոտնը, թեև ոչ բոլոր մանրամասներով, հիշում էր ընտանեկան խորհուրդը, որ գումարվեց Ճահճաղբյուրի կանաչուտում: Ծնողներն էին, պապն ու էլի մի տասնյակ երիտասարդ գորտեր՝ իր քույր-եղբայրները, բայց ոչ սերնդակից և իրենք՝ պոչատ, դեռևս անանուն: Մայրը պատճառ էր բերում ջրամբարը, որ վերևներում էին սկսել կառուցել:

-Դա մեր փրկությունն է,-ընդդիմանում էր հայրը,-ամառ-ձմեռ ջուր կունենանք:

-Չէ, մի կարծիր: Տարիներ է տևելու, ու դեռ հարց է՝ հետո խողովակների մեջ չե՞ն առնի:

-էհ, մենք էլ ճահճուտում կապրենք: Ջուրը կա, մարդ-անասուն խուսափում են ոտք դնել, մոծակը՝ ինչքան ուզես:

-Հերիք է Նախավկա առուն ցամաքի, ճահիճը կչորանա: Սա վերևի ջուրն է, ծծվում է, ներքևը դուրս գալիս:

-Այդպես ո՞նց կլինի,-բորբոքվեց ավագ եղբայրը,-մարդն անտե՞ր կթողնի ձորը:

-Ժամանակները փոխվել են, մարդը՝ առավել,-պապն էր:

-Բա ծառերը, միրգը, խոտը… Ափսոս չե՞ն:

-Հիմա նա հեշտի է վազում: Նոր այգի կհիմնի ցորենարտի տեղում: Հարթ, մշակած հող…

-Ուրեմն ի՞նչ՝ այս գեղեցկությանը մա՞հ է վիճակված, կգա օր, որ չե՞ն լինի ծառերը, մասրենին գարնանը հարսնաքող չի՞ հագնի, զարդարի քարափը, կաքավները սերմ ժողվելու համար չե՞ն իջնի ցած, օրնիբուն չի՞ երգի առուն, աղմկի Չռիկը:

-Դե, դե, այդքան հոռետես պետք չէ լինել,-տեսնելով տխրեցին՝ իրար անցավ հայրը: -Պապն ի՞նչ ասաց՝ մարդու բնույթը փոխվել է, նրա շինած պատնեշը ջուր չի պահի,-հետո ոգևորվեց,-այս առվին ցամքել չկա: Հազար, չորս հազար տարի այստեղ մարդիկ են ապրել: Հապա բերդն ու մատու՞ռը՝ լեռան կատարին, ջրաղացնե՞րը, որ բանել են ձորում… Հեքիա՞թ է՝  Սուրբ Նախավիկի տանիքը, ասում են, սկզբում ողջ եղնիկի կոտոշներով էր պատած, ագուցել են մեկը մյուսին, հյուսել…

-Բայց ու՞ր է, ու՜ր: Չէ՞ որ նույն ավանդությունն ասում է՝ շրջակայքը բոլոր, ձորի զառիկող լանջերը անտառապատ էիn, հոսողն էլ առու չէր, ու էդ զմփզմփան գետից էին ջուրը բերդ տանում:

-Գյուղ էլ է վերևի տափարակում եղել, պտղատու այգի նույնպես, փտած արմատները, փլփլած պատերը կան, մնում են: Ու ճամփան, առվի հետքը՝ նմանապես: Ինչպե՜ս են կարողացել բարձրացնել:

-Ամեն ժամանակ գեղեցիկ է յուրովի:

-Համաձայն եմ, եթե… Բնազդ ասվածը մեր տեսակը ևս ունի: Ես ձեզ ասում եմ՝ այս ձորի աստղը շրջվել է ու դժվար ուղղվի:

Ուղեղում դաջվել է և պապի խոսքը, որից հետո խորհուրդը շարունակելը դարձավ անիմաստ:

-Ծննդավայր լքելը մահից վատ է. թեկուզ դրախտում՝ օր չես ունենա, կարոտը ներսից կծվատի /նա Մեծ գաղթին էր մասնակցել ու գիտեր՝ ինչ ասել է տեղահանություն/:

Այդպես մնացին: Հիշողությունների գիրկն ընկած՝ Երկարոտնը մոռացել էր շրջապատը, անջրպետվել աշխարհից: Ձեն-ձուն չկար, ու նա դուրս հանեց գլուխը: Մարդը ծնկել, լապտերի լույսը պահել էր բարդուն: Բունը բոլորակն կտրված էր, սակայն ոչ այնքան, որ ծառն ընկնի: Երկու քայլ հեռու ճերմակին էր տալիս մեկ այլ հաշմ ծառաբուն: Կողքին կացինն էր: Առժամանակ անց մարդը լուսաշիթն ուղղեց մեկ այլ բարդու, իսկ երբ կիսախավարը պարուրեց, ու վերստին լսելի դարձան կացնազարկերը, Երկարոտնը ոտքի ելավ: Թեք լանջով առաջանալը, անշուշտ, հեշտ չէր՝ ճաապարհը փակում էին քարերը, սորուն հողը, ճյուղերը: Մինչ կմոտենար, մարդը դադար տալով՝ ծխախոտ վառեց: Փոքրամարմին էր, նիհար: Թե՞ տպավորությունն էր խաբուսիկ՝ հաստաբուն ծառերի կողքին… Կարծես ճանաչում է: Այդպես էլ կա: Ձորաբերանի երկրորդ տունը նրանն է, շատ է տեսել իրիկունները գառն ու հորթը հավաքելիս:

Այգաբացը մոտ էր: Ուրվագծել սկսեցին ձորագլխի քարակարկառները, մասրենու հատուկենտ թփերը, խռնդատի ցողունները: Սառնություն կար օդում, ծառուտը սրսփում էր, հատուկենտ թռչուններն արդեն-արդեն թոթափում էին քունը: Մարդը հայացքը գցեց երկնքին, ձեռքը, որ դեպի կացինն էր գնացել, ետ եկավ, գրպանից դանակ հանեց: Ծալովի էր, լայնշեղբ, բունը կեղևելու համար՝ հարմար: Կացնի հետ չէիր համեմատի, փոխարենն անաղմուկ էր, ուշադրություն չգրավող: Դանակը մի քանի պտույտ կատարեց բնի շուրջը, կտրեց կեղևի վերին, ապա և խցանաշերտը, հասավ լուբային թելիկներին, պատռեց կամբիումի թաղանթն ու դեմ առավ բնափայտին: Շեղբը նույն շրջանը գործեց այս անգամ փոքր ինչ վերևում, այնուհետ մարդը ձիգ տալով պլոկեց կեղևը, չանջատվող տեղերը տաշտշեց՝ զրկելով սաղարթը արմատներին կապող կենսատու երակներից, առվից մի քանի անգամ բռով տիղմ բերելով՝ քսեց լպրծուն բնափայտին, հողը, տերևը հիմքի մոտ կուտակեց, հավաքելուց հետո տաշեղները թաքցրեց քարի ճղոնում, չորացած ոստեր շաղեց, ապա իջավ, ջրափոսում մանրակրկիտ լվաց ձեռքերը:

Երբ ոտնաձայները մարեցին, Երկարոտնը մոտ գնաց: Թաց փայտի հոտը աչք, ռունգ էր կսկծացնում: Ամեն բան պարզ էր. մարդը չորս ուղիղբուն, վիթխարահասակ ծառ խեղել էր, որպեսզի չորանան ու թաքուն էր եկել, գիշերով՝ օտար աչքից խուսափելու համար և քողարկեց կեղևն ու տաշուքը՝ զգուշանալով լղճոր արարքի հայտնաբերումից: Համա թե գիշեր է, համա թե օր է բացվում: Ներսը պղտոր էր, չկար ամենօրյա հիացումը բնության արթնացումից, երբ աչքի առաջ խավարը լուծվում էր, ու ցող նստում երեքնուկին, երբ տեսնում էր լույսի, ստվերի խաղը տերևների մեջ ու դարձյալ բաներ, որոնք կենդանի ամեն արարած, յուրաքանչյուր տեսակ յուրովի է զգում: Լիներ՝ ինչպես հեքիաթներում է. տիրապետեր մարդկային խոսքին, դեն նետեր լորձնոտ կաշին, կտրեր մարդու ճանապարհն ու ասեր՝ ի՞նչ արիր, աշխարհը մենակ քեզնով չէ, միայն դու չէ, որ արևի տակ լինելու իրավունք ունես: Կհասկանա՞ որ: Ինչպե՞ս անի հապա, ինչ կերպ տեղյակ պահի կատարվածի մասին, իր կռռոցն ո՞վ կհասկանա, ո՞վ ձեռք կմեկնի:

-Կվա՛, կվա՛, կվա՜,- հուսակտուր կանչը ծառուտում էր, հետո ցածից լսվեց՝ ջրափոսից ու երկար չէր լռում:

Ցողը ցնդեց շուտով, մողես երևաց, բացվեց գյուղեզրի առաջին պարտեզի դռնակը, ու գառ, հորթ ձորը լցվեցին: Նրանցից վախենալու պատճառ Երկարոտն առայժմ չուներ: Կեսօրին ուրիշ է: Երբ շոգը նեղի, վրա կտան ջրափոսին, մեկմեկու քամակ մտած կմակաղեն հենց ափին: Հորթերը, հո, սիրում են կրճելուց հետո իրար տալ տիղմը: Բա սագերը, որ, հրեն, առվի ցամաքած հունով, գլաքարերին գայթելով գալիս են: Հերիք է միամտվեցիր, կկտցեն, այն էլ ինչ ուժով: Լավ է, գուղձը կա, պահվում է: Տխմար բաներ են բոլորն էլ, ոչխարը՝ մանավանդ: Մարդու փեշի տակ չե՞ն ապրում, նրա ստրուկը չե՞ն՝ ճորտամիտ, ողորմելի: Նրանք ավերեցին ձորը: Ձյունը քաշվեց, թե չէ՝ առավոտից իրիկուն, մինչև խոր աշուն, մինչև ճերմակ սփռոցի ծալքերի բացվելն այստեղ են: Էլ կանա՞չ ծիլ կտա, ծա՞ռ կաճի, եթե կրծեն ու կրծեն, եղած-չեղածն առնեն կճղակի տակ: Անդոն պիտի լիներ՝ պահակ Անդոն: Չգոռար, ձայն չհաներ, պարզապես անթացուպերին հենված  մնար աղբյուրի գլխին, տեսնեմ երեխա՞ կհանդգներ ձորը մտնել, ջրվորն արահետից կթեքվե՞ր, հավ ու ճիվ, անասունն էդ կողմերը կքշե՞ին…

Խոտը ելնում էր, ծածկում քարերը, ծաղկի, կանաչի, սնկի շատությունից օդը ծանրանում էր, մամուռ բռնում ծառաբներին, սերմը, կորիզը ծլարձակում էին, բարձրանում, փայտփորիկը զարկում-զարկում էր բնին, նապաստակը խլշտորում շրշյունից: Ջուրն էլի սակավ էր, բայց թե՝ տեր կար, ու խոնավությունը մնում էր ձորափում, բոլ-բոլ էր: Հետո գալիս էին հնձվորները: Գերանդիները սվսվում էին, մանգաղը պտույտ էր տալիս ծառի շուրջը, քարերը վերստին արևերես հանում, իսկ խոտին, երգ ու ծիծաղին պրծնել չկար: Ձորը մեքենայի ճամփա չուներ, և փոցխածը խուրձ-խուրձ տանում էին, կիտում այնպիսի տեղ, որ հետո ավտո կարողանան մոտեցնել: Նրանք գնում էին, ու ծործորն էլի, ծառուտը հավքերինն էին, իրենցը: Անդո՜… Ծիրանը հասնում էր, կաթում ծառից, որդնկեր խնձորն ընկնում էր, գլորվում լանջն ի վար մինչև ջուրը, թե դեմ չառներ քարին, չլռվեր խոտերում: Երեխաները ֆռֆռում էին, պռունկը հողում թաղված ջրաղացքարին նստած պլշտորում, մինչև թույլտվություն ստանան առաջ գնալու:

-Ժողվեք, բայց որ ծառին վնաս տվիք, քար թալիք ճյուղերին…

Ախ, Անդո՛, Անդո՛… Մի ոտքով ո՞նց կհասնեիր էդ բոլուքին, դրանք, չէ՞, մի շնչի մինչև Սլլան քար էին վազում, աչքդ ճպեիր, Ճգնավորի անձավում էին, դրանց մերը զույգ բերի: Բայց մեկ է, քո ահից… Հերիք է բղավեիր, բոլորը ծակամուտ էին լինում: Քամին, քամին անգամ պապանձվում էր: Մեկնումեկը կհամարձակվեր ընկուզենու, բարդու բնին անու՞ն փորագրել, ճիպո՞տ կտրել: Վերջին անգամ, երբ վերքդ բացվել էր ու քեզ քաղաք տարան վիրահատելու, դրանք սիրտ առնելով՝ սկսեցին Չռիկը լողանալու գալ, ծառերը մագլցել: Օգոստոսի կողմերը առանց տուն ոտք դնելու որ ձոր չմտար․ /կարոտել էիր/ ու, հիշում եմ, որ չբղավեցիր, լողացողները Նախավկա սարը դեմ տված ելան, բարդուտում «Տարզան» խաղացողները Բելի զինվորների պես՝ ով որ կողմ նայում էր, այդ ուղղությամբ փախավ… Էլ չգիտեիր, որ քեզ, օգտվելով բացակայությունիցդ, ազատել էին պահակությունից. հաստիքի կրճատում էին արել: Մի ձմեռ էլ չապրեցիր: Համոզված եմ՝ կսկիծն սպանեց, ոչ թե վերքը: Քեզնից հետո ո՞վ, ո՞վ պիտի զսպեր նրանց, գարնանը ծործորն ի վեր, բացուտներում մրգատու ծառ տնկել տար, հեղեղատում՝ բարդու, ուռենու շիվ, ջրվորներին ստիպեր բանտած պահել առուն, որպեսզի ձնհալի, անձրևաջրերը ցած փախչելով՝ ակոս չբացեին ձորի կողերին, տանեին սրսուռ հողն ու երես հանեին արմատը, լեռնապարը: Ու՞ր ես, Անդո՜…

Եկա՜ն: Հերիք է ծառի ծերին մի պտուղ տեսնեն, մինչև մեկնումեկը ցած չբերի, չեն հանգստանա: Թե քարով, փայտով չկարողացան, ճղակոտոր կանեն: Խեղճ ծառերի վրա հալ չի մնացել, չես ջոկի մայր բունը որն է: Թռչունները, հո, դրանց ահից ճյուղերին բույն չեն հյուսում. որի գրպանը շրջես, պարսատիկ է:

Տղաներից մեկը քար շպրտեց: Այն դիպավ հողաթմբին, ոստնեց մյուս ափը: Ջուրը լցված սագերը, գլխի չընկնելով ինչ է, ֆշշացին: Մի նոր քար ֆռռոցով եկավ, զարկվեց դիմացի կարկառին, կայծ հանեց: Արդեն  նետում էին ում ձեռքն ինչ ընկնում էր՝փայտի կտոր, հողակոշտ, քար, խռիվ: Սագերը խառնվել իրար, կռկռում էին, սուլում, թռչնավարի հիշոցներ տեղում, իսկ երբ տեսան հախուռն վազող տղաներին, դեսուդեն փախան: Մեկը, չկարողանալով թումբը ելնել, գլորվեց ջուրը, սկսեց ճղճղալ, հետո թևքերը փռած՝ անցավ հակահարձակման: Իրարանցման մեջ մեջ ոչ ոք չլսեց խուլ թմփոցն ու խորդյունը, որ թմբի տակից եկավ. պատահական մի քար դիպել էր Երկարոտնին: Նա փորձեց կառչել անանուխի փնջերից, բայց չկարողացավ ու հազիվ հասցրեց ծնոտը վրա բերել, որպեսզի օդի պաշարը, շնորհիվ ինչի մնում էր ջրի երեսին, դուրս չգա: Ընթացքում էլ ալիքը, որ թափվող քարերն էին հանել, նրան դուրս բերեց բաց տարածություն:

-Տղերք, գորտ…

Հրահանգը՝ միայն պարսատիկով գործելու մասին, հրապուրիչ էր: Տղաները մեկմեկու հրմշտելով՝ առվի հունից քարեր հավաքեցին: Ու… սկսվեց: Երկարոտնը ցավ չէր զգում: Ինչպես վրահաս ցրտերի ժամանակ, երբ արագորեն սառչում էր արյունը, անհաղորդ էր շրջապատին, իսկ մտքով հեղեղատն ի վեր ընթանալով՝ հասել էր Սլլան քար, շավղով բարձրացել Ճգնավորի տափարակն ու, շրջանցելով ավերակ Շենիկը, կանգ առել Քառասնաջրի կանաչուտում, որտեղ անձկանքով նրան էր սպասում Ճերմակփորիկը, ուր առատորեն բխող աղբյուրներն էին, փարթամ ճահճախոտը:

Քարերի տարափը վերջացավ: Գորտը, ոտքերը չռած մեկնվել ջրին, տարուբերվում էր: Տղաներից մեկը ծանր գլաքար գրկած՝ ելավ թմբին, դժվարությամբ բարձրացրեց գլխից վեր ու շպրտեց ուղիղ նրա վրա:

Վերևում մատուռն էր՝ խաչը երկնքում թաթախած, և լույսն էր առատ, ու արեգակն էր շողում:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աթանես Ստեփանյան says:

    Արամ ջան, կարդացի կարեւորը միտք կա, կարդա Ջեկ Լոնդոնի ,,Մարտին Իդեն,, վեպը, հետո նորից քո պատմվածքը խմբագրիր, հետո ուղարկիր ինձ, դու ապագա ունեցող մարդ ես, չմոռանաս

    • Արամ says:

      Շնորհակալ եմ, Աթանես, արձագանքելու համար: Վերստին կարդացի: Մի տեղ ԿԱՆԱՉԱՓ-ը խմբագրությունը դարձրել է ԿԱՆԱՉԱԾ, մեկ այլ տեղ ՈՂՋ-ի վրա կետադրական բութն է պակասում, ինչի պատճառով, միտքը, թերևս, սխալ ըմբռնվի, վրիպակ ևս կա՝ ԷԻՆ-ի փոխարեն, ԷԻՈ է գրված, ԲՈԼՈՒՔ-ը Կ-ով պետք է լինի, ՉՌԻԿ-ը մի տեղ մի Ռ-ով է, մեկ այլ տեղ՝ երկու… Ցավոք, հեղինակը իր գրածի մասով վատ խմբագիր է, որովհետև միտքը գրելուց ետք ավտոմատ է գործում, վազքի մեջ, և սխալները, վրիպակները կարող է չնկատել: Ինչևէ:
      Ջեկ Լոնդոնի հիշյալ վեպը երկու անգամ կարդացել եմ: Չհասկացվեց վերստին ընթերցելու առաջարկը: Գլխավոր հերոսի կյա՞նքը ինչ-որ բան պիտի հուշի, թե՞… Պատմվածքին մոտ նկարագրություն նրա մոտ, որքան հիշում եմ, չկա:
      Ի դեպ, եթե պատմվածքն ուղղումներով ուղարկելու լինեմ, մեյլ է պետք: Ֆեյսբուքում կամ, եթե ձեր ինտերնետային հասցեն ուղարկեք, և կարիք զգաք, հղում կանեմ, իսկ եթե ինչ-ինչ բաներ էլ դուք եք նկատել, հուշումի համար երախտապարտ կմնամ: Վերստին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք