Մեր փողոցների անունները

Մեր փողոցների անունները

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վերջերս նաև մեր փողոցների անվանումների հետ կապված է ելքեր առաջարկել: Առաջարկվում է փոխել Լենինգրադյան, Կասյան, Ամիրյան և այլ փողոցների անվանումները: Դրանց մեջ առաջին հերթին բոլշևիկների անուններով կոչվող փողոցներն են:

Առավել շատ է շեշտվում մայրաքաղաքի Ամիրյան և Կասյան փողոցների անվանափոխության անհրաժեշտությունը: Մոռացողներին հիշեցնենք, որ Հայաստանի անկախությունից հետո այս երկու փողոցների անվանումներն էլ փոխվեցին, բայց քաղաքացիները շարունակում էին տվյալ փողոցներն անվանել Ամիրյան ու Կասյան:

Ինչո՞ւ Վռամշապուհ արքայի անունը «չկպավ» Ամիրյան փողոցին: Իմ համեստ կարծիքով՝ ոչ թե պետք էր Ամիրյան փողոցը վերանվանել «Վռամշապուհ արքայի» փողոց, այլ պարզապես «Վռամշապուհի» փողոց: Չէ՞ որ ասում ենք՝ Խորենացու փողոց, այլ ոչ թե՝ «Խորենացի պատմիչի», և նմանապես՝ «Տիգրան Մեծի» պողոտա, այլ ոչ թե «Տիգրան Մեծ արքայի»: Եվ ամենակարևորը. աչքաթող չպետք է անենք այն փաստը, որ մենք շատ վատ գիտենք մեր Վռամշապուհ արքային: Դա հիմնականում մեր պատմաբանների և մեր դպրոցներում հայ ժողովրդի պատմություն դասավանդողների թերացումն է, թերևս նաև՝ «Հայ ժողովրդի պատմության» հեղինակների:

Ցավոք սրտի, մենք հիմնականում ու համեմատաբար լավ գիտենք մեր այն թագավորներին, որոնց անդրադարձել են մեր գրողներն իրենց պատմավեպերում (Աշոտ Երկաթ, Պապ թագավոր, Արշակ 2-րդ…): Ինչ վերաբերում է մեր փողոցների անվանումներին, կարծում ենք, որ մեր բոլոր թագավորների անուններով էլ պետք է փողոցներ լինեն:

Փողոցների անվանումների թեման միանգամայն մատչելի ու միանգամայն լայն սպառման թեմա է, և զարմանալի կլիներ, եթե այս թեմայով քննարկումներին չմասնակցեին տարբեր խավերի ներկայացուցիչները, ինչպես նաև մտավորականությունը:

Մասնակցեցին. յուրաքանչյուրը՝ յուրովի: Ասացինք, որ փողոցների անվանումների թեման միանգամայն մատչելի ու միանգամայն լայն սպառման թեմա է, միևնույն ժամանակ՝ միանգամայն վտանգավոր:

Վտանգավոր այն իմաստով, որ եթե այս թեմայի շրջանակներում անկեղծանամ ու ինքս էլ անկեղծորեն կարծիքս հայտնեմ, հնարավոր է՝ չորս կողմից վրա տան: Որովհետև այս թեմայի շրջանակներում բոլորն ամեն ինչ գիտեն, և հատկապես ու առանձնապես գիտեն, թե ով է եղել Կասյանը, և ով՝ Անաստաս Միկոյանը: Ամիրյանի մասին ավելի քիչ գիտեն, իսկ Վռամշապուհ արքայի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն, բայց այդ մասին գերադասում են լռել: Մինչդեռ Յուրի Գագարինի մասին բոլորը գիտեն, բայց քչերը գիտեն, որ Տիգրան Մեծ պողոտայից դեպի «Փեթակ» տանող փողոցը մի ժամանակ կոչվում էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անունով, և առավել քչերն են տեղյակ, որ արդեն բավական ժամանակ է, ինչ այդ փողոցը կոչվում է Քրիստափորի անունով:

Ենթադրում ենք, որ այս Քրիստափորը ոչ թե Քրիստափոր Կոլումբոսն է, այլ կոնկրետ դաշնակցական գործիչ, և եթե սովետական հետախույզ Կուզնեցովի անունով կոչվող փողոցը վերանվանել ենք Քաջազնունու փողոց, դա թերևս հասկանալի է, մինչդեռ անկարող ենք հասկանալ, թե ում ինչ վատություն էր արել Յուրի Գագարինը, որի անունով կոչվող փողոցը վերանվանեցինք Քրիստափորի անունով, մանավանդ որ տեղյակ չենք՝ Գագարինի անունն ընդհանրապես վերացրի՞նք, թե՞ այս պահին առաջին տիեզերագնացի անունով մեկ այլ փողոց ունենք: Ինչ վերաբերում է Քրիստափորին, ոչ թե դեմ ենք նրա անունով փողոց ունենալուն, այլ ընդամենը կարծում ենք, որ կարելի էր նրա անունով կոչել մեկ այլ փողոց՝ մանավանդ որ անվանափոխության ենթակա փողոցները բազմաթիվ են:

Եվ ընդհանրապես՝ չարժե հիվանդագին մոտենալ փողոցների անվանակոչության հարցին: Շատ դեպքերում դրանք ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն, և այդ անունները դրվել են, որպեսզի փողոցներն իրարից տարբերվեն: Չեմ կարծում, որ նկարիչներն ու կոմպոզիտորները պիտի ծանր տանեն այն փաստը, որ Երևանում Գրողների փողոց կա, իսկ կոմպոզիտորների ու նկարիչների փողոց՝ ոչ: Երևանում Ծխախոտագործների փողոց էլ կա. չեմ կարծում, որ գորգագործները պիտի բունտ անեն, որ իրենց անունով փողոց չկա: Փարիզում էլ մի պստիկ Լենինի փողոց կա. չեմ կարծում, թե այդ փողոցի բնակիչները Լենինի գաղափարներով են սնվում և առավոտից իրիկուն Լենինի հատորներն են կարդում:

Փողոցների անունների թեման հավերժական վեճերի թեմա է. մեկի կարծիքով՝ Անաստաս Միկոյանը մեր ազգի համար շատ վատ բաներ է արել, մի ուրիշի կարծիքով՝ շատ լավ բաներ: Լավ է, որ բոլշևիկներին ատողները Մյասնիկյանին ու Շահումյանին են հանգիստ թողնում:

Մեր մտավորականներից մեկն էլ ակնհայտ հեգնանքով ու ոգևորությամբ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, վաղն էլ կարող է նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի անունով փողոց ունենանք: Սույն մտավորականի ոգևորության վրա սառը ջուր լցնելով և Տեր-Պետրոսյանին երկար կյանք ցանկանալով՝ պիտի ասեմ, որ եթե մենք իրոք նորմալ ազգ ենք, ապա մեր առաջին նախագահի անունով փողոց հաստատ կունենանք:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

23.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք