Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՛յ տղա ջան, դուք երբ Սուրիկ Խաչատրյանին ու նրա որդիներին տեսնում էիք, մկան ծակն էիք մտնում». Սամվել Հարությունյանը՝ Գորիսի գործող քաղաքապետին

Սեպտեմբեր 25,2017 18:44

Հայոց ազատամարտի շարքային, ԳՊՀ հայագիտական կենտրոնի գիտաշխատող, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վստահեցնում է, որ նոյեմբերի 5-ին Գորիսում անցկացվելիք Գորիսի և նրա հարակից 11 գյուղերի խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությանը ներկայիս քաղաքապետ Առուշ Առուշանյանին նշանակողները հուժկու հարված են ստանալու և ծանր նոկաուտի մեջ հայտնվելու:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Սամվել Հարությունյանն ահազանգեց` տագնապալի վիճակ է Գորիսում, ինչն էլ ստիպել է իրեն դուրս գալ ասպարեզ: Նա նշեց, թե փորձում է օրինակ ծառայելով՝ ժողովրդին բերել այն գիտակցության, որ պետք է ոտքի ելնել, այլ ոչ թե միայն դժգոհել: Հակառակ դեպքում պարոն Հարությունյանը լուրջ վտանգներ է տեսնում. «Եթե այսպես շարունակվի, ես բացարձակապես կասկած չունեմ, որ շատ մոտ առաջիկայում ազատագրված հինգ տարածքները ոչ միայն վերադարձվելու են թուրքերին, այլև Սյունիքի բնակավայրերի ճակատներին կրկին ադրբեջանական թնդանոթների փողերն են ուղղվելու, ինչպես եղել է 1992-ին: Ցավոք, բայց Հայաստանի թիվ մեկ բարեկամ հորջորջվող Ռուսաստանի` ոչ միայն իշխանությունները, այլ անգամ ընդդիմադիրները մատ են թափ տալիս ու մեզնից պահանջում` ժամանակն է այդ տարածքները վերադարձնելու»:

Սամվել Հարությունյանը լուրջ վերապահումներ ունի Գորիսի քաղաքապետի՝ 26-ամյա Առուշ Առուշանյանի թեկնածության վերաբերյալ: Իհարկե, պարոն Հարությունյանը շեշտեց, թե նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցն իր համախոհը չէ, սակայն նկատեց, որ ինտելեկտի առումով բազում ՀՀԿ-ականներից շատ առավելություններ ունի:

Իսկ թե ինչու է Առուշ Առուշանյանը նշանակվել Գորիսի քաղաքապետ, պարոն Հարությունյանը լուրջ կասկածներ ունի. «26-ամյա Առուշ Առուշանյանը սովորել է թիվ 6 միջնակարգ դպրոցում, որի տնօրենը ժամանակին ես էի: Ուսուցիչներն ասում են տառաճանաչության խնդիր ունի, հոդաբաշխ խոսքին լավ չի տիրապետում: Ես էլ գիտեմ, որ ամբողջ մարմինը` ոտքից մինչև պարանոց, ողողված է տարօրինակ դաջվածքներով: Բացի այդ փախչում է ԶԼՄ-ներից. մի առիթով ասել է, թե միայն գրավոր հարցերի է պատասխանում: Մարզպետ Վահե Հակոբյանը, հասնելով իր բաղձանքին` Վաչագան Ադունցի հրաժարականին, նշանակեց Առուշ Առուշանյանին: Ես ճշտել եմ, որ առևտրային շատ լուրջ շահեր կան այստեղ»:

Հիշեցնելով Առուշ Առուշանյանի խոսքերը՝ Սամվել Հարությունյանին ուղղված, քանի որ Սուրիկ Խաչատրյանն ուզում է, որ իր համախոհը դառնա քաղաքապետ, դրա համար է Սամվել Հարությունյանն ուզում իր թեկնածությունն առաջադրել, պարոն Հարությունյանն ի պատասխան հիշեցրեց այն, որ տարիներ շարունակ Սուրիկ Խաչատրյանի հետ հակամարտության մեջ է եղել ու դիմեց Առուշ Առուշանյանին. «Ա՛յ տղա ջան, դուք երբ Սուրիկ Խաչատրյանին ու նրա որդիներին տեսնում էիք, մկան ծակն էիք մտնում: Պարզապես հիմա աքլորացել եք, իբր պայքարում եք, փրկում եք: Ամոթ է»:

Զրույցի վերջում Սամվել Հարությունյանը նախընտրական մենամարտի հրավիրեց Առուշ Առուշանյանին. «Մենք երկուսս մեկ էջանոց թելադրություն ենք գրելու: Հավաստիացնում եմ, որ իմ թելադրության մեջ գրեթե սխալ չեք գտնի, իսկ եթե Առուշ Առուշանյանի սխալները 200-ից պակաս լինեն, խոստանում եմ ներողություն խնդրել և թեկնածությունս չառաջադրել: Հենց այդ հանդիպման ժամանակ էլ առաջարկում եմ, որ Առուշանյանը գոնե գոտկատեղից վերև մերկանա: Դաջվածքները մարդու էության հայելին են: Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը դա տեսնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը`«Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930