Ռուսական փոցխ՝ անիմաստ եւ անողոք

Ռուսական փոցխ՝ անիմաստ եւ անողոք

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների այցերը Հայաստան, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված տարբեր միջոցառումների, քննարկումների հաճախականության կտրուկ աճը կարծես կոչված են Հայաստանի հասարակության մոտ այն աստիճանի գերդոզավորում առաջացնել, որի արդյունքում չեն կարող ի հայտ չգալ թունավորման ախտանիշներ:

Ավելին, արդեն գործը հասել է նրան, որ Հայաստանի հետ հարցերն իբր «լուծել» են, եւ «եվրասիական դրախտը» թակում է մեր դուռը, կամ հակառակը՝ մենք ենք թակում այդ դուռը, հիմա էլ մասշտաբները ձեռք են բերում տարածաշրջանային ընդգրկում:

Մեկ-երկու ռուս նախարարի երեւանյան այցից հետո, մի-քանի խայտառակ օրինագիծ եւ օրենք երկրի պարանոցից կախելուց հետո Պուտինի ծննդյան օրը Երեւանում ռուսական եկեղեցի բացած՝ Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանի կազմակերպած համաժողովին Երեւան հրավիրվեց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հայտարարեց, որ «եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում, ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵՏՄ-ին»:

Այսինքն՝ պետք է հասկանալ, որ քանի Ադրբեջանը եւ Վրաստանը ԵՏՄ չեն ներառվել՝ խաղաղություն չի լինելու: Վրաստանի մասին պարոն Գլազեւը բան չասաց, սակայն Ադրբեջանի հարցով նա իր ելույթում Հայաստանին մի մեծ «լավություն» խոստացավ, այն է՝ Ադրբեջանի անդամակցությունն այդ ԵՏՄ-ին հետայսու «կախված է» Հայաստանից:

Երեւանում հոկտեմբերի 6-ին նա ասում է, որ «ԵՏՄ ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետև այն դեռ ընթանում է հետխորհրդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու և համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը և լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար: Կասեմ, որ եվրասիական գործընկերության հսկայական նախագիծը, որն այսօր առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր՝ բարեկամական երկրների միավորման միջոց է՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը, հարգելով միմյանց, չմիջամտելով միմյանց ներքին գործերին և որոնելով համատեղ մրցակցային առավելություններ», ապա հավելում, որ «Սա կամավոր միություն է, ոչ թե հարկադրանք, ի տարբերություն Եվրոպական միության»:

Այս բազմաշերտ կեղծիքի «վինեգրետի» բաղադրիչներն իրարից զատելու նպատակով իմաստ չունի պարոն Գլազեւի մտքերն առանձին-առանձին հերքելն ու հակառակ ապացուցելը: Ուղղակի այս ամենի «լրջությունը» պատկերացնելու համար արժե անդրադառնալ ոչ վաղ անցյալին:

2012 թվականին, այսինքն՝ նախագահ Պուտինի երրորդ ժամկետի մեկնարկին, Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ, ըստ որի՝ հետխորհրդային տարածքում, այսպես կոչված, «ինտեգրացիոն գործընթացները» հայտարարվեցին որպես առաջնահերթություն, եւ այդ ժամանակ նորանշանակ Սերգեյ Գլազեւն ի պաշտոնե դարձավ այդ՝ ըստ էության նեոկայսերապաշտական, ռուսական նոր կայսրության «հողահավաք» ռազմավարության տնտեսական բաղադրիչի «գաղափարախոսը»: Սակայն դա չէր խանգարում պարոն Գլազեւին նաեւ զուտ քաղաքական, նույնիսկ ռազմաքաղաքական հարցերով իր տեսլականներով կիսվել հանրության հետ:

Նախ՝ այդ «խաղաղասեր» խորհրդականը ակտիվորեն զբաղված էր Ուկրաինայի դեմ պատերազմի քարոզով եւ հրահրմամբ, ինչի արդյունքում 2014-ին նա հայտնվեց ԱՄՆ պատժամիջոցների անհատական ցուցակներում, ինչից հետո Վաշինգտոնին հետեւեցին ԵՄ-ն, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան:

Մասնավորապես, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը 2016-ի օգոստոսին հրապարակեց Գլազեւի հեռախոսային խոսակցությունները Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում գործող խափանարար եւ զինված խմբավորումների ղեկավարների հետ, որոնցից պարզ է դառնում, որ նա ուղղակի առնչություն ունի նրանց ֆինանսավորման հետ:

Ռուսաստանի այսպիսի «հարգալից» քաղաքականությունն էր, որ Արեւմուտքի մոտ անհրաժեշտություն առաջացրեց պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ: Ընդ որում, Գլազեւը 2016թ. մարտին խոստովանեց, որ երկու տարվա ընթացքում ռուսական ֆինանսական համակարգի կրած վնասը կազմում է ահռելի գումար՝ 250 մլրդ ԱՄՆ դոլար: Իսկ ահա ս.թ. ապրիլին նախկին կոմունիստ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը հուսահատությունից կարծես լիովին տրվում է ինչ-որ տարօրինակ «ուղղափառ» միստիցիզմի եւ հայտարարում, որ Ռուսաստանում տնտեսական աճը կվերականգնվի այն ժամանակ, երբ երկրի քաղաքականությունը եւ տնտեսական համակարգը «հետեւեն Հիսուսի պատգամներին» եւ «մեր ուղղափառ արժեքներին», պնդելով, որ «այդ ժամանակ, վստահ եմ, ամեն ինչ կստացվի»:

Երեւի թե շարունակելն անիմաստ է… Ինչ վերաբերում է այն «հսկայական նախագծին», որը դեռ պետք է մի բան էլ «ընդլայնվի» եւ «կամավոր է», եւ որի հեղինակը Վլադիմիր Պուտինն է, ապա հաշվի առնելով, թե Գլազեւն ինչ որակի խորհուրդներ է տալիս՝ դժվար չէ «դուրս բերել» այդ գաղափարի որակը:

Իսկ հայկական կամ «ռուսահայկական» ջանքերը՝ ուղղված այդ «հսկայական նախագծի» ողջ աբսուրդի ծանրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա բարդելուն, դառնում են ուղղակի զավեշտալի, եւ նույնիսկ Արա Աբրահամյանի նվերը ՌԴ նախագահին Երեւանում ռուսական եկեղեցու տեսքով չի կարող փոփոխություն մտցնել «ուժերի» ստեղծված դասավորության մեջ:

Ահա այն քարտեզը, որտեղ մգեցված են այն՝ ավելի քան 200-ից ընդամենը 11 երկրները, որոնց ղեկավարները շնորհավորեցին Պուտինին ծննդյան օրվա առթիվ:

Երբ պաշտոնական Երեւանը Ռուսաստանի կողմից Ղրիմի «անշլյուսը» դատապարտող բանաձեւին Զիմբաբվեի, Սուդանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի եւ եւս մի-քանի «առաջադեմ» երկրների հետ միասին դեմ քվեարկեց, եւ այդ քայլը մեկնաբանելիս իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում էին ապացուցել, թե դա «բխում է մեր շահերից», քչերն էին համաձայնվում, որ դրանից անխուսափելիորեն Հայաստանի միջազգային համբավը եւ հեղինակությունը դրվելու են լրջագույն հարվածի տակ, եւ որ Հայաստանը դառնալու է այն հազվագյուտ տեղերից, որտեղ Գլազեւի նման միջազգային «իզգոյները» կարող են ոչ միայն գալ, այլեւ գալուց հայերին խելք սովորեցնել: Իսկ հայերից, հատկապես՝ «ռուսահայերից» ոմանք էլ իրենց տիեզերական մասշտաբի բիզնես-նախագծերն առաջ տանելու համար նրանց նույնիսկ կհրավիրեն Հայաստան…

Փոցխը գյուղատնտեսական գործիք է, որը նախատեսված է հնձած խոտը հավաքելու համար: «Կանգնել փոցխի վրա», «կանգնել նույն փոցխի վրա» արտահայտություններով ռուս ժողովրդի բանահյուսության մեջ արտահայտվում է մարդկային հիմարությունը, դասեր չքաղելու ունակությունը: ՀՀ իշխանություն-«ռուսահայեր» երկմիասնությունը վերջին տարիներին անմտորեն հնձում է գրեթե ամեն ինչ, ինչ Մոսկվան իր անիմաստ եւ անողոք փոցխը գցելով գրեթե ամեն ինչ Հայաստանում քաշում է դեպի իրեն՝ առանց մտածելու հետեւանքների մասին: Իսկ հետո կանգնում է այդ փոցխի վրա իրենց հայ «դաշնակիցների» հետ միասին ու հետո զարմանում, երբ «հակահարված» է ստանում… Բայց չէ՞ որ մի հատ էլ կստանա, եւ Հայաստանի հասարակության այս խուլ դիմադրությունը չի՛ կարող այլ վերջաբան ունենալ:

Եվ իրոք, հայտնի ռուս հրապարակախոս եւ քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկու խոսքով՝ «եթե Խորհրդային Միության պատմությունը համաշխարհային մասշտաբի շեքսպիրյան ողբերգություն է, ապա պուտինյան կայսրության պատմությունը գռեհիկ եւ զազրելի գավառական ֆարս է»:

Ռուբեն Մեհրաբյան

«Առավոտ»

10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հայաստանում մոդա է՞ Ռուսաստանին ամեն առիթով փնովելը:
    Պուտինի մեղքով է, երևի, որ դպրոցներում գռեհիկ բարքեր են, իսկ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում համարյա առաջին կուրսեցի չկա, որ Երևանի փողոցները կեղտոտ են և ռաբիզ երաժշտություն է հնչում ավտոբուսներում, որ բերքը ժամանակին չի հավաքվել, իսկ ծխողները շատ են, որ փողոցում անծանոթները իրար հայհոյում են անասուն անվանելով միմյանց, որ շատերը դպրոցն ավարտելուց հետո միանգամից Ռուսաստան են հեռանում, որ որոշ զբոսայգիներում տիրություն են անում համասեռամոլները, իսկ կանայք իրենց սև մազերն ու ունքերը դեղին են ներկում, քթերն էլ վիրահատում, իսկ եկեղեցի մտնում՝ կարճ հագած:
    Միջազգային իզգոյության մասին դատողությունն անելը լավ բան է, սակայն մեկ-մեկ հայելու մեջ ինքզինքը նայելուց հետո:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք