Արմավիրի պատանդառուի ազգականներ. «Արգամը կատաղել էր, որ Լիլիթը էրեխուն հանել էր, տատը դեղ էր տվել՝ վիժել էր»

Արմավիրի պատանդառուի ազգականներ. «Արգամը կատաղել էր, որ Լիլիթը էրեխուն հանել էր, տատը դեղ էր տվել՝ վիժել էր»

Արմավիր քաղաքի մանկապարտեզում երեկ 3-ամյա երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի հարազատները որոշ մանրամասներ պատմեցին Aravot.am-ին:

Թեեւ Հովիկյանի քույրն ու հայրը հրաժարվեցին խոսել, նույնիսկ բնակարանի դուռը չբացեցին, բայց Հովիկյանի այլ հարազատներ, որոնցից մեկն էլ զարմիկն էր, պատմեցին, թե Արգամը վերջին շրջանում անճանաչելի էր դարձել. «Բայց ինքը կատաղել էր, որ Լիլիթը (Արգամի նախկին կինը) էրեխուն հանել էր, աբորտ էր արել: Այսինքն՝ աբորտ չէր արել, Լիլիթը, որ գնացել էր մոր տուն, տատը Լիլիթի բաժակի մեջ ինչ-որ դեղ էր լցրել, Լիլիթն էլ վիժել էր: Արգամը էդ սաղ զապիսներն ունի, ժամանակը կգա՝ ցույց կտա: Տատը Լիլիթին տարել էր իրա ծանոթ բժիշկի մոտ, որ ոչ ոչ մեկ չիմանա: Բայց, առողջ էրեխա էր, բժիշկն էր տենց ասել, ու զարմացել էր, որ վիժել ա: Հետո Արգամը պարզեց, որ տատն ա սաղ արել»:

Արգամի հարազատները Լիլիթի ծնողների այն պնդումները, թե՝ Արգամը թմրամոլ էր, խաղամոլ ու հարբեցող, հերքեցին: Նրանք պատմում էին, որ Արգամը մի անգամ է «կազինոյի» ապարատով խաղացել, այն էլ մինչ ամուսնանալը.«Ինքը թմրամոլ չէր, ինչ պլանքաշ, ինչ բան: Ինքը չէր խմում, ուղղակի շրջապատի տղա էր, որ նստում էին հաց ուտելու՝ էդ ժամանակ, հա, խմում էր: Բայց իրանք սիրով զույգեր էին, ու ինքը Լիլիթին սիրում էր: Լիլիթը թողեց գնաց, երբ Արգամը անկողնային պառկեց, ծանր էր, ի վիճակի չէր աշխատել: Լիլիթն էլ ասեց՝ ես չեմ ուզում սենց ամուսին ունենալ: Հենա ապացույցներ կան, որ Լիլիթն ու Արգամը չաթով իրար հետ խոսացել են, Լիլիթն էլ կյանք էր ասում Արգամին»:

Մեր այցելության ժամանակ Լիլիթը հրաժարվեց պատասխանել այս մեղադրանքներին. Քննիչները նրան հարցաքննում էին: Այս մեղադրանքների շուրջ Լիլիթի պարզաբանումներն ավելի ուշ կներկայացնենք:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Արգամն իր աներոջ մեքենան էլ գրավադրել էր, ու գումարները ծախսել, որը ապացույց է, որ վերջինս խաղամոլ է, ինչպես Լիլիթի հայրն է պատմել, Արգամի ազգականներն այսպես արձագանքեցին՝ «Էդ մեքենան գրավ էին դրել, որովհետեւ Արգամն ու աները իրար հետ գործ էին անում, էդ փողով ապրանք էին բերել՝ ծախում էին»:

Երեկվա դեպքից առաջ Արգամին ազգականները չէին տեսել, սակայն պնդում են, որ ըստ ընկերների պատմածի, նրանց հետ էլ տարօրինակ է իրեն պահել:

Իսկ Արգամի հարեւանները մեզ հետ զրույցում վստահեցրեցին, որ որեւէ տարօրինակ բան Արգամի վարքագծում չեն նկատել. «Մի քանի ամիս է այդ ընտանիքը մեր մուտքում է ապրում, երբեք վատ բան չենք տեսել: Արգամն էլ ամբողջ օրը գլուխը կախ իր ավտոն էր սարքում: Էսքան ժամանակ խմած չենք տեսել Արգամին»:

Հիշեցնենք, որ երեկ Արգամ Հովիկյանը դանակով մտել էր «Մանուշակ» մանկապարտեզ ու պատանդ վերցրել նախկին կնոջը՝ Լիլիթին ու 3 ամյա երեխայի: Ապա` ոստիկանների գործողությունների միջոցով երեխան ազատվել է, իսկ Արգամը ինքնավնասվել: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում:

Մանկապարտեզի տնօրենի՝ Լիլիթի տատի հետ զրույցը, կարդացեք առաջիկայում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք