Թալանի հակասահմանադրական մեխանիզմը նոր թափ է ստանում. Էդմոն Մարուքյան

Թալանի հակասահմանադրական մեխանիզմը նոր թափ է ստանում. Էդմոն Մարուքյան

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածում 2014թ. կատարված փոփոխությունների ուժով՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա գանձման ենթակա դրամական պահանջը 200.000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում (իսկ այդ ակտերի 95%-ից ավելին չի գերազանցում նշված շեմը) գործում է բռնագանձման արտադատական ընթացակարգ: ԱՅԺՄ ԷԼ ՆՈՐ ԲԵՐՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՈՎ ԱՌԱՋԱՐԿՎՈւՄ Է ԱՅԴ ՇԵՄԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԻՆՉԵՎ 500.000 ՀՀ ԴՐԱՄ:

Այսինքն, ինչպես բազմիցս ենք նշել, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի և մի շարք այլ օրենքների ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրենց իրավունքն ու հնարավորությունը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության և ՄԻԵԿ մակարդակով:

Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:

Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջև գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաև սնվում են ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր և այլ կառույցներ:

Գործող կարգավորմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով՝ սահմանված ժամկետները լրանալուն պես վարչական ակտը դառնում է անբողոքարկելի և նույն օրենքի 88-րդ հոդվածի ուժով ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:

Իմ կողմից 2015թ. ներկայացված նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում էր նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով մասնավորապես տուգանքի դիմաց գույքի բռնագրավում և/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են, սակայն հայտնի պատճառներով նախագիծն այդպես էլ օրենք չդարձավ, այժմ էլ քաղաքացիների իրավունքներն էլ ավելի մասշտաբային կերպով ոտնահարելու փորձ է կատարվում:

 

Էդմոն Մարուքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք