Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը)

Սկիզբը՝ նախորդում

-Կանդինսկու մեկ այլ դիտարկումը.  նա ասում է. «Ստեղծագործողը պետք է կույր լինի «ընդունված կամ «չընդունված» ձևի նկատմամբ, խուլ՝ ժամանակի ուսմունքների և ցանկությունների հանդեպ: Բոլոր միջոցները սուրբ են, եթե դրանք ներքին անհրաժեշտություն են»:

Այս տեսանկյունից դու ինչպե՞ս ես վերաբերվում ժամանակակից բանաստեղծության ոճական, լեզվական, կառուցվածքային, բովանդակային ձևախեղումներին, …:

«Կանդինսկի է չէ՞, ինչ կուզի՝ կասի»,- այլ առիթով ասում էր Երվանդ Քոչարը։

Մարդը չի կարող բացարձակապես «կույր ու խուլ» լինել, եթե ապրում է հասարակության մեջ:

Որքան էլ մերժելի, այդ նույն միջավայրի տված հնարավորությունն է, որ հաղթահարելի է դարձնում կարծրատիպերն ու պայմանականությունները:

Ներշնչանքի մեջ մարդը դրանք թոթափում է ծայրագույն չափով, բայց ասվածը չի նշանակում, որ «վարակված» գիտակցությունը բոլորովին չի մասնակցում ստեղծագործական ընթացքին:

Արվեստը, ի տարբերություն  այլևայլ երևույթների, չի ստեղծվում առաջարկ- պահանջարկի սկզբունքով, այլ ծնվում  է Աստծո կամքով և դառնում  չափանիշ:

Յուրաքանչյուր նոր կերպ գոյանում է նախորդող վիճակից, եթե նույնիսկ նախորդի ժխտումն է: Այս առումով, անշուշտ, յուրաքանչյուր արվեստագետ ,,խեղում է,, ձևի ընդունված պատկերացումը. օրինակ՝ ուշ Սեզանը, այնուհետև Բրաքն ու Պիկասոն՝ Դեֆորմը:

Այլ բան է, որ այդպիսի ցանկացած երևույթ պետք է լինի գեղարվեստականորեն արդարացված: Ո՞վ է դատողը՝ միայն ժամանակը: Արվեստի ցանկացած բարձր փորձ հանդուգն է: Ազատությունը բարձրագույն չափանիշ է, չի կարող շատ կամ քիչ լինել:

Չարենցի «Ասպետականը սովորական «груравуха» է: Սայաթ-Նովայի «Դուն էն գլխենը», որ լսում ենք մենք, և, որ լսել ու սիրել են մեր ավանդապաշտ ծնողները՝ մեծավորին ուղղված քծնանք:

Սակայն, ի՞նչն է պատճառը, որ այդպես չի ընկալվում. մատուցման բարձր արվեստը: Ես կարող եմ չընդունել Չարենցի ինտիմ գործերի էսթետիկան, սակայն անմտություն է չտեսնել ստեղծագործությունը, որն առավել ամբողջական է ներկայացնում մեծ պոետի անհատականությունը:

Մահարու «Այրվող այգեստանները» հայ գեղարվեստական վեպի բարձրակետն է, սակայն, դա չի նշանակում, որ ես համաձայն եմ վեպի գաղափարական բովանդակությանը: Եվ այդպես շարունակ…

-Քեզ չ՞ի, վախեցնում  մաքուր զգացմունքի, հույզի կորուստը պոեզիայում:

-Իսկ զգացմունքը կարո՞ղ է լինել ոչ մաքուր: Առանց զգացմունքի, հույզի, պոեզիա, արվեստ չի կարող լինել: Ինչը մատուցվում է՝ չի նշանակում դեռ ԲԱՆ է: Չասենք թափոն, որովհետև, եթե երիտասարդ են, խորապես համոզված եմ, որ այդ գործերը ընդամենը որոնումներ են:

Հետ նայիր՝ Տերյանի, Չարենցի կողքին ինչքան «ոչ» գրականություն է եղել: Ու՞ր են հիմա նրանք և ո՞վ է նրանց հիշում:

-Արվեստի և գրականության ամենահայտնի տեսաբաններն ընդգծում են ձևի կարևորությունը՝ պնդելով, որ «ստեղծագործությունները հակադրվելով ժամանակի ազդեցությանը՝ ձեռք են բերում հիասքանչ անանցություն» (Պոլ Վալերի):

Խոսենք քո՛ պոեզիայի օրինակով, որում ինձ գրավում են սակավախոսությունը, զգացումների գերխտությունը, անսպասելի համեմատությունները…

-Շնորհակալություն թվածդ որակները շռայլորեն ինձ վերագրելու համար, դրանք լավ գրականության բնորոշիչներ են:

Ոմանք գնացել, իրենց չիմացած ճապոնական պոեզիայում են այդ խտության հետքերը փնտրում, սակայն Թումանյանի քառյակները կամ «Հայոց վիշտը» միթե՞ այդ որակների գագաթը չեն: Մաեստրո Քոչարն ասում էր. «Երբեմն ստվերն ավելի է կարևոր, քան նկարված առարկան»: Պոեզիայում էլ է այդպես: Ինձ համար բառի նկատմամբ պատասխանատվության չափանիշներից մեկը ռուսական «արծաթե դարի» պոետներն են՝ Ալեքսանդր Բլոկը: Չարենցն իր մեջ միավորում էր անմիավորելին, ոգի էր ու հրաբուխ, այդ պատճառով «ավելորդ բառերը» կարծես չեն նկատվում: Դրանք կան նույնիսկ աստվածային ու անօրինակ «Մահվան տեսիլ»-ում: Չարենցի ողբերգությունն այն էր, որ նա իր հանճարի չափով, մոսկովյան, պետերբուրգյան գրական սալոնների «զարդ էր» սակայն ճակատագրի բերումով հայտնվել էր կիսագրագետ միջավայրում, ուր գրական առողջ մրցակցություն չկար:

Ետչարենցյան շրջանի խոշոր բանաստեղծների «երրորդությունը» արդեն այդ ուժը չուներ, դրա պատճառով բառի «չարաշահումը» նրանց պարագայում առավել նկատելի է:

Մինչդեռ պոեզիայում, բառը, ավելի քան աղոթքում, խոսքի ամենամեծ լիցքն է կրում:

-Ես որդիաբար խոնարհ եմ անցյալի ժառանգության նկատմամբ, սակայն, կարծում եմ, որ պետք է ոչ միայն յուրացնել ավագների ավանդած հարստությունը, այլև հասկանալ՝ ինչը է՛լ չպետք է անել:

Գեղարվեստն ամեն ժամանակահատվածում առաջադրում է իր խնդիրը, որը տեսանելի է դառնում, միայն, երբ արվեստագետին հաջողվում է լուծում տալ դրան: Եթե բանաստեղծությունը գրվում է, որովհետև չես կարող չգրել, և գրում ես կեղեքող զգացողությունից ձերբազատվելու համար, առօրյա հաղորդակցման վիճակից, արտահայտման կերպով, խտությամբ, պիտի տարբերվի:

Յուրաքանչյուր ստեղծագործող ունի աշխարհի մեկնաբանության իր կերպը, երևույթի ընկալման և արտահայտման սեփական եղանակը:Կարևոր է նաև վարպետության, տվյալ դեպքում բանաստեղծական կուլտուրայի աստիճանի անհատական դրոշմը: Սարոյանը գրում է. «Ավելի լավ է լինել բարի, քան չար»: Այս պայմանականություններով այլասերված աշխարհում, երբ բարությունը ձեռնտու լինելու հետ է շահարկվում, այս պարզ ճշմարտությունը  ընկալվում է իբրև չափազանց նոր և թարմ: Ինքնատիպությունը բանաստեղծի շնորհի չափորոշիչներից մեկն է: Իսկ, ո՞ր լավ բանաստեղծը թարմ և անսպասելի չէ: Տառասխալներով գրող Սերգեյ Եսենինի պատկերային համակարգը նվազ ինքնատիպ չէ, քան ուրիշ տեսակի պոեզիա ստեղծող Օսիպ Մանդելշտամինը:

Մեծ գրականությունը որոշիչ այլ առանձնահատկություններ էլ ունի. արդյոք պատկերը, բանաստեղծությունն իբրև պատկեր և ընդհանուր ստեղծագործությունը՝ մեկ ընդհանրություն ընկալվում է, թե՞ ոչ:

Ես գիտեմ, որ կեղծ համեստությունը, ինչպես առհասարակ ցանկացած կեղծ երևույթ՝ արգահատելի է, սակայն, երբեք իմ գրած բանաստեղծությունների արժեքի և արժևորման մասին չեմ մտածել:

Եթե գրողն իր ստեղծագործությունների հանրահռչակողն է  դառնում, դա կատարվում է նրա ստեղծագործական ինքնության հաշվին:

Պետք է կարողանալ հետ նայել և տեսնել, որ միայն ժամանակն է արժեքներ դասդասողը: «Էստի համեցեքների» երբեմն նկատելի, ծախսատար անհրաժեշտությունը չկա և պատահական չէ, որ այս դեպքում տգիտությունն ու փառասիրությունը «սիամական երկվորյակներ» են:

Այդ մարդիկ մթնոլորտային ճնշման պես չեն զգում մարդկության ստեղծած հավաքական հանճարի ծանրությունը, նրանք բոլշևիկաբար միշտ առաջ են նայում: Ես, բանաստեղծություններս տպագրելուց հետո, դժվարությամբ եմ վերընթերցում, որովհետև ինձ համար, եթե կարելի է այսպես ասել, դա հիշողության արտաշիրիմումի վիճակ է:

-Երկար տարիներ զբաղվել ես Քոչարի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրությամբ: Դա արվել է աշխատանքի բերումո՞վ, թե՞ ընդհանուր հետաքրքրություններ կան արվեստի, կյանքի ըմբռնման հարցերում:

-Իմ կյանքում ամեն ինչ շատ ուշ է կայացել:

Բանաստեղծ էլ դարձա, երբ «նորմալ» պոետներն այդ տարիքում վաղուց մեռած են լինում. ահա այդպես և Քոչարը…Մաեստրոն Ներսիսյան դպրոց էր ավարտել, ուր դասավանդել էին Պետական համալսարանը հիմնադրող մեր ականավոր գիտնականները: Ինձ նախ շլացրեց նրա խիստ ինքնատիպ, պատկերավոր մտածողությունն ու խոսքի կուլտուրան: Հիմա չեմ հիշում «պարտականության ու սիրո» բաժանարարը ո՞ր պահին հատեցի…

Քոչար ընտանիքին շնորհակալ եմ՝  կաշկանդելու, թելադրելու փորձ գրեթե չի եղել: Ուրիշ ոչ մի աշխատատեղում ինձ այդքան գնահատված չեմ զգացել, կամ ես իմ տեղում չեմ եղել, կամ ղեկավարներս: Մաէստրոյի ստեղծագործական ժառանգությանը վերաբերվել եմ բացառապես իբրև բանասեր: Չեմ գայթակղվել: Համենայնդեպս, իմ ստորագրությամբ արվեստաբանական ուսումնասիրություններ չեն տպագրվել: Թվում է՝ արվեստաբանությունն ու գրականությունը շատ մոտ են, սակայն, կառուցվածքով, հիմքով, մտածողությամբ, բացարձակապես տարբեր, եթե չասենք, հակադիր սկզբունքներ ունեն՝ վկա հայ արվեստաբանության անդաստանը՝ լիքը այդ ճշմարտությունը չհասկացող, չկայացած բանասերներով:

Քոչարը մեզանում հասարակայնորեն չպահանջարկված երևույթ էր, արվեստի զարգացման բարձրագույն կաճառից, ճակատագրի բերումով նետված «մայրագյուղ Երևան», և համատարած չհասկացվածության ու տգիտության մեջ մեծ ողբերգություն էր ապրում: Ստոր ու սրիկա չէին բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում էին, չէին հասկանում, չէին էլ կարող հասկանալ Քոչարին՝ մեկ էական տարբերությամբ. նրանք իշխանություն ունեին և սեփական հայեցողությամբ էին տնօրինում արվեստն ու մարդկանց ճակատագրերը:

Քոչարի մեծության իսկական չափը երևում է, երբ նրան համեմատում ես միևնույն ժամանակահատվածում ապրած համաշխարհային կերպարվեստի այլ հսկաների հետ: Ես դա հասկացա Պոմպիդու կենտրոնում՝ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում և ինձ շատ հպարտ զգացի:

Քոչարը միշտ էլ իմացել է, թե ինչ է  ուզում: Բազմանիստ, անհագորեն որոնող, հաջողությունից չբավարարվող, նա  անսահմանորեն հավատարիմ էր գեղանկարչության մասին իր պատանեկան պատկերացումներին՝ վկա առաջին գործերի և վերջին ստեղծագործությունների միջև եղած գենետիկ հարազատությունը: Դաժան ժամանակներում ապրեց մեծ նկարիչը, սակայն երբեք չդավաճանեց ինքն իրեն: Քոչարը սովորեցնում է ոչ թե ինչ պետք է անել, այլ  ինչը չի՛ կարելի անել: Երբ բացահայտեցի Քոչարի աշխարհը, արդեն կազմավորված մարդ էի: Կյանքը ազդեցություն-փոխազդեցություն հերթագայություն է. մենք սովորում ենք մեր ծնողներից և ուսուցանում մեր զավակներին:

Քոչարն իմ հոգևոր հայրերից է:

(շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք