Պատրաստվե՛ք փետրվարի 1-ին. շաբաթն ուրբաթից շուտ է գալիս

Պատրաստվե՛ք փետրվարի 1-ին. շաբաթն ուրբաթից շուտ է գալիս

Մինչ ռուսական պրոպագանդան զբաղված է եթերով Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը «բարոյական գնահատականներ» շաղ տալով՝ դրսեւորելով, ինչպես կասեր պարոն Պուտինը՝ «ցածր սոցիալական պատասխանատվություն», 2018 թվականի փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հետախուզական ծառայությունների հետ համատեղ Կոնգրեսում ներկայացնելու է, այսպես կոչված, «Ռուսական զեկույցը», որը կարող է ունենալ ոչ թե բարոյական, այլ շատ կոնկրետ քրեաիրավական եւ ֆինանսական հետեւանքներ ռուսական քրեաօլիգարխիկ համակարգի եւ ընդհանրապես՝ ռուսական պետության համար:

Կրեմլում եւ նրա «առաջին օրբիտայում» իրավիճակը մոտ է խուճապայինին: Ռուսական «Նովայա Գազետա»-ն նշում է, որ ռուս օլիգարխների սուրհանդակները շտապ կերպով փաստաբաններ եւ լոբբիստներ են վարձում, որպեսզի խուսափեն ամերիկյան «սեւ ցուցակում» հայտնվելուց եւ ակտիվներից զրկվելուց: Միեւնույն ժամանակ նշվում է, որ աշխատանքը տարվում է հույժ գաղտնիության պայմաններում, եւ ամերիկյան մամուլում բացակայում է որեւէ արտահոսք հարցի կապակցությամբ:

Բացի դրանից, ԱՄՆ պետական մարմինների հետ «Ռուսական զեկույցի» վրա աշխատում են անվանի փորձագետներ, այդ թվում՝ ռուսներ. Պուտինի նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը, քաղաքական փորձագետ Անդրեյ Պիոնտկովսկին, շվեդ տնտեսագետ Անդերս Ասլունդը եւ նախագահ Օբամայի վարչակազմում պատժամիջոցների քաղաքականության պատասխանատու, նախկին փոխպետքարտուղար Դենիել Ֆրիդը:

Վերոհիշյալ փորձագետներն իրենց համատեղ հրապարակման մեջ նշել են այն չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվել զեկույցը նախապատրաստելիս, համաձայն նախագահ Թրամփի՝ ս.թ. օգոստոսի 2-ին ստորագրված օրենք թիվ 3364-ի («Հակազդեցություն պատժամիջոցներով՝ ԱՄՆ թշնամիներին», CAATSA) կետ 241-ի, որով հանձնարարված է ԱՄՆ ֆինանսների նախարարին Ազգային հետախուզության տնօրենի եւ պետքարտուղարի հետ համատեղ ներկայացնել զեկույց, ըստ որի՝ պետք է «նույնականացնել առավել կարեւոր բարձրաստիճան քաղաքական գործիչներին եւ օլիգարխներին Ռուսաստանի Դաշնությունում, ինչը որոշվում է նրանց՝ ռուսական ռեժիմին մոտ գտնվելով եւ նրանց մաքուր կապիտալով»: Ըստ այդ չափանիշների՝ նշված շրջանակը պետք է ենթարկվի տարբեր խստության նպատակային սահմանափակումների: Ըստ այդմ, փորձագետները ներկայացրել են յոթ շրջանակ.

– բարձրաստիճան քաղաքական գործիչներ, կիսապետական կազմակերպություններ, բիզնեսմեններ, որոնք պատասխանատու են ագրեսիվ, կոռուպցիոն եւ հանցավոր օպերացիաների համար ՌԴ-ում եւ նրա սահմաններից դուրս, մասնավորաբար՝ պատերազմներ Ուկրաինայում եւ Սիրիայում, կիբեր եւ ինֆորմացիոն պատերազմներ,

– Պուտինի մերձավոր ընկերների շրջանակը Սանկտ Պետերբուրգից, որոնց հետ նա սկսեց զբաղվել բիզնեսով 1990-ականների սկզբից, եւ այդ շրջանակը բավականին որոշակիացված է: ԱՄՆ կառավարությունը եւ ԵՄ-ն նրանցից ոմանց արդեն ներառել են պատժամիջոցների ցուցակներում՝ կապված Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ,

– «Ոսկյա զավակները». որոշ «ընկերներ» փոխանցել են իրենց հարստության մի մասն իրենց զավակներին, որոնք դարձել են ընկերությունների թոփ-մենեջերներ: Նման անձանց, ըստ ամենայնի, նույնպես կարելի է համարել Պուտինի ընկերներ,

– Պուտինի անձնական ընկերները, որոնք պահպանում են նրա անձնական միջոցները: Նրանցից ոմանց անունները բացահայտվեցին Պանամական փաստաթղթերի եւ ռուսական «Ֆորբսի» միջոցով,

– հանրահայտ «օլիգարխները», որոնք խոշոր գործարարներ են եւ մեծապես շահում են ուղղակիորեն Կրեմլի հետ համատեղ բիզնես վարելուց: Նրանցից ոմանք ընկերությունների համասեփականատերեր են՝ Պուտինի ընկերների հետ համատեղ: Մյուսները հանդես են գալիս որպես Կրեմլի ղեկավարությանը քողարկողներ: Հավելյալ նշվում է նաեւ, որ ոչ բոլոր ռուս խոշոր գործարարները պետք է ներառվեն ցուցակում զուտ միայն նրանց ակտիվների մեծության պատճառով, քանզի նրանցից շատերի ունեցվածքը ձեւավորվել է մինչեւ Պուտինը, եւ այնուհետեւ, որպեսզի գոյատեւեն, ստիպված են եղել մեծածավալ հարկ վճարել Կրեմլին, եւ այդպիսի անձանց ներառումը ցուցակներում չի բխում 241 հոդվածի նպատակներից,

– պետական ընկերությունների կոռումպացված մենեջերները, որոնք իրենց դիրքի համար պարտական են Պուտինի հետ սերտ հարաբերություններին եւ օգտագործում են իրենց դիրքերը բացահայտ գողության համար,

– կիսապետական ընկերություններ, որոնք պատկանում են նախորդ՝ վեցերորդ կատեգորիային:

Ռուսական պատմության մեջ աննախադեպ մասշտաբների գողությունը՝ «ռուսական տրիլիոնը» վերածվել է միջազգային անվտանգության սպառնալիքի, վաղուց է սկսել ավերածություններ գործել միջազգային հարաբերությունների համակարգում, առանձին պետությունների հասարակական-պետական համակարգերում՝ իր սպառնալիքի աստիճանով չզիջելով միջազգային տեռորիզմին: Այդ պայմանական տրիլիոնը, այդ գողոնը պետք է անվտանգ չեզոքացվի եւ սկսի ծառայել մարդկության բարեկեցությանը, այլ ոչ թե մահ եւ ճգնաժամ սփռի աշխարհով մեկ՝ սնուցելով միջազգային հանցավորությանը, բռնապետություններին, առաջին հերթին՝ հետխորհրդային երկրներում, քանդել Միացյալ Եվրոպան՝ սնուցելով ծայրահեղական ուժերին: Այլեւս սա աներկբա է: Ինչպես Անդրեյ Իլարիոնովն ասաց ԱՄՆ Կոնգրեսում իր ճառում, հիշեցնելով Անդրեյ Պիոնտկովսկու գաղափարը՝ Ռուսաստանը կարիք ունի սեփական Նյուրնբերգի, քանզի ռուսական պետությունը, ինչպես եւ նացիստական Գերմանիան, նույնպես «բռնազավթված է հանցագործների կողմից, որոնք վերածել են պետությունը հանցագործությունների գործիքի». ընդ որում, սա նույն ձեւակերպումն է, որը տեղ է գտել Նյուրնբերգյան դատավարության մեղադրական եզրակացության մեջ՝ ԽՍՀՄ ներկայացուցիչ, դատախազ Ռուդենկոյի հեղինակությամբ:

Սակայն արդյո՞ք դրան պատրաստ է Հայաստանը: Հայաստանը կարո՞ղ է արդյոք շարունակել «կամուրջ» հանդիսանալ կամ խոսել «եւ-եւ» քաղաքականության մասին, որը նա պետք է վարի՝ շարունակելով քաղաքակիրթ աշխարհի եւ հանցագործների բանդայի միջեւ կամ արանքում: Հայաստանը կարո՞ղ է շարունակել աշխատել as usual ռեժիմում «Գազպրոմի», «Ռոսնեֆտի», ՌԺԴ-ի եւ այլ ռուսական մոնոպոլիստների հետ, խոսել «Ռուսաստանի շահերի» մասին՝ որպես լեգիտիմ կատեգորիայի: Հարցը զուտ փիլիսոփայական չէ, քանզի ԱՄՆ օրենքը ենթադրում է նաեւ «երկրորդական պատժամիջոցներ», այն է՝ վերոնշյալ յոթ խմբերի հետ գործընկերային կապեր ունեցող սուբյեկտներն ավտոմատ կերպով ԱՄՆ Ֆինանսների նախարարության կողմից կարող են պատժվել առանց երկար-բարակ քննարկումների:

Հիշեք «Գազպրոմբանկին» Երեւանում, որն իր ունեցած-չունեցածը վաճառեց եւ գնաց Հայաստանից հաշված շաբաթների ընթացքում, երբ «Գազպրոմի»՝ ավելի քան հիսուն դուստր ձեռնարկությունների հետ հայտնվեց սեկտորալ՝ ՌԴ էներգետիկայի ոլորտի պատժամիջոցների ցանկում:

Երբ «Գազպրոմին» պատկանող ռուսական ՆՏՎ հեռուստաալիքը Հայաստանի հասցեին խայտառակ որակումներով պրոպագանդիստական հաղորդում էր հեռարձակում, իսկ ստուդիայում հավաքված հերթապահ հեռուստախաժամուժը «հաճույքից պայթում էր», թվում էր, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, լինելով «Գազպրոմին», մեղմ ասած, մոտ կանգնած գործիչ, կպատասխանի դրան, կարծիք կհայտնի, իսկ իշխանությունն ուղղակի հարց կբարձրացնի, որ կա՛մ հետայսու դուք բոլորով ձեր բերանը կփակեք, կա՛մ էլ ձեր բերանը կփակենք մենք ինքներս՝ հանելով հեռուստաալիքը հեռարձակման փաթեթներից, քանզի ադրբեջանական աղբից այդ աղբը ոչնչով չի՛ տարբերվում: Ավելին, թվում էր, թե իշխանությունը հետեւություն կանի, թե «Գազպրոմն» այդքանից հետո ի՞նչ գործ ունի Հայաստանում, եւ ի՞նչ տարբերություն նրա եւ, ասենք, ՍՕԿԱՐ-ի միջեւ: Սակայն մենք առայժմ տեսնում ենք փաստացի լռություն: Մենք առայժմ տեսնում ենք, որ իշխանությունը պատրաստ չէ՛ ձերբազատվելու Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած անպատասխանատու «կոմֆորտից»: Բայց սա զուտ հայկական ֆենոմեն չէ: Արեւմուտքում ե՛ւս տեսնում ենք «Ռուսաստանի հետ երկխոսության» մասին մանտրան քթի տակ կրկնող բյուրոկրատիային, գերմանացի սոցիալ-դեմոկրատներին՝ իրենց արմատապես հակաեվրոպական «Հյուսիսային հոսքով», իրենց Շրյոդերով, իրենց «պուտինֆեռշտայեր»-ներով, որոնք դեռ մի քիչ էլ կխոսեն «Պուտինին հասկանալու անհրաժեշտության» մասին: Այդպիսինները 1991-ին էլ էին շատ, որոնք,ասենք, Կիեւում կոչ էին անում Ուկրաինային ձեռնպահ մնալ Անկախությունից եւ շարունակել պաշտպանել Գորբաչովին եւ նրա «պերեստրոյկան» եւ այլն: Այո՛, հավաքական Չեմբեռլենը դեռ պետք է հաղթահարվի, պետք է հաղթահարվի այդ խայտառակ «America first»-ը, որը, բացի գլոբալ պատերազմից, այլ բան չի կարող խոստանալ…

Իսկ Հայաստանում տեսնում ենք, որ շաբաթն ուրբաթից շուտ է գալիս, եւ ձեր իմացած «կոմֆորտին» մնում են հաշված շաբաթներ, ձեր «կամուրջը», ձեր «եւ-եւ»-ը, ձեր «դարավոր բարեկամությունը», ձեր «ռազմավարական դաշնակիցը» չի՛ կարող այլեւս տալ Հայաստանին ոչինչ՝ բացի գլխացավից, ըստ էության՝ վերածվելով Հայաստանի Հանրապետության թիվ մեկ էկզիստենցիալ սպառնալիքի: Իհարկե, «բա մեր լոլի՞կը», «բա մեր կոնյա՞կը», «բա մեր տուրի՞զմը», «բա մեր Լա՞րսը» բնույթի նվնվոցն ու հեքիաթասացությունը գլխով բախվելու են փետրվարի 1-ի բետոնե պատին՝ նոր խնդիրներ հարուցելով ապրիլ-2018-ին ընդառաջ գնացող իշխանության համար: Սա համազգային կարեւորության խնդիր է, խնդիր, որին Հայաստանը վերջին հարյուր տարվա ընթացքում հասցրել է բախվել երկու անգամ՝ 1918-ին եւ 1991-ին՝ դեմ առ դեմ հայտնվելով իրավամբ Մեծ հայրենական պատերազմի փաստի առաջ: Երրորդ անգամ նման «ճոխությունն» ուղղակի անթույլատրելի է՝ մանավանդ, երբ դրանից խուսափելու նախադրյալներն աննախադեպ շատ են:

Թող Աստված օրհնի՛ Հայաստանը:

Ռուբեն Մեհրաբյան

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք