Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւին խաղաղություն պարտադրելն անիրագործելի երազանք չէ

Դեկտեմբեր 09,2017 12:00

Ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական
արդյունավետ աշխատանքի համար նպաստավոր մթնոլորտ է

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նախ՝ այդ հանդիպումից առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ համանախագահների հետ։ Նրանք քննարկել էին Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը, մտքեր էին փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Այնուհետեւ կայացել էր Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձեւաչափով. «Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները»,- ասված էր Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունում։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։
ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսպիսով, հաջողվում է ապահովել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի շարունակականությունը, որը անցյալ տարի ապրիլյան պատերազմից հետո պարզապես հայտնվել էր փակուղում: Այժմ, իհարկե, չի կարելի պնդել, թե կողմերը լրջորեն ու մանրակրկիտ քննարկում են բանակցությունների սեղանին դրված կարգավորման որեւէ տարբերակ:

Ավելին՝ ապրիլյան պատերազմից հետո կարգավորման տարբերակը, որ մինչ այդ համարվում էր բանակցությունների առարկա, հայտնվեց առհասարակ վտանգի տակ: Բանակցությունների շարունակականության ապահովումը հիմա Ալիեւի ջանքերով կապվել է հետապրիլյան պահանջների կատարման հետ, որից համառորեն խուսափում է Ալիեւը, բայց որից ոչ մի կերպ հետ չի կանգնում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս առումով Ալիեւը հայտնվել է իր իսկ լարած թակարդում:

Ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է նրանով, որ այս փուլում հայկական կողմի համար նպաստավոր իրավիճակ է: Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության մոտ կոնկրետ բացասական վերաբերմունք է ստեղծվել, պաշտոնական Բաքուն եվրոպական կառույցների հետ լարված հարաբերություններ ունի, այդ է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունների հայացքը Մոսկվայից այլ կողմ չի շրջվում:

Ու եթե այս ամենին էլ գումարենք Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արդյունքում Հայաստանի միջազգային վարկանիշի որոշակի բարձրացումը, կարելի է միանշանակ պնդել, որ հայկական կողմն այս փուլում միջազգային հանրության համակրանքն է վայելում: Արժե այս բարենպաստ մթնոլորտն ուղղել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ:
Ակնհայտ է, որ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու եւ ռազմական գործողությունները բացառելու ուղղությամբ միջազգային հանրությունը բավական հետեւողական է եւ միանշանակ իր գնահատականներում, իսկ դա կանխարգելող հանգամանք է Ադրբեջանի կողմից սադրանքները շփման գծում հնարավորինս բացառելու հարցում:

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին՝ Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը. «Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարեւոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»: Թիլերսոնը նաեւ ընդգծել է ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարեւորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում եւ Մոլդովայում:

Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը նրանք կարծիքներ էին փոխանակել ԼՂ հակամարտության եւ դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, հիշեցնենք, Հյուսիսատլանտյան դաշինքը մտահոգություն հայտնեց ԼՂ հակամարտության առնչությամբ, հորդորեց զերծ մնալ հակամարտության գոտում իրավիճակի սրացումից եւ շարունակել բանակցությունները։ Սա հայտարարվեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի մակարդակով, այն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բրյուսելյան բանակցություններից հետո։ «Հստակ է՝ ռազմական լուծում չի կարող լինել: ՆԱՏՕ-ն այս հարցում ուղիղ դերակատարություն չունի, մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- ասել էր Սթոլթենբերգը։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին նշել էր հակամարտությունների, այդ թվում ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը։ «ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում իմ առաջնահերթություններից մեկը համոզվելն է, որ ԵԱՀԿ-ն լիովին պատրաստ է այդ խնդիրների լուծմանը, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աջակցմանը, ընդհանուր արժեքների խրախուսմանը եւ հակամարտությունների կարգավորման գործում վեհաժողովի ներդրմանը»,- ասել էր նա։

ԵԱՀԿ-ն ուշադիր հետեւում է ԼՂ հակամարտությանը՝ նշել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Մենք ունենք հատուկ գործիք՝ առաքելություն, որը գլխավորում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, որի աշխատակիցներն ուշադիր հետեւում են իրավիճակին շփման գծի երկայնքով։ Մեզ անհանգստացրել են ոչ վաղ անցյալում հակամարտության բռնկումները։ Իմ դերը` որպես գլխավոր քարտուղար, այն է, որ ցուցաբերեմ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքին, որոնց ջանքերն ուղղված են ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում գտնելուն»,- նկատել էր Գրեմինգերը։

Արցախյան հարցում, այսպիսով, հայկական կողմի համար ապրիլյան պատերազմից հետո դիվանագիտական հետագա արդյունավետ աշխատանքի համար, թերեւս, ամենանպաստավոր մթնոլորտն է ձեւավորված:

Ալիեւին խաղաղություն պարտադրելն ամենեւին էլ անիրագործելի երազանք չէ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031