Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ

Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ

Հայաստանում քաղաքական թեմաներից ամենաշատ քննարկվողը թերևս ընտրությունների հարցն է: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեկնարկային՝ 1990, 1991թթ. ընտրությունները, ինչպես նաև 1991թ. հանրաքվեն իդեալական չէին, սակայն հանրության համար ընդունելի, կամ ժամանակակից տերմինով՝ լեգիտիմ էին: Նույնը չի կարելի ասել 1995-ից մինչ այժմ անցկացված բոլոր մակարդակի ընտրությունների մասին: Հանրության վստահությունը ընտրությունների՝ այն է` ուղղակի ժողովրդավարության նկատմամբ զրոյական է: Եվ հույսը կտրելով փոփոխություններից՝ ժողովուրդը գնում է գործարքի «ընտրվողների» հետ, մանավանդ ընդդիմադիր «ընտրվողները» լուրջ այլընտրանք չեն առաջարկում:

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ 2017թ. ապրիլի 2-ից հետո վերջապես իշխանություններին հաջողվեց առանց լուրջ ցնցումների հասնել ժողովրդի հետ ընդհանուր համաձայնության՝ «մենք ձեզ 10 հազարական դրամ , դուք մեզ՝ վստահության քվե»՝ ընտրությունները վերածելով հպատակների քվեարկության: Ընդհանուր համաձայնությունից դուրս մնացին մի քանի այլախոհ հասարակական գործիչներ, և իշխանությունների համար հիմնական գլխացավանքը՝ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներն ու հայտարարությունները:

Արդ, ի՞նչ անել, որ ոչ միայն հաստատվի վստահություն քվեարկությունների նկատմամբ, այլև չեզոքացվեն ավելորդ հայտարարություն-զեկույցները, որոնք կասկածի տակ են դնում իշխանության լեգիտիմությունը:

Իրականում խնդրի լուծումը այնքան բարդ չէ: Քվեարկության գործընթացներում մենք բոլորովին անտեսել ենք Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերակատարությունը, բացի քվեարկության արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի օրհնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից:

Արդյոք ճիշտ չի՞ լինի ողջ քվեարկության գործընթացը վստահել ՀԱԵ-ին: Ընդամենը Ազգային ժողովը պետք փոփոխի նոր Սահմանադրության 11 գլուխը, այն շարադրելով մոտավորապես հետևյալ խմբագրությամբ.

-Առաջնորդվելով սույն Սահմանադրության 18-րդ հոդվածի դրույթներով, այն է՝ ՀԱԵ-ի բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողությունը դրանց օրինականության նկատմամբ իրականացնում է ՀԱԵ-ն:

-ՀԱԵ-ի Հոգևոր Խորհուրդը իրականացնում է Կենտրոնական քվեարկության հանձնաժողովի գործառույթները, հանձնաժողովի նախագահն է Վեհափառ Հայրապետը:

-Մարզային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են ՀԱԵ-ի թեմական առաջնորդների կողմից:

-Համայնքային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են համայնքի հոգևոր հովիվի՝ քահանայի կողմից:

-Քվեարկությունների հետ կապված մնացած հարցերը կարգավորվում են Վեհափառ Հայրապետի Կոնդակներով:

Կարծում եմ, մինչև հաջորդ քվեարկության փուլը հայ բարերարները կհասցնեն ոչ միայն Հայաստանի բոլոր համայնքներում կառուցել եկեղեցիներ, այլ բոլոր քվեատեղամասերում գոնե մատուռներ, որոնք վերջապես կփոխարինեն դպրոցներին և մանկապարտեզներին: Սրանով կլուծվի նաև կրթօջախները ապաքաղաքականացնելու չարչրկված հարցը:

Այլևս վտանգ չի լինի հօգուտ իշխանության հավաքագրված քվեարկողների ցուցակների բացահայտման: Չէ՞ որ խոստովանությունը գաղտնի է, և ի տարբերություն դպրոցների տնօրենների հոգևոր հովիվները կպահեն գաղտնիությունը: Հոգևոր խորհուրդը կկազմի քվեարկության մասնակցող հոտի ցուցակները, բացառելով աղանդավորների և անաստվածների մասնակցություն քվեարկություններին (ականջներիդ օղ արեք՝ ով առաքելական չի, հայ չի):

Կարծում եմ, Վեհափառի կոնդակներից կլինի քվեարկությունը սկսել և ավարտել աղոթքով, արդյունքները հայտարարել Սուրբ Պատարագի ժամանակ՝ գրաբարով:

Այլևս իշխանությունը կարիք չի ունենա հանրությանը համոզելու, վախեցնելու, ճնշելու, առավել ևս կաշառելու: 10 հազարական դրամները կուղղվեն քվեատեղամասեր-եկեղեցիներ կառուցելու սուրբ գործին:

Փոխարենը ՀԱԵ-ի հովիվները հոտին կքարոզեն Պետրոս Առաքյալի ընդհանրական առաջին թղթի Գլուխ Բ-ի դրույթներով.

18.Յարգեցեք բոլորին, սիրեցէք եղբայրութիւնը, վախեցէք Աստծուց, պատուեցեք թագաւորներին:

19.Ծառաներ ամեն ինչում երկիւղով հնազանդ եղէք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին:

Այլևս անիմաստ կդառնա տեղական և միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ներկայությունը քվեարկությանը: Այլևս ոչ մի, նույնիսկ ապազգային գործիչ, զանազան միջազգային հակահայկական կառույցներ չեն համարձակվի կասկածի տակ դնել ՀԱԵ-ի կողմից կազմակերպված քվեարկությունը: Չէ՞ որ, ինչպես նշեց ՀՀ Պաշտպանության Նախարարը. «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից: Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը՝ յուրաքանչյուր հայի սրտի մեջ»:

Իսկ եթե հանկարծ հրաշքով հոտը չենթարկվի հովվի հորդորներին և քվեարկության փոխարեն ընտրություն կատարի՞: ՀԱԵ-ն հրաշքին հրաշքով կպատասխանի. փոխարեն արձանագրություններ փոխելուն , լցոնումներ կատարելուն, բռնություններ գործադրելուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երջանկահիշատակ նախորդ 11-րդ դարի կաթողիկոս սուրբ Պետրոս Գետադարձի օրինակով, ողջ հավատացյալ հայ ժողովրդի աչքերի առջև, աղոթքով առ Աստված, ընտրությունների արդյունքները հակառակը կփոխի:

Հ.Գ. Չմոռանալ քվեարկության հաջորդ օրը, կառավարության որոշմամբ հայտարարել Մեռելոց…

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Հասկանւմ եմ խոսքերիդ մութ իմաստը․․․
    Այսինքն՝ փրկություն չկա՞․․․

  2. Mushegh says:

    Ելք կա, ելք կա, ելք կա

    կրիլ տինք, կրիլ տինք կրիլ տինք

    ալելույա ալելույա ալելույա

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք