Գերադասում են մարդկանց անտեղի չարչարել, քան թե մի փոքրիկ սարք տեղադրել հարկային տեսչությունում

Գերադասում են մարդկանց անտեղի չարչարել, քան թե մի փոքրիկ սարք տեղադրել հարկային տեսչությունում

Մի քանի օր առաջ առիթ ունեցա փոքրիկ մի հարցով գտնվելու Նոր Նորքի հարկային տեսչությունում, որտեղ մատուցվող ծառայության գործարքի համար պետք է վճարեի 1000 (մեկ հազար) դրամ միջնորդավճար: Չափազանց շատ զարմացա, երբ իմացա, որ Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն, Ավան, Ջրվեժ և երևի էլի ուրիշ վարչական տարածքներին սպասարկող այդ կարևոր կառույցի վարչական շենքում գումար վճարելու որևէ սարք դրված չէ և այդ վճարումը կատարելու համար, Նորքի երկրորդ զանգվածի ծայրամասերից մեկում տեղակայված հարկային տեսչության մոտից պետք էր հասնել ամենամոտակա բանկը, որը գտնվում է Գայի պողոտայի վրա՝ Նոր Նորքի վարչական շրջանի աշխատակազմի շենքի հարևանությամբ (և սա այն դեպքում, երբ քաղաքի հազարավոր վայրերում՝ դրանք կողք-կողքի տեղադրված են):

Պարտադրված գնացի նշված շենքի դիմաց տեղակայված «Արդշինբանկի» մասնաճյուղ, որպեսզի կատարեմ այդ վճարումը: Երբ հերթը հասավ ինձ, ես աշխատակցուհուն մեկնեցի այն թղթի կտորը, որտեղ գրված էր, թե որ հաշվին պետք է վճարեմ այդ 1000 դրամը: Նա ինչ որ բաներ լրացրեց համակարգչի վրա, տպեց, փոխանցման անդորրագիրը ներկայացրեց ինձ և ասաց, որ պետք է վճարեմ 1400 (մեկ հազար չորս հարյուր) դրամ: Անկեղծ ասած շատ զարմացա, և հարցրի, թե լրացուցիչ 400 (չորս հարյուր) դրամն ինչու պետք է վճարեմ: Նա սիրով պատասխանեց, որ դա իրենց բանկի սահմանած միջնորդավճարն է: Երբ նրան ասացի. աղջիկ ջան, ինչպես կարելի է 1000 դրամանոց գործարքի համար գանձել 400 դրամ միջնորդավճար, դա ուղղակի աբսուրդ է, նա դարձյալ հանգիստ տոնով պատասխանեց. այդքան է մեր բանկի կողմից սահմանած միջնորդավճարի չափը, ուզում եք, անեմ փոխանցումը, չեք ուզում, կարող եմ չանել: Ավելին, նա ասաց, որ եթե լիներ նույնիսկ 100 (մեկ հարյուր) դրամի փոխանցում, միևնույն է այդ ծառայության համար ես պետք է վճարեի նույն 400 դրամ միջնորդավճարը: Զարմանքից երկրորդ անգամ ապուշ կտրեցի, քանզի չէի ըմբռնում այդ երևույթի աբսուրդի աստիճանը, թե ինչպես կարելի է 100 դրամանոց գործարքի համար սահմանել 400 դրամ միջնորդավճար: Իհարկե, վճարեցի սահմանված գումարը և նույն տաքսի ավտոմեքենայով, որն սպասում էր ինձ (այդ տարածքում, բացի տաքսի ավտոմեքենայից այլ տրանսպորտ չկա և մարդուն այդքան ժամանակ տրված չէ փորձելու՝ ոտքով կամ այլ կերպ հասնել մոտակա բանկը), վերադարձա հարկային տեսչություն:

Պարզվեց, որ տվյալ գործարքի համար անհրաժեշտ է նաև անձնագրի պատճենը և աշխատակիցն ասաց, որ այդ պահին իր մոտ եղած պատճենահանման սարքը չի աշխատում, չնայած, որ իրենք պարտավոր են ապահովել պատճենահանման գործառույթը: Փաստորեն, ես պետք է երկրորդ անգամ մեկնեի նշված բանկի մոտակայքում գտնվող որևէ վայր՝ որոնելու պատճենահանում իրականացնող որևէ կառույց, որտեղ կարող էի պատճենահանել անձնագիրս:

Այդ ժամանակ սպասարկող հարկային տեսուչին ասացի, որ շատ շտապում եմ ու խնդրեցի, ասելով. մ՞իթե այս հսկա հարկային տեսչությունում՝ թեկուզ պետի ընդունարանում պատճենահանման այլ սարք չկա, որպեսզի օգնեք ինձ և ես այս ու այն կողմ չընկնեմ, մանավանդ, որ պատրաստ եմ վճարելու: Աշխատակցուհին սկզբում բացասականին մոտ ռեակցիա տվեց, մոտավորապես հասկացնելով, որ հո պետի ընդունարանը խաղալիք չէ, որ ով և երբ ու ինչ հարցով ուզի, մտնի: Իհարկե, ես դարձյալ զարմացա և շատ խնդրեցի, որպեսզի բացառություն անի ու ինձ ընդառաջի, քանզի ժամանակի սղությանը զուգահեռ, չափազանց կարևոր գործ ունեի, որը հետաձգել ուղղակի հնարավոր չէր: Նա դժկամությամբ համաձայնեց ու գնաց: Որ բավականին երկար տևեց երկու էջի պատճենահանումը և նա բավականին ուշացումով եկավ (երևի փորձում էր հասկացնել, հո կատակ չէ պետի ընդունարանում պատճենահանում անելը), դա դեռ ոչինչ, պարզվեց բանկ գնալ-գալու ողջ ընթացքում նա չէր ավարտել ինձ հասանելիք մի քանի թվեր պարունակող փաստաթղթի պատրաստումը և ստիպված եղա դարձյալ որոշ ժամանակ սպասել:

Անկասկած, մեր ժողովուրդը նմանատիպ բաների հետ հաճախ է առնչվում և ինչու ես բարձրաձայնեցի ոչ քիչ հանդիպող այս երևույթների մասին: Մի՞թե 21-րդ դարում, երբ ժամանակն ամենաթանկն է և նման սարքավորումներն անգամ ամենահետամանաց երկրներում են տեղադրված, Նոր Նորքի հարկային տեսչության նման կարևորագույն և հսկա կառույցում նման սարքավորում տեղադրելը մեծ դժվարությունների հետ է կապված և այն էլ այն դեպքում, երբ օրական հազարավոր մարդիկ են առնչվում նմանատիպ գործառույթի իրականացման հետ: Մի՞թե այս հասարակ բանը ևս կապված է ներդրումային դաշտի կամ բյուջեի սուղ միջոցների հետ, որ գերադասում են մարդկանց անտեղի չարչարել, քան թե մի փոքրիկ սարք տեղադրել չափազանց մեծաքանակ հարկատուների և սովորական քաղաքացիների սպասարկող հարկային տեսչությունում:

Հավանաբար, նույնը վերաբերվում է մնացած հարկային տեսչություններին ու ծառայություններ մատուցող այլ պետական կառույցներին, որտեղ բացակայում են նմանատիպ պարզունակ սարքավորումներն ու այլ անհրաժեշտ պարագաները, որոնց անմիջական հետևանքը ժողովրդին անիմաստ չարչարելն է, որը պաշտոնյաներին կամ բյուջեին հավանաբար ոչինչ չի տալիս…

Պարոնայք պաշտոնյաներ, բարի եղեք, այս տանջված ժողովրդի համար գոնե այս պարզունակ հարցերը լուծել…

Կարծում եմ, որ նմանատիպ պարզագույն չլուծված հարցերը բազմաթիվ են և պարտադիր է դրանց մասին բարձրաձայնելը…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք