Լրահոս
Օրվա լրահոսը

Մհերին արթնացնելու մեր ժամանակը

Հունվար 27,2018 16:30

Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից, հատկապես, որ նոր ես վերադարձել մանկության Երազանք Հայաստանից Արեւմտյան: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում:

Այո, քեզ ետ է կանչում, ինչպես անդին մնացած Երկիրը մեր, ասում է.
– Ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես տերը, դու դեռ գործ ունես, ասում է ու քեզ բերում կանգնեցնում քո ընտանիքի եւ քո ազգի հոգսի առջեւ` ազնիվ հոգսի ու դարանակալ նենգամտության առջեւ:

Եվ անմիջապես էլ բոլոր մտքերը կողքի հրելով` ականջներիդ մեջ զրնգում է Միշել Մոնտենի կռահած մահվան ազատագրող շունչը, որի դեմ Ջոնաթան Սվիֆթի անմահները բոլորից մոռացված շարքային մուրացկաններ էին…

Ուրեմն մոռացի՛ր անմահության մասին եւ մոռացված անմահության մասին նույնպես:
– Ո՞ւր ես գնում,- ասում է ձայնը, քանզի ձայնն այդ մեզանից առաջ տեսնում է տերությունների մեջ իրենց անմահ համարողների մուրացող կերպը, տեսնում է իշխանամուրացողներին:

Հետո ձայնն այդ հուշում է.

– Երեւացող հակառակորդը հարգելի է, աներեւույթը` նսեմ ու դավադիր: Զգուշացի՛ր` հուշում է ձայնը…

Մանկությանս տարիներին մի ընկեր ունեի` Ռաֆիկ անունով, ով չնայած փոքրամարմին էր, բայց ուտելուց երբեք չէր կշտանում: Եվ տարօրինակ բան` նա մեռավ առողջ, բայց շատակերությունից: Իսկ անկշտությունը, պարզվում է, մարդ արարածի ամենամեծ արատներից մեկն է:

– Ո՞ւր ես փախչում, շարունակում էր ձայնը, ինչո՞ւ ես լքում քեզ, չէ՞ որ դու քո էությունն ես լքում: Երբ տեսնում ես, որ ասելիք չունեցողները շարունակում են անվերջ խոսել, եւ տեսնում ես նաեւ, թե ինչպես դավադիրը, մնալով ստվերում, որոգայթ է հյուսում քո, քո ընկերների եւ քո երկրի դեմ:

– Արթնացրու քո մեջ տերը, շարունակում էր ձայնը, եւ ոչ մի բաժակաչափ մի՛ փորձիր հեռանալ այս աշխարհից, եւ մի՛ հետեւիր Փոքր Մհերին ու մի՛ մտիր քարանձավ՝ քեզ պարփակելով քարե նաշում, այլ մի կողմ շպրտիր այդ նույն բաժակաչափ հուսահատությունդ եւ արթնացրո՛ւ քո մեջ քո Մհերին:

Քանի որ հիշի՛ր, որ նույնիսկ սերը, սերն անգամ այլընտրանք ունի, բայց Տերն այլընտրանք չունի, քանի որ երկիրը ետ բերելու, պահելու միակ ճանապարհը այլընտրանք չունենալու զոհաբերությունն է:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

26.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031