Պետություն՝ ոչ միայն Բանակի եւ Զինվորի հույսին

Պետություն՝ ոչ միայն Բանակի եւ Զինվորի հույսին

Մեր բանակը 26 տարեկան է: Լսեցինք բազմաթիվ խոսքեր՝ հպարտության, շնորհակալության, բարեմաղթանքի: Լսեցինք նաեւ, որ մեր Բանակն Անկախության տարիներին ստեղծած լավագույն կառույցն է, միակ կառույցն է, որը կարելի է այդպիսին համարել: Այո՛, սա նվազագույնն է, ինչին արժանի է Հայոց բանակը: Տոնն անցավ, ասված խոսքերը դարձան պատմություն եւ հիշողություն, որոնք կհիշվեն եւ կկրկնվեն նաեւ այլ առիթներով, սակայն վերաիմաստավորմանը ենթակա հարցերը, ցավոք, մնում են բաց եւ, ըստ ամենայնի, դեռ երկար կմնան որպես այդպիսին:

«Բանակը մեր անվտանգության երաշխավորն է», «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր երկրի վահանն են», «Ամեն ինչ՝ Բանակի համար». այս ամենն ավելի քան ճիշտ է, բայց սա իրականության միայն մի մասն է, այն էլ՝ փոքր մասը:
«Վերջին ճակատամարտի» փիլիսոփայության տեսակետից գուցեեւ սա արդարացված է, բայց վա՛յ այն պետությանը, որն առաջնորդվում է այդ փիլիսոփայությամբ: Բանակն անվտանգության եւ պաշտպանության վերջի՛ն պատվարն է, բայց ոչ միակը: Եվ սա ամենեւին էլ չի՛ նսեմացնում Բանակի դերն ու նշանակությունը:

Խնդիրն այն է, որ այդ «վերջին ճակատամարտի» փիլիսոփայությունը թաքցնում է իրականության ոչ այնքան «հաճելի» մասը՝ այն, որ մնացած ինստիտուտներն ու ենթահամակարգերը պետական օրգանիզմում աշխատում են անընդունելի ցածր արդյունավետությամբ, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի պետության դեմ:
Երբ մենք ունենք այնպիսի ներքին եւ արտաքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն եւ տնտեսական համակարգ, ինչպիսին որ ունենք, երբ կոռուպցիան, որը, հիշեցնենք, թարգմանվում է ոչ թե որպես կաշառակերություն, այլ փչացում, վերածվել է ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքի, ապա նույնիսկ ամենալավ, ամենահուսալի, գովասանքի ամենաարժանի բանակն է գտնվում մշտական սպառնալիքի ներքո:

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունից տեղեկացանք, որ մշակվել եւ քննարկման է ներկայացվել ՀՀ Զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագիրը, եւ դրա մասին հայտարարել է նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախեւառաջ՝ սա նշանակում է, որ կա՛ գիտակցումն այն բանի, որ ներկայիս մոտեցումներն այլեւս համարժեք չեն ներկայիս պահանջներին եւ մարտահրավերներին: Եվ երկրի պաշտպանական գերատեսչությունն ըստ ամենայնի համակարգել է նոր մոտեցումները, հիմք է դրել նոր ռազմավարության՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները:
Սակայն «հիմնական հիվանդությունն» առայժմ մնում է անձեռնմխելի: Բանակի խնդիրը միայն պաշտպանական գերատեսչությանը չէ, ինչպես եւ ռազմական անվտանգությունը: Դա ողջ պետության եւ հասարակության խնդիրն է: Եվ սա նույնպես որեւէ կերպ չի նսեմացնում մեր պաշտպանական գերատեսչության դերն ու նշանակությունն այդ առաքելության մեջ:

Եկել է ժամանակը գիտակցելու, առանց այդ մասին այլեւս անիմաստ քննարկումներ ծավալելու, որ պատերազմում են ոչ թե բանակները, այլ հասարակությունները եւ պետությունները: Եվ ցածրորակ պետություն ու պասիվ, ճնշված, պետությունից օտարված հասարակություն ունենալով թիկունքում՝ ոչ մի բանակ չի՛ կարողանա հաջողությամբ կատարել իր խնդիրը: Եվ ընդհանրապես, հակաբնական եւ հակաբանական է այն մտայնությունը, որ դեֆեկտիվ պետության պարագայում կարող է լինել առանձին վերցրած լավ բանակ:

Անշուշտ, մեր իրականությունն այն է, որ ուղղակի քաղաքագիտական առումով սխալ կլինի մեր պետությունը որակել որպես դեֆեկտիվ, իսկ բանակը՝ լավը չհամարել:
Միեւնույն ժամանակ փաստ է, որ մեր արտաքին եւ ընդհանուր առմամբ՝ անվտանգության քաղաքականությունը, մեր սոցիալ-տնտեսական իրավիճակը, դրանից բխող ժողովրդագրական իրավիճակն անընդունելիորեն անհամարժեք են այն խնդիրներին, որոնց լուծմանը լծված է պաշտպանական գերատեսչությունը:

Այլեւս հնարավոր չէ զինվորին տեղակայել սահմանին եւ միեւնույն ժամանակ ողորմելի փորձեր անել ապացուցելու անապացուցելին, որ ռուսական զինամատակարարումները մեր հակառակորդին «որպես հակահայկական քայլ դիտարկել պետք չէ», եւ դրան ի պատասխան որեւէ քայլ չանել:

Այլեւս հնարավոր չէ նորմալ համարել, երբ պաշտոնյան աջ ձեռքով «հպարտանում է մեր քաջ զինվորով», իսկ ձախով՝ մտնում պետության, հասարակության, հարկատուի, զինվորի գրպանը եւ շարունակում է «ծառայել» որպես պաշտոնյա:
Այլեւս հնարավոր չէ մարդկանց կեղծ «ռազմահայրենասիրական» պաթոսով թյուրիմացության մեջ գցել հանուն սեփական մանր չարչիական «հախուհաշվի» անձեռնմխելիության, հանուն կոռուպցիոն ռենտայի, հանուն սեփական մոնոպոլիզացված կամ արտոնյալ դիրքերի՝ քվոտավորված, կարտելիզացված տնտեսական համակարգում: Կամ էլ շարունակել թույլ տալ, որպեսզի ռուսական կազմակերպված հանցավոր խմբավորումները շարունակեն իրենց մոնոպոլ դիրքերից դատարկել հարկատուների եւ քաղաքացիների գրպանները:

Այլեւս հնարավոր չէ՛, պարոնայք: Բանակը եւ Զինվորը «դարպասապահ» են, եւ նրանք որքան էլ լավը լինեն, դա չի ենթադրում, որ մնացած «թիմը» պետք է իրեն թույլ տա «խաղից դուրս» համարել եւ շարունակել «հպարտանալ» այդ «դարպասապահով»: Խելքի եկե՛ք:

Մեր շուրջ ծավալվող իրադարձություններն ու ավելի անկանխատեսելի իրավիճակն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Հայաստանը եւ Արցախը դեռ շատ երկար ժամանակ պիտի բանակին առաջնահերթ ուշադրություն հատկացնեն եւ «վառոդը չոր պահեն»: Իսկ այդ խնդիրը նոր յոթամյա, տասնամյա կամ հարյուրամյա ծրագրերով չէ, որ լուծվում է: Սա մտածողության փոփոխություն է ենթադրում, առանց որի նույնիսկ ամենալավ ծրագրերը կմնան թղթի վրա: Մի՛ թողեք ամեն ինչը Բանակի վրա եւ Բանակի հույսին:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

30.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք