Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց դրել եք տուպիկի առաջ, խեղդելով ուզում եք հարկել». «Ելքի» նախագծի քննարկումը՝ ԱԺ-ում

Փետրվար 15,2018 18:16

Վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է «Ելքի» նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց այդ նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «Եթե քաղաքացին ունի 5000 դրամ, մենք ավելացնում ենք 7000 դրամ, բայց ինքը պետք է կատարի 25 հազարի գնում, ստացվում է, որ մենք քաղաքացուն չենք օգնում»: Փաշինյանը պատասխանեց՝ քաղաքացին ունի 5000 դրամ, ինքը կանգնել է եւս 10 հազար դրամ հավելյալ ծախսելու առաջ, որը պայմանավորված է գնաճով, հիմա մենք ասում ենք՝ քանի որ դու 10 հազար ավելի պիտի ծախսես, 5000 դրամը քեզ վերադարձնում ենք»:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ Հարկային օրենսգրքում փոփոխությունների զուտ էֆեկտը 2018-ի բյուջեի վրա պետք է լիներ 10.2 մլրդ դրամ. «Կապիտալ ծախսեր երբ պլանավորում էինք բյուջեն սահմանելիս, պլանավորել ենք այս 10,2 –ը: Մենք մի կողմից ունենք Հարկային վարչարարությամբ իրագործման հարկային եկամուտների սպասելիքներ, թե մենք հետանցում անենք, վերականգնենք այն հարկը, որը կար,մ մենք մոտ 18 մրդ հետ ենք դնում ակցիզային դրույքաչափերի էֆեկտը եւ 13  մլրդ  լրացուցիչ կորուստ ենք ունենալու, ընդհանուր առմամբ 33 մլրդ դրամի կորուստ ենք ունենալու»:

Նա ասաց, որ կառավարությունը գնացել է այն ճանապարհով, որ առողջապահությունը չհարկեն ԱԱՀ-ով, հանրակրթությունը չհարկեն, սա չարիքի ամենափոքր տարբերակն էր. «Մենք սպառումը պետք է հարկենք: Դրա մի մասն է միայն գնում ՀՆԱ»:

Սերգեյ Բագրատյանն ասաց՝ «Սխալ ուղղությամբ եք գնում, սպառողին երբ հարկում ենք, ազգաբնակչության 70 տոկոսի խնդիր կա, դուք դնում եք էն 30 տոկոսին անվնաս պահելու խնդիրը: Մարդը, որը պիտի գնի 6 կիլո կարագ, գնելու է 4 կիլո ու թերսնում է ունենալու: Պետության զարգացումը 70 տոկոս աղքատ բնակչության հաշվին պիտի չանեք: Երկու ճանապարհ ունեք՝ կամ գները չեք բարձրացնում, կամ գների հետ միասին աշխատավարձերը, թոշակները բարձրացնում եք, երրորդ ճանապարհը չունեք, ո՞րն եք ընտրում»:

Անանյանը պատասխանեց, որ իրենք այլ ճանապարհով են գնում եւ իրենց քաղաքականությունը ճիշտ է: Որպես հիմնավորում նա նշեց, որ հիմա երբ մարդը փող է ունենում, ոչ թե արտադրություն, այլ խանութ է բացում, ինչը նշանակում է, որ այնտեղ շարժը արագ է կատարվում, պետք է հարկել սպառումը, այսինքն ներկայիս իրավիճակի տրամագծորեն հակառակ ուղղությամբ գնալ:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն ասաց. «Աղքատ հասարակության պայմաններում, երբ չկան դասական խաղի կանոններ, տարօրինակ չե՞ք համարում այս տիպի հարկային տնտեսական քաղաքականությունը»: Անանյանը պատասխանեց, որ տարօրինակ չի համարում: Նա նշեց, որ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, տրամաբանական կլիներ, եթե ինքը ցույց տար տեղը այդ հարկը վերցնելու. «Առաջարկում է եկամտահարկն իջեցնել, եթե ասեր՝ եկեք էսթետիկական վիրահատությունը հարկենք, ինչի չենք հարկում, կարելի էր մտածել»:

Մելքումյանն ասաց՝ «Մարդկանց դրել եք տուպիկի առաջ՝ 2015-ից աշխատավարձ, թոշակ չեք ավելացում, հարկերն էլ բարձրացնում եք: 615 հազար աշխատող ունենք՝ առանց գյուղատնտեսության, շուկայի վճարունակությունը ցածր է, մարդը իր դժգոհությունը հայտնում է ճամպրուկը վերցնել, գնալով: Հարկանին օրենսգրքի մեջ պետք է սոցիալական եւ տնտեսական զարգացման մոդելների տրամաբանություն լինի: Մարդկանց խեղդելով՝ ուզում եք հարկել, չի կարելի սպառումը հարկել: Առանց էդ էլ քիչ սպառում ունեցողների բեռը ավելացում եք»:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ շարունակաբար չենք կարող պարտք անել ու աշխատավարձ, թոշակ տալ, Հարկային օրենսգրքի հիմքում դրված է տնտեսական աճը, որը բերելու է եկամուտների բարձրացման, պետք է տնտեսվարողին հնարավորություն տալ, որ վարձու աշխատողի մոտ եկամուտ գեներացնեն: Այս ճանապարհը ճիշտ է:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ բյուջետային միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դրա համար էլ գնում են բյուջետային պլանավորմանը. «Միգուցե մենք ուշացումով ենք սկսել, բայց այս ճանապարհն այլընտրանք չունի»:

Նա հիշեցրեց, որ «2000-ականներին կրթության ոլորտում օպտիմալացում եղավ, հաշվետվություն ներկայացվեց, որ այսքան գույք, այսքան ուսուցիչ օպտիմալացվեց, որեւէ խոսք չկար՝ 10-րդ դասարանցու կրթական որակը բարձրացա՞վ, թե՞ չէ: Հիմա պետք է գլխավոր նպատակի մասին մտածել»: Խոսրով Հարությունյանն ասաց, որ առանց այն էլ 2018-ի բյուջեն շատ ռիսկային է, եւ հիմա նոր ռիսկ ավելացնել այդ բյուջեում վտանգավոր կարող է լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728