Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ընտանիքը, որը ապահոված է, նա պետք է երեխայի միանվագ չստանա, թաղման նպաստ չստանա». Հակոբ Հակոբյան

Փետրվար 21,2018 20:30

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը:

Նախարարը վստահեցրեց, որ ՀԿ-ների հիմնական առաջարկությունները ներառված են նախագծում, եւ եթե ինչ-ինչ հարցեր էլ մնացել են, շատ փոքր հարցեր են:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը խոսում է նոր տրանսպորտների մասին, պետք է հիմիկվանից մտածել եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարմար տրանսպորտային միջոցներ բերել:

Հանձնաժողովը որոշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ լսումներ կազմակերպվեն: Այն դրական եզրակացություն ստացավ:

Կառավարությունը ներկայացրեց նաեւ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծով սահմանվում են բազմազավակ ընտանիքներին կարգավիճակ տրամադրելու կարգը, հիմքերը, առաջարկվում է որոշակի աջակցության տեսակներ բազմազավակ ընտանիքներն՝ սոցիալական աջակցություն, բուժօգնություն եւ սպասարկում, բնակարանով ապահովման պետական աջակցություն, կենցաղային ապրանքի ձեռքբերման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ կամ վարկի սուբսիդավորում, ինքնազբաղվածության ապահովման աջակցություն, երեխաների կրթության աջակցություն:

Մարգարիտ Եսայանն ասաց, որ լավ կլիներ, որ բազմազավակ ընտանիք համարվեր 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքը, ոչ թե 4, գուցե խրախուսվեր երեխա ունենալը: Ոչ բոլոր ընտանիքներն են, որ 3-րդ երեխան ունենում են, գուցե ծնելիության աննախադեպ աճ լինի: Նախարարը պատասխանեց, որ տարբեր երկրներում տարբեր չափորոշիչներ կան, խնդիրն այն է, թե հնարավորություն ունե՞նք 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին նույն ծավալով աջակցել, ինչ նախատեսված է 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար: Եսայանն էլ հիշեցրեց Սերժ Սարգսյանի ասած 4 մլն դառնալու պլանները, ասաց, որ նախագահն էլ ասաց՝ ժողովրդագրական խնդիրներ ունենք եւ կառավարությունը պետք է, որ գոտիները մի քիչ ձգի: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ միայն բազմազավակ ընտանիքներ ունենալով չի, ժողովրդագրությունը բարելավելու համար կոնկրետ ծրագրեր են նախապատրաստում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ասաց, որ վերջին տարիներին խիստ պակասել է ՀՀ-ում բազմազավակ ընտանիքների թիվը,եղածների 90 տոկոսն էլ աղքատ է: Ուստի հարցրեց՝ օրենքը ընդունելուց մեկ տարի հետո բազմազավակ ընտանիքները կավելանա՞ն եւ աղքատությունից դո՞ւրս կգան: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ ինչ արած, վիճակագրությունը այդպիսին է, ու փոփոխությունները կապել միայն սոցիալական պայմանների հետ ճիշտ չէ: Նա ասաց, որ օրենքով աջակցություն են նախատեսել:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց նախագծից հանել «ծնողական փառքի մեդալ» տալը, ըստ նրա, դա բան չի տալու, ավելի լավ է մտածեն ճաշակով օգնելու մասին, քանի որ բազմազավակ ընտանիքն արդեն կոչում է:

Արտեմ Ասատրյանը հակադարձեց, թե «բարոյական խրախուսման առումով ինքը շատ կարեւոր է», նա ասաց, որ գուցե մեդալի անունը փոխեն:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը դեմ է, որ երեխաների միանվագ օգնությունը ստանան բոլոր ընտանիքները. «Ես բացարձակ համամիտ չեմ: Այն ընտանիքը, որը ապահոված է, նա պետք է երեխայի միանվագ չստանա, այն ընտանիքը, որը ապահոված է, նա պետք է թաղման նպաստ չստանա: Ինչպես գնահատել ապահովվածությունը, սա խնդիր է, որը մենք պետք է լուծենք»:

Հակոբ Հակոբյանն ասաց, որ ինքը դեմ է նաեւ օրենքը այս տեսքով քվեարկելուն. «Երբ կարդում ենք օրենքը, հասկանում ենք, որ ընդունում ենք օրենք՝ բազմազավակ մոր մեդալի մասին եւ մեկ էլ կառավարության որոշման մասին»: Հակոբյանը հիշեց Չերչիլի խոսքերը՝ 4 երեխա դաստիարակելն ավելի դժվար է, քան պետություն ղեկավարելը. «Բա 4 երեխայի մայրը, որը մինչեւ 18 տարեկան երեխաների դառնալը զբաղված է երեխաներով, ե՞րբ պետք է աշխատի, կամ ինչո՞ւ պետք է նա թոշակի գնա 63 տարեկանում, կամ եթե գնում է 63-ում, ի՞նչ կենսաթոշակ պետք է ստանա: Այս խնդիրը պետք է լուծենք, չենք կարող ստաժի տրամաբանությունը դնել բազմազավակ մոր համար, ինչպես 1-2 երեխա ունեցողի համար, հավասարության եզր չկա»:

Հակոբ Հակոբյանը նաեւ առաջարկեց բազմազավակ ընտանիքներին անտոկոս վարկ տալ, պարտքով փող տալ՝ բնակարան կառուցելու համար:

Հանձնաժողովը որոշեց նախագիծն ուղարկել լրամշակման եւ որոշեց լսումներ կազմակերպել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728