Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական մետաքսե սոպրանոն չի ընկրկի ծառայել հայրենի բանակում

Ապրիլ 19,2018 16:00

Երեւանում է օպերային դիվա Բարբարա Ֆրիտտոլին

Երրորդ անգամ Հայաստան է այցելել միջազգային մամուլի բնորոշմամբ՝ իտալական մետաքսե սոպրանո Բարբարա Ֆրիտտոլին:

Հայաստանցի հանդիսատեսի հետ օպերային դիվայի առաջին հանդիպումը կայացել է 2000-ականների սկզբին: Նա հանդես եկավ Լա Սկալա օպերային թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ՝ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: 2017թ. երգչուհին մաեստրո Կոնստանտին Օրբելյանի կողմից հրավիրվեց Երեւան ու մասնակցեց առաջին անգամ Երեւանում անցկացվող միջազգային օպերային փառատոնի գալա համերգին: Ինչպես «Առավոտին» հայտնեց Բարբարա Ֆրիտտոլին, այս անգամ հրավերը ստացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանից: Համերգը կկայանա ապրիլի 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Այս արվեստագետին անդրադառնալիս ընդունված չէ մեկառմեկ թվարկել այն դիրիժորների, ռեժիսորների, օպերային թատրոնների կամ նվագախմբերի անունները, որոնց հետ համագործակցել է նա: Այս դեպքում կատակով ընդամենն ասվում է. «Բարձրաձայնեք մեր ժամանակների ցանկացած հռչակավոր երաժշտի, կոլեկտիվի կամ թատրոնի անուն, եղեք համոզված՝ չեք սխալվի, քանի որ Բարբարա Ֆրիտտոլին միանշանակ համագործակցել է նրանց հետ»: Ի դեպ, Բարբարա Ֆրիտտոլին հայտնի է նաեւ իբրեւ վերդյան սոպրանո:

Հետաքրքրվեցինք՝ իր կարիերայի սկիզբը իբրեւ օպերային երգչուհի, ապա առաջընթացը մինչեւ այն փառքը, որ այսօր նա ունի, անցել է դիրիժոր Ռիկարդո Մուտիի ընկերակցությամբ, բայց ինչպես արտասահմանյան մամուլն է գրում՝ «ճակատամարտի» միջով… «Համամիտ եմ այդ մտքին, բայց հիմա չեմ փորփրի անցյալն ու հավանաբար ձեզ բավարարող պատասխան չեք ստանա: Միայն ասեմ, որ սիրում եմ մարտնչել, ընդունում եմ նաեւ ճակատամարտերը, իհարկե՝ որոշ բացառություններով: Ինքս ինձ զինվոր եմ համարում, բայց՝ արվեստում: Ինչ վերաբերում է մաեստրո Մուտիի հետ անցած ճանապարհիս, նա իսկապես հրամանատար էր, ես էլ՝ զինվոր: Իսկ այս դեպքում մշտապես լսել եմ նրա խորհուրդները կամ ենթարկվել այդ տաղանդավոր արվեստագետի յուրաքանչյուր հրամանին»,- ասաց մեր զրուցակիցը: Պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ ձեր առաջին երազանքը՝ ծառայել բանակում, չի իրականացել, փոխարենը եղել եք ու կաք մարտնչող զինվոր, բայց՝ մշակույթում, Բարբարա Ֆրիտտոլին հայտնեց, որ լույս աշխարհ է եկել ու մեծացել բանակում, նավատորմում, իր խոսքերով՝ բանակային գործի հետ ուղիղ կապ ունեցող մասնագետների մեծ ընտանիքում (նավաստի, օդաչու, սպա եւ այլն): «Ճիշտ է, մարտնչող զինվոր եմ մշակույթի ոլորտում, բայց, օրինակ, իսկապես դիպուկ հրաձիգ եմ, առայսօր շարունակում եմ զբաղվել պարաշյուտային սպորտով…»,- ժպտալով ասաց երգչուհին: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ եթե, այնուամենայնիվ, առաջին երազանքը կատարվեր, պայմանագրային հիմունքներով կծառայե՞ր, ասենք՝ որեւէ այլ երկրի բանակում: Սոպրանոյի պատասխանը հստակ էր. «Ոչ, միանշանակ ոչ: Կծառայեի միայն երկրիս բանակում, թեեւ, կրկնում եմ, հիմա էլ ես ինձ իտալական մշակույթի զինվոր եմ համարում»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ այս համերգին սպասե՞նք որեւէ հայ հեղինակի ստեղծագործության կատարման: «Այս անգամ ոչ, բայց եթե ինձ տրամադրեն հայ կոմպոզիտորական արվեստի որեւէ ներկայացուցչի ստեղծագործություն, հաջորդ այցիս խոստանում եմ կատարել»,- ասաց Բարբարա Ֆրիտտոլին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

19.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30