Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք եկեղեցին

Հոկտեմբեր 18,1995 10:06

Մի շարք մտավորականներ այս ամսվա սկզբին նամակով դիմել էին Ամենայն Հայոց կաթողիկոսին, խնդրելով նրան խառնվել նախագահ- Դաշնակցություն հարաբերություններին եւ օգնել հաղթահարելու ծագած դիմակայությունը։ (Ինքը՝ թեզը կասկածելի է. առաջնային մանդատ ունեցող երկրի ղեկավարներին չի կարող հակադրվել որեւէ առանձին քաղաքական կազմակերպություն։ Բայց դա առանձին հոդվածի նյութ է):

Մի քաղաքական կազմակերպություն հրապարակավ կոչ է անում նույն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ին պաշտպանել Հայաստանում քաղբանտարկյալների իրավունքները։

Մի քաղաքացի թերթի էջերում գանգատվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի պահանջում երկրի իշխանություններից բարձրացնել թոշակ-աշխատավարձերը։

Մի գրող եւ համատեղությամբ կասեցված կուսակցության դիվանապետ ափսոսանք է հայտնում, որ կաթողիկոսը հնարավորություն ունի հասարակության մեջ կայծակի (՞) դեր խաղալ, բայց չի ցանկանում…

Վերջին տասնամյակներին ձեւավորված հայկական ավանդույթ է՝ «տղա կանչել»։ Դիմել ռուս թագավորին, Կարմիր բանակին, «Պրավդա» թերթին, ՄԱԿ-ին, համաշխարհային հորեղբոր որդուն, թաղի «մեծին»…

Սակայն ազգի Հովվապետին մինչեւ վերջերս չէին անհանգստացնում։ Քանի որ պետություն ունենք։

Դեռեւս խոր միջնադարում ավարտվեց պետությունը ղեկավարելու համար դաժան պայքարը աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միջեւ՝ հօգուտ առաջինի։ Հետագայում գրեթե բոլոր երկրներում սահմանադրորեն եկեղեցին անջատվեց պետությունից։ Միակ աստվածապետությունը (թեոկրատիան) այսօր Վատիկանն է։

Այո, երբ հայերս կորցրել էինք պետականությունը, Հայոց կաթողիկոսներն էին, որ կարգավորում էին երկրի տնտեսական կյանքը, ներկայացնում էին ժողովրդի շահերը այլ պետությունների հետ հարաբերություններում, մշակում էին ժողովրդի քաղաքական կողմնորոշումը եւ այլն։

Իսկ այսօր՝ լավ թե վատ, բայց գործող օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն ունենք, արհմիություններ եւ այլ հասարակական կազմակերպություններ, որոնք եւ կոչված են կարգավորելու Հայաստանի բոլոր ոլորտները։

Մեծ Բրիտանիայի հանքափորները մերժում էին Թեթչերի տնտեսական քաղաքականությունը, գործադուլներ անում, դիմում արհմիություններին, դատարանին, բայց ոչ Քենթերբերյան արքեպիսկոպոսին՝ անգլիական եկեղեցու առաջնորդին։

Իտալիայի կամ որեւէ այլ կաթոլիկական երկրի ընտրություններում պարտված ուժերը Հռոմի Պապից չեն պահանջում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ քննադատել երկրի սահմանադրության դրույթները։

Ուրեմն, պետք չէ փորձել եկեղեցին քաղաքական գործոն դարձնել եւ կաթողիկոսին անհարմար վիճակի մեջ դնել։ Այսօր Հայոց եկեղեցին բեկումնային ժամանակաշրջան է ապրում, վերադառնալով իր ակունքներին եւ սուրբ առաքելությանը։ Եվ, եթե չենք կարողանում օգնել այդ գործում, փորձենք չխանգարել։ Հակառակ դեպքում, այն տպավորությունն է ստեղծվում, որ որոշ քաղաքական ուժեր փորձում են այս անգամ Հայաստանում ներքաշել եկեղեցին քաղաքական ասպարեզ, այն պառակտել, կիսել, վարկաբեկել հավատացյալների աչքերում։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031