«Ինչի համար ենք ասում, որ այս քննիչ հանձնաժողովը հակասահմանադրական է․ Ազգային ժողովը չի կարող ունենալ նման իրավասություն՝ միջամտելու Մայր Աթոռի գործունեությանը մի պարզ պատճառով, որովհետեւ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս։ Դա ակնհայտ հակասահմանադրական քննիչ հանձնաժողով է։ Պարոն Ռուբինյանը՝ որպես ԱԺ նախագահ, այդտեղ ուներ պարտականություն՝ վերադարձնելու այդ դիմումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախաձեռնած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ դրա արդյունքում հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով» ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։
Վարդեւանյանը հավելեց․ «Եթե իրենց մեկնաբանությունն այն է, որ օրենք կա, հետեւաբար ԱԺ-ն է օրենք ընդունողը, այդ դեպքում, կներեք, Դատական օրենսգիրքը, Քրեական դատավարության օրենսգիրքը եւս Ազգային ժողովն է ընդունել։ Հիմա կարո՞ղ ենք մենք, օրինակ, կոնկրետ դատական ակտերին գնահատական տվող քննիչ հանձնաժողով ստեղծել։ Ոչ, որովհետեւ դա կնշանակի միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Բայց եթե սա է նորմալը, եկեք ուրեմն դա էլ քննարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ ստեղծելու ԱԺ քննիչ հանձնաժողով՝ Շաքիում տեղի ունեցած դեպքի եւ բանակում ինքնասպանությունների դեպքերի ուսումնասիրության նպատակով, Վարդեւանյանն ասաց․ «Կարծում եմ՝ մեր հայրենակիցներից բոլորին է այդ դեպքը ոչ թե հետաքրքիր, այլ ծայրահեղ անհանգստացնող։ Արտառոց դեպք է տեղի ունեցել, ո՞նց կարող է ՀՀ սահմանների անձեռնմխելիությունն այդ աստիճանի դեֆիցիտ ունենալ»։
Ըստ նրա՝ պետության պարտականությունը մեր անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելն է, ինչն այս դեպքում չի եղել։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































