Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. «Արցախի համար լուրջ ու հետաքրքիր հեռանկարներ եմ տեսնում»

Նոյեմբեր 01,1995 13:31

Հոկտեմբերի 31-ին ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց հանրապետության զանգվածային միջոցների աշխատողների եւ ՀՀ ու ՌԴ՝ Արցախում հավատարմագրված լրագրողների հետ։ Իր ներածական խոսքում ԼՂՀ նախագահը հայտնեց, որ հանդիպումը աշխատանքային բնույթ է կրում, որի նպատակն է լրագրողներին ներկայացնել հանրապետությունում առկա հասարակական-քաղաքական իրավիճակը եւ դեպքերի զարգացման հնարավոր հեռանկարների՝ իշխանությունների տեսակետը, քննարկել լրագրողներին հուզող հարցեր ու խնդիրներ։

ԼՂՀ նախագահը հանգամանորեն վերլուծեց հանրապետության քաղաքական, տնտեսական եւ ռազմական իրավիճակը։ Ընդգծելով «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի յուրօրինակությունը, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանեց, որ իշխանությունների մարտավարությունն անմիջականորեն բխում է դրանից։ Մենք պարտավոր ենք չանտեսել պատերազմի վերսկսման իրական վտանգը եւ երկրի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտությունը։ Բայց միեւնույն ժամանակ միջոցներ ձեռնարկել հանրապետության կյանքը քաղաքացիական բնականոն հունի մեջ դնելու ուղղությամբ։ Երբեմն այդ միջոցները կիսամիջոցներ են դառնում, ինչը պայմանավորված է դրության ոչ միանշանակությամբ,- ասաց նախագահը։

Խոսելով տնտեսական բարեփոխումների ծրագրի արագ կենսագործման մասին, ԼՂՀ նախագահն ասաց, որ Արցախը գտնվում է նույն տնտեսական տարածության մեջ, ինչ Հայաստանը, եւ ընդգծեց նրա հետ համաքայլ գնալու անհրաժեշտությունը՝ մենք այլընտրանք չունենք, եթե ուզում ենք խուսափել տնտեսական մեկուսացումից։

Ռոբերտ Քոչարյանն առանձնակի ուշադրություն դարձրեց երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, այն համարելով պահի կարեւորագույն խնդիրներից մեկը։ Ինչ վերաբերում է ներքին կայունությանը, ապա այստեղ դրության տերը պետք է լինեն իրավապահ մարմինները, պիտի հստակորեն գործի երրորդ իշխանությունը։

Արտաքին հարաբերություններում եւ հակամարտության խաղաղ կարգավորման շարունակվող բանակցություններում առաջընթաց չկա, ասաց նա, եւ չպետք է պատրանքներ ունենալ, որ շատ շուտ մեզ համար բարենպաստ լուծում կգտնվի։ Այնուհանդերձ նա նշեց, որ Արցախի համար լուրջ եւ հետաքրքիր հեռանկարներ է տեսնում։ Անդրադառնալով զանգվածային լրատվության միջոցներին, ԼՂՀ նախագահը կարեւորեց լրագրողների դերը ներքին կայունության ապահովման եւ աշխարհում ԼՂՀ-ի մասին բարենպաստ կարծիքի ձեւավորման գործում։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, նախագահն ընդգծեց լրագրողների իրավունքների ու պարտականությունների՝ իրավիճակին համապատասխանող հաշվեկշռի եւ այդ պայմաններում աշխատելու գիտակցված անհրաժեշտությունը։ Ես հասկանում եմ ձեր աշխատանքի ու հոգեվիճակի ամբողջ բարդությունը, ընդգծեց նախագահը։

Վերջում Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

«Առավոտի» թղթակցի հարցը, ժողովրդավարական եւ նույնիսկ ոչ ժողովրդավար երկրներում իշխանություններ-մամուլ հարաբերությունները, որպես կանոն, կարգավորվում են մամուլի մասին օրենքով, մի բան, որ մեզ մոտ բացակայում է։ Որքանո՞վ եք Դուք կարեւորում այդ օրենքի անհրաժեշտությունը մեր պարագայում։

Ռ. Քոչարյան – Ես գտնում եմ, որ ցանկացած բնագավառում, բնականոն գործունեություն հնարավոր է ապահովել օրենսդրական բազայի առկայությամբ։ Այս տեսանկյունից էլ կարեւորում եմ այդ օրենքը։ Մամուլի մասին օրենքը անկասկած անհրաժեշտ է։ Եթե խոսքի ազատության ապահովման հարցում բարդություններ ծագեն առնչված ռազմական դրության հետ, ապա կարելի է համապատասխան լուծում գտնել, որը համահունչ լինի իրավիճակին։ Բայց կրկնում եմ, օրենք՝ լավ թե վատ, անհրաժեշտ է։ Իրավական դաշտում վակուումը անթույլատրելի է։ Օրենքի նախագիծը կա, եւ որքան գիտեմ, այն քննարկման պետք է դրվի խորհրդարանում։

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930