«Առողջ առավոտի» շրջանակներում բժիշկների հետ իմ հարցազրույցների ժամանակ հաճախ եմ նրանց խնդրում առանձնացնել բժշկական որևէ հայտնագործություն, որը հիմնովին փոխել է մարդկանց կյանքն ու առողջությունը։ Նրանց պատասխանները շատ տարբեր են լինում, բայց մի միտք կիսում են բոլորը՝ «մենք դեռ չգիտենք, թե ինչ չգիտենք, և ապագայում էլ մեզ սպասում են նորանոր բացահայտումներ»։ Ես լսում եմ նրանց ու մտածում՝ իսկ ի՞նչ կլիներ մարդկության հետ, եթե անհատները չխիզախեին անգամ սեփական կյանքի, առողջության, հեղինակության գնով բացահայտել ճշմարտությունը․․․ Այդպիսի անհատների թվում են ավստրալիացի գիտնականներ Ռոբին Ուորենն ու Բարրի Մարշալը, որոնց հայտնագործությունը փոխեց ստամոքսի հիվանդությունների մասին գիտական պատկերացումները։
Կար ժամանակ, երբ բժշկության մեջ ընդունված էր այն դոգմատիկ համոզմունքը, որ ստամոքսը ստերիլ օրգան է, որի թթվային միջավայրը բացառում է բակտերիաների բնականոն գոյությունն ու բազմացումը, իսկ դասագրքերը պնդում էին, որ խոցերն առաջանում են սթրեսից, կծու և թթու սննդից և այլն։ Ստամոքսում հայտնաբերված միկրոօրգանիզմները հաճախ դիտարկվում էին որպես պատահական աղտոտման հետևանք, այլ ոչ թե հիվանդության հնարավոր պատճառ։
Սակայն 1979 թ․-ի հունիսի 11-ին Ավստրալիայի Փերթ քաղաքի թագավորական հիվանդանոցի պաթոլոգ Ռոբին Ուորենը նկարագրում է քրոնիկ գաստրիտով հիվանդի ստամոքսի հյուսվածքում հայտնաբերված բակտերիաները։
Ստամոքսի բիոպսիայի նմուշն ուսումնասիրելիս նա նկատել էր, որ լորձաթաղանթի որոշ հատվածներում առկա են մեծ քանակությամբ բակտերիաներ, որոնք սերտորեն կապված են էպիթելային բջիջների հետ։ Դրանք հիշեցնում էին Campylobacter ցեղի մանրէներ և, ըստ Ուորենի դիտարկման, ոչ թե պատահական աղտոտիչներ էին, այլ ակտիվորեն բազմանում էին։
Կարդացեք նաև
Գիտնականը, սակայն, չէր շտապում եզրակացություններ անել։ Նա խոստովանում էր, որ դեռևս չի հասկանում այդ անսովոր հայտնագործության նշանակությունը, բայց համոզված էր, որ այն արժանի է հետագա ուսումնասիրության՝ սննդային սովորությունների, մարսողական համակարգի աշխատանքի և մանրէաբանության տեսանկյունից։
Ուորենի դիտարկումները, որոնք նա բազմիցս ներկայացնում էր կլինիկաախտաբանական քննարկումների ժամանակ, թերահավատություն էին առաջացնում գործընկերների շրջանում։ Նրան հիմնականում երկու հարց էին ուղղում․ ինչո՞ւ է կարծում, որ բակտերիաներն են վարակի առաջնային պատճառը, այլ ոչ թե բորբոքման հետևանք, և եթե դրանք իսկապես առկա են ստամոքսում, ինչո՞ւ նախկինում չեն հայտնաբերվել։
Այդ հարցերի պատասխանները դեռ պետք է գտնվեին։ Ուորենի համոզմամբ՝ անհրաժեշտ էր շարունակել հետազոտությունները։
1981 թ․-ին ներքին հիվանդությունների մասնագիտացման օրդինատոր Բարրի Մարշալը գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքում վերապատրաստման ընթացքում հնարավորություն է ստանում աշխատելու Ռոբին Ուորենի հետ։
Սկզբում Մարշալը նույնպես կասկածում էր Ռոբին Ուորենի հետազոտության նշանակությանը։ Ուորենին չի հաջողվում անմիջապես համոզել նրան, և առաջարկում է ծանոթանալ հետազոտության արձանագրությանն ու առայժմ մի կողմ դնել գաստրիտի վերաբերյալ ընդունված պատկերացումները։
Ուսումնասիրելով նյութերը՝ Մարշալը համաձայնում է միանալ հետազոտությանը։ Նրանք սկսում են ուսումնասիրել 20 հիվանդի տվյալներ՝ լրացուցիչ փորձանմուշներ վերցնելով նաև ստամոքսի՝ էնդոսկոպիկ հետազոտությամբ տեսանելիորեն նորմալ լորձաթաղանթից։
Նրանց աշխատանքը հեշտ չէր։ Էնդոսկոպիկ հետազոտություններ իրականացնող որոշ գաստրոէնտերոլոգներ անհեթեթ էին համարում ստամոքսի բիոպսիաները բակտերիաների հայտնաբերման նպատակով ցանքսի ենթարկելու գաղափարը։ Նրանց կարծիքով՝ գաստրոէնտերոլոգիայի նպատակը հիվանդների բուժումն էր, ոչ թե նման փորձերը։ Բացի այդ, քանի որ երկար տարիներ ոչ ոք չէր կարողացել ստամոքսից բակտերիաներ աճեցնել լաբորատոր պայմաններում, շատերը անհրաժեշտ չէին համարում նման փորձերը։
Այնուամենայնիվ, Մարշալը շարունակում է պնդել իր առաջարկը՝ համագործակցելով մանրէաբանության լաբորատորիայի մասնագետների հետ։ Նրանք մի քանի անգամ փոփոխում են սննդային միջավայրի բաղադրությունը և ինկուբացման ջերմաստիճանը։ Եվ վերջապես հաջողվում է։
Փորձարկված 35-րդ նմուշից ստացված ցանքսում բակտերիաներն աճում են։ Հետաքրքիր է, որ հաջողությունը մասամբ պայմանավորված էր նաև պատահականությամբ․ լաբորատորիայի աշխատակիցները Զատկի տոների ընթացքում մոռացել էին ինկուբատորում թողնված նմուշի մասին։ Ավստրալիայում տոնական այդ օրերը տևում են հինգ օր։ Լաբորատորիա վերադառնալուց հետո՝ 1982 թվականի ապրիլի 14-ին, մասնագետները հայտնաբերում են Helicobacter pylori-ին բնորոշ գաղութները։ Այս պատմությունը հիշեցնում է առաջին հակաբիոտիկի հայտնագործումը, երբ հանգստի մեկնելուց առաջ Ալեքսանդր Ֆլեմինգը լաբորատորիայի իր սեղանին էր թողել Պետրիի չլվացված թասիկները, որոնցում ուսումնասիրվում էին ախտածին մանրէները․․․
Բակտերիայի հայտնաբերումից հետո Ուորենն ու Մարշալն իրենց արդյունքները ներկայացրին գիտական հանրությանը, որը, մեղմ ասած, թերահավատությամբ մոտեցավ հարցին։
1983 թ․-ին Ավստրալիայի գաստրոէնտերոլոգիական ընկերությունը մերժեց նրանց առաջին հետազոտական աշխատանքը։ Գիտնականները ներկայացրել էին տվյալներ, ըստ որոնց՝ H. pylori-ն ավելի հաճախ էր հայտնաբերվում քրոնիկ գաստրիտով ախտահարված լորձաթաղանթում, քան առողջ լորձաթաղանթում։ Հետազոտությունը ցույց էր տվել նաև բակտերիայի կապը տասներկումատնյա աղիքի խոցերի հետ։ Սակայն ստամոքսի խոցերի դեպքում վիճակագրորեն նշանակալի կապ չէր հաստատվել։
Ներկայացված 67 աշխատանքներից գիտաժողովի համար ընտրվել էր 56-ը, իսկ Ուորենի և Մարշալի հետազոտությունը մնացել էր մերժված 11 աշխատանքների շարքում։
Այդուհանդերձ, գիտնականները չդադարեցրին ուսումնասիրությունները։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ H. pylori-ն կարող է ոչ միայն կապված լինել քրոնիկ գաստրիտի հետ, այլև կարևոր դեր ունի խոցային հիվանդության առաջացման և կրկնության մեջ։
Հայտնագործության նշանակությունն ապացուցելու համար Բարրի Մարշալը գնաց անսովոր քայլի․ նա ինքնակամորեն ըմպեց H. pylori պարունակող բակտերիալ կուլտուրա՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ այդ միկրոօրգանիզմը կարող է առաջացնել ստամոքսի բորբոքում։
Այս ինքնափորձի հետևանքով նրա մոտ զարգացավ գաստրիտ, ինչը ցույց տվեց բակտերիայի և հիվանդության պատճառահետևանքային կապը։
Հետագա ուսումնասիրությունները նոր ապացույցներ բերեցին։ Պարզվեց, որ H. pylori-ի վերացումից հետո տասներկումատնյա աղիքի խոցերի կրկնության հավանականությունը զգալիորեն նվազում է։ Ուսումնասիրվեց նաև բիսմութի միացությունների հակաբակտերիալ ազդեցությունը։
Միկրոօրգանիզմը սկզբում ստացել էր Campylobacter pyloridis անվանումը, սակայն հետագայում այն անվանափոխվեց Helicobacter pylori։
Բարրի Մարշալը շարունակեց հետազոտությունները՝ կենտրոնանալով բակտերիայի հայտնաբերման և բուժման մեթոդների վրա։ Նա մասնակցություն ունեցավ արագ ուրեազային թեստի և շնչառական թեստի մշակման ու ներդրման գործում։ Դրանք դարձան H. pylori-ի հայտնաբերման կարևոր ախտորոշիչ մեթոդներ։
Չնայած ապացույցներին՝ գիտական հանրության մի մասը դեռևս թերահավատորեն էր վերաբերվում Ուորենի և Մարշալի եզրակացություններին։ Վերջնական համոզիչ փաստարկներից մեկը դարձավ բժիշկ Գրեհեմի հետազոտությունը, որը հրապարակվեց Annals of Internal Medicine ամսագրում և հաստատեց նրանց արդյունքները։
Այդ պահից սկսած՝ H. pylori-ի դերը ստամոքսի հիվանդությունների զարգացման մեջ աստիճանաբար ընդունվեց բժշկական հանրության կողմից։
Հայտնագործությունը հիմնովին փոխեց խոցային հիվանդության առաջացման մեխանիզմների մասին պատկերացումները։ Ավելին՝ հետագա ուսումնասիրությունները հաստատեցին H. pylori-ի կապը ստամոքսի քաղցկեղի զարգացման հետ՝ ցույց տալով, որ վարակի ժամանակին հայտնաբերումն ու վերացումը կարող են նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը։
2005 թ․-ին Ռոբին Ուորենն ու Բարրի Մարշալը բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում արժանացան Նոբելյան մրցանակի՝ Helicobacter pylori բակտերիայի և գաստրիտի ու խոցային հիվանդության առաջացման միջև կապի բացահայտման համար։
Ուորենի և Մարշալի պատմությունը նշանակալի է ոչ միայն բժշկության մեջ ունեցած իր ազդեցությամբ, այլև գիտական հետազոտությունների նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից։
Հատկանշական է, որ Նոբելյան մրցանակի արժանացած այս երկու գիտնականները հայտնագործության պահին չունեին գիտական աստիճաններ կամ երկար տարիների ակադեմիական հետազոտության փորձ։ Նրանց հաջողությունը հիմնված էր կլինիկական դիտարկումների, համառ աշխատանքի, փորձարարական հետազոտությունների և համագործակցության վրա։
Այս պատմությունը նաև հիշեցում է, որ գիտության մեջ որևէ երևույթի բացակայության մասին ապացույց չունենալը դեռ չի նշանակում, որ այդ երևույթը գոյություն չունի, և երբեմն գիտության առաջընթացի համար անհրաժեշտ է ոչ թե հետևել ընդունված համոզմունքներին, այլ համարձակվել կասկածի տակ դնել դրանք։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Ուիլյամ Օտերո-Ռեգինո, «Helicobacter pylori՝ բացահայտում, որը
հերքեց բժշկական դոգման»























































