Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն շահեց եւս մեկ ճակատամարտ

Նոյեմբեր 08,1995 11:36
hhsh

Ընդունվեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը

Երեկ ԱԺ առավոտյան նիստում անսպասելի արագությամբ դռնփակ ընդունվեց ՀՀ վարչատարածքային բաժանման օրենքի նախագիծը, որի

շուրջ արդեն մեծ կրքեր էին ծավալվել անցած եռօրյային։ Պատգամավորական բազում առաջարկություններից    եւ առարկություններից վավերացվեցին միայն լեզվական շտկումները, հնաբույր Այրարատը, Ուտիքը վերանվանվեցին առավել հասկանալի Արարատի եւ Տավուշի, իսկ Գուգարքի մարզը՝ Լոռվա։ Ի մխիթարություն «վտարյալ» թղթակիցների՝ ԱԺՄ խմբակցության անդամ Դավիթ Վարդանյանն ասաց, թե ոչ ոք մեծ բան չի կորցրել՝ մասնակիցը չդառնալով այս գործընթացի, թերեւս որպես արդարացում ԱԺՄ-ի կրավորական դիրքորոշման (խմբակցությունից միայն Սեյրան Ավագյանը հավաստեց իր «ոչ»-ը, մնացյալք բացակայում էին)։ Այնուհանդերձ, շահերի տարասփռումը խիստ ակնառու էր, թեեւ քվեարկությունից հետո պատգամավորներից գրեթե ոչ ոք չկամեցավ կիսել իր խանդավառությունը . կամ մտահոգությունը եզրային սահմանով ընդունված օրենքի վերաբերմամբ։ 85 կողմ, 39 դեմ, 32 ձեռնպահ ձայներով Հայաստանը բաժանվեց 10 մարզի եւ համանման կարգավիճակ ունեցող» Երեւան քաղաքի։ Անվանական քվեարկությամբ (քվեարկության այս համակարգը վերջերս միտում ունի դառնալու ՀՀՇ խմբակցության «ծանր հրետանին»՝ տատանվող պատգամավորներին ուղղված) բավական յուրօրինակ պատկեր է ուրվագծվում միակամության հավակնող «Հանրապետություն» միավորման ներսում։ Սա առաջին նախադեպն է, երբ կուսակցական համերաշխությունը խախտվեց՝ գործնական կողմնորոշումների ճնշման ներքո։ Ավանդաբար դեմ քվեարկող ՀԿԿ խմբակցությանը միացան ՀՀՇ-ի ազդեցիկ դեմքերը, ԱԺ նախագահը ձեռնպահ մնաց, նրա տեղակալ Կարապետ Ռուբինյանը հստակ «դեմ» էր։ ՍԴՀԿ, ՔԴՄ անդամները եւ ՀՀՇ վարչության արմատականները, ինչպես նաեւ Դաշնակցության եւ ՀՌԱԿ-ի միակ ներկայացուցիչները՝ Ռ. Հակոբյանը եւ Վ. Ավոյանը՝ «կողմ»։ Երեւան քաղաքի բնակավայրերի եւ թաղամասերի ցանկը օրենքի բաժանված նախագծում տրված չէր, թեեւ շրջխորհրդի նախագահների զգալի մասը դեմ էր, այսինքն՝ նրանց շահերը եւ միտումները կառավարությունը նմանապես հաշվի չէր առել, իսկ Երեւանի քաղաքապետը, ոմանց օրինակով, իր դիրքորոշումն, հավանաբար, արտահայտել էր՝ չքվեարկելով։ «Բարեփոխումներ» խումբը հերթական անգամ վկայեց իր քննադատական կեցվածքը՝ միահեծան կամքի թելադրման հանդեպ։ Նշենք, որ օրենքին հաջորդելու է ՀՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առավել վճռորոշ արժեք ունեցող նախագծի քննարկումը, գործի հաջող սկիզբը, սակայն, ՀՀՇ-ի համար խոստումնալից վախճանի գրավականն է։

Ն.ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930