Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոկոս վարկեր եւ չմուծվող անդամավճարներ

Նոյեմբեր 15,1995 12:21

Երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ՀՀ արտաքին պարտքի սպասարկման, արտգործնախարարության ֆինանսավորման, միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների եւ բյուջեում մարդասիրական օգնությունից ստացված եկամուտների արտացոլման հարցերը։ Ֆինանսների փոխնախարար Ա.Մարտիրոսյանը ներկայացրեց մեր արտաքին պարտքի կառուցվածքային պատկերը՝ վճարման ենթակա տոկոսադրույքներով։ Պատգամավորների մտահոգության կենտրոնում երեք հարցեր էին՝ ա)Հայաստանի արտաքին պարտքի տոկոսային աճի դինամիկան, բ)մեր վճարունակությունը, գ)վերցված վարկերի օգտագործման արդյունավետությունը։

Փոխնախարարը փաստեց, որ կառավարությունում ծրագրավորված է արտաքին պարտքի աճման ողջ պատկերը՝ մինչեւ 2010թ., բայց որովհետեւ կանխագուշակումներն անշնորհակալ գործ են, առավել ձեռնտու է կողմնորոշվել մերձակա անցյալի եւ ապագայի հատույթում։ Ըստ այդմ՝ ՀՀ արտաքին պարտքը 1994թ. կազմում էր 414,4 մլն ամերիկյան դոլար,

1995-ին՝ 536 մլն, 1996-ին՝ 773,3 մլն, 1997թ.-ից աճի տեմպերը նվազելու են, իսկ պարտքի ընդհանուր գումարը աճելու է 790,2 մլն դոլարով. 1999-ին արդեն գումարը կհատի 1 մլրդ-ի սահմանագիծը 26 մլն-ով։ Այնուհանդերձ, ՀՀ արտաքին պարտքի մեծության սահմանները կառավարության կողմից վերահսկվում են, եւ վտանգավորության սահմանագիծը դեռեւս չի հատված։ Արտաքին պարտքի մեծությունը պետք է համադրելի լինի պետության համախառն ներքին արդյունքի ծավալին։

Վարկերի օգտագործման արդյունավետությունը, ըստ պրն Մարտիրոսյանի, բնավ անհանգստացնող գործոն չէ, որովհետեւ մեզ տրամադրվող վարկերը գրեթե անտոկոս են՝ սպասարկման աննշան գումարներով, բացառյալ Հրազդանի ՊՇԷԿ-ի եւ հացահատիկի համար ստացված Եվրամիության

վարկերը, որոնց տոկոսադրույքները բավական բարձր են։ Հայաստանը Համաշխարհային բանկի հայեցակետից գտնվում է այն երկրների կարգավիճակում, որոնք ի վիճակի են ստանալու սոսկ երկարաժամկետ, առանց տոկոսադրույքի վարկեր։ Մեր վճարունակության վերաբերյալ ոչ ոք պատրանքներ չի տածում։ Բայց լուրջ նպատակներ հետապնդող պետությունը չի կարող բավարարվել նման կարգավիճակով, ուստի կառավարությունը ձգտում է վստահության հիմքեր ստեղծել՝ արժանանալու առեւտրային, շուկայական վարկերին։ Վերջիններս, բնականաբար, կունենան բարձր տոկոսադրույքներ, սակայն մեծ հնարավորություններ կընձեռեն տնտեսության մեջ արագ փոփոխություններ կատարելու։ Ներկա վարկերը ուղղված են լոկ արտադրական եւ ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավմանը։

Ճիշտ է, Հայաստանի վճարունակությունը առայժմ անմխիթարական է, բայց տվյալ դեպքում լուրջ վտանգ ներկայացնում են միայն Եվրամիության հիշատակված երկու վարկերը՝ 20 մլն եւ 38 մլն էքյու ընդհանուր գումարով։ 1995թ. օգոստոսի 20-ից արդեն պետք էր սկսել մարումը, սակայն կառավարությունը լուրջ բանակցություններ է ծավալել հետաձգման համար։

Պատգամավորների ուշադրությանը ենթակա հաջորդ վճռաբեկ հարցը մեր

արտաքին քաղաքական վարդապետությունն            էր (դոկտրինա): Ինչպես հանրամատչելի ձեւակերպեց ԱԺ նախագահի տեղակալ Արա Սահակյանը, այդ վարդապետությունը պարտադրում է ակտիվ մասնակցություն միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին։ Սակայն այստեղից ծնվում է օրինաչափ հարց. «Որքա՞ն է նստում այդ անդամակցությունը պետբյուջեի վրա, եւ ի՞նչ շահեր է հետապնդում այն»։ Փոխնախարարը, խրախուսված պատգամավորների աջակցությունից, շեշտեց ավելորդ ծախսարարությունը, էական տեսակարար կշիռ չունեցող կազմակերպություններին անդամագրվելը, բացի ֆինանսական լուրջ ճեղքվածքներից, որեւէ առավելություն մեր պետությունը չի ընձեռում: Ընդ որում, Հայաստանի առանձին նախարարություններ արդեն սկսել են խիզախել՝ ինքնակամ դառնալով միջազգային տարբեր կազմակերպությունների անդամ։ Ինքնագործունեության լայն դաշտ է բացվել՝ վկան ԱԺ նիստերում փաթեթներով հաստատվող միջազգային պայմանագրերը եւ միացման կարոտ կոնվենցիաները։ Թեեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պրն Իգիթյանը նշեց, որ իրենք ամենից առաջ ներկայացնում են այն համաձայնագրերը, որոնք ֆինանսական պարտականություններ չեն ենթադրում։ Արդյունքում, Արա Սահակյանի պնդմամբ, հանձնաժողովը պետք է ստեղծի «դոսյե»՝ ով ինչ պայմանագրեր է կնքում, կարգապահություն է պետք։ Չպետք է մոռանալ նաեւ, որ կարելի է անդամակցել՝ առանց վճարելու, նախադեպերը բազում են՝ Ամերիկան, օրինակ չի վճարում ՄԱԿ-ի իր վիթխարի պարտքերը…

ՀՀ արտաքին քաղաքականության վարդապետությունից անցում կատարվեց ԱԳՆ ֆինանսավորմանը։ Առաջին հայացքից՝ 1996թ. ԱԳՆ-ի համար նախատեսվող գումարները ակնհայտորեն աճում են. 1995-ի

131 մլն 607700 դրամից կամ 323 հազար դոլարից 1996-ին դրանք կազմելու են

175,3 մլն կամ 406,8 դոլար։ Սակայն, ինչպես հավաստեց փոխարտգործնախարար պրն Զուլոյանը, գումարային 25 տոկոսանոց աճը կբավականացնի լոկ աշխատավարձերի եւ արտասահմանում մեր դիվանագիտական ծառայությունների անվտանգությունը երաշխավորող

ոստիկանության ծախսերի համար։ Ամենավիճելին գործուղման ծախսերն են. արտգործնախարարությունը, դատելով բերված գումարներից, առաջնորդվում է տնտեսման խստագույն ռեժիմով։ Նրանց համար բացված 18 մլն գործուղումների վարկից ընդամենը 30 տոկոսն է ծախսված։ Իրականում, իհարկե, խնդիրը ոչ թե տնտեսվարությունն է, այլ այդ գումարների բացակայությունը։ Բացի այդ՝ գործուղումների տարբերակումը ըստ ԱՊՀ եւ հեռավոր արտասահման կարգերի, բազում դժվարություններ է առաջացնում նախարարության աշխատանքում։ ԱՊՀ գործուղումների համար

բյուջեում նախատեսված է 15 մլն 410 հազար դրամ, իսկ հեռավոր արտասահմանի համար գործում է բոլորովին այլ սկզբունք։ Կառավարությունը նախատեսել է հեռավոր գործուղումների ընդհանուր ֆոնդ՝ 300 հազար ամերիկյան դոլարի չափով։ Այս նորամուծության նպատակը հանրապետության սակավ արժույթային միջոցների առավել արդյունավետ կիրառումն է, կամ, ինչպես նշեց պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը, պետական մոտեցման հաղթանակը։ Թեեւ նման մոտեցման խորքերում արտգործնախարարությունը եւ պատգամավոր Գ. Ղարիբջանյանը «ընդգծված վերաբերմունք» նշմարեցին։ Գ. Ղարիբջանյանի համոզմամբ, լավագույն

մեքենաները, շենքերը, հագուստը պետք է տրամադրվեն այս նախարարությանը, որովհետեւ այն աշխարհին ներկայացող մեր դեմքն է։

Սակայն կառավարությունը անհողդողդ է, բյուջեն՝ եւս։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930