Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտության դասերը

Դեկտեմբեր 12,1995 10:04

ԱԺՄ համագումարի երկրորդ օրը Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով իր կուսակցական գործունեության վերլուծությանը, ամենից առաջ փորձեց վերականգնել 1995 թվականի հուլիսի 5-ի ԱԺ ընտրություններում եւ Սահմանադրության հանրաքվեում ընդդիմության պարտության պատմությունը, ԱԺՄ-ի պարտությունը, իրոք, անբաժանելի էր մյուս ընդդիմադիր կուսակցությունների ձախողումից, եւ պատճառը ոչ միայն հերթական չկայացած դաշինքն էր։ Այդ պարտությունը սկսվեց Գերագույն խորհրդում ընտրությունների մասին օրենքի ընդունմամբ։ Որքան մոտենում էր հուլիսի 5-ը, այնքան ուժեղանում էր իշխանությունների ճնշումը, որը դրսեւորվում էր տարբեր կերպ՝ խոստումներ, կաշառք, վախ, եւ Գերագույն խորհրդում հավաքվեց ձայների բաղձալի 2/3-ը։ Ընտրությունների օրենքի ընդունումն արդեն ՀՀՇ-ի հաղթանակն էր՝ կանաչ լույսը։ Մարդկանց մեծ մասը տատանվում է մինչեւ այն պահը, երբ որոշվում է ուժի տերը. սովորական մարդկային հոգեբանություն։ Ժողովուրդը, Վ. Մանուկյանի համոզմամբ, ատում էր իշխանություններին, բայց ճանաչում էր նրանց ուժը։ Ընդդիմությունը՝ որպես հակակշիռ, հասարակությունը չկարողացավ գնահատել, եւ պատճառն անվստահությունն էր։ Այսինքն՝ մեր հասարակության մեջ իշխում էր ատելությունը, վախը եւ անվստահությունը։ Ճիշտ է, միշտ էլ հնարավոր էր հավաքել բորբոքված մարդկանց 50 հազարանոց ամբոխներ, մարդկանց՝ որոնք ունակ են ջարդելու դղյակներն ու ապարանքները, բայց այդ մարդկանց ինքնաստեղծագործ մակարդակը չափազանց ցածր է։ ԱԺՄ-ն իր հենարանը երբեք չի համարել լյումպենին։

Ընդդիմության կողմից ժողովրդի հասցեին հնչող մեղադրանքները չեն կարող արդարացում համարվել, պարտության պատճառները պետք է փնտրել ժողովրդին առաջնորդող քաղաքական ուժերի հարաբերակցության մեջ։ Միակ կուսակցությունը, որ հուլիսի 5-ին կարող էր հավակնել հեգեմոն

ուժի՝ ՀՅԴ-ն էր, վերջինս տեսականորեն ուժեղ էր ե՛ւ իր հայաստանյան կառույցներով, բազմանդամ շարքերով, ե՛ւ Սփյուռքի զորակցությամբ։ Բացի այդ՝ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որը ներքաշված չէր պետական կառույցներին, այսինքն վարկաբեկված չէր։ Ժողովուրդը հիասթափված չէր միայն Դաշնակցությունից, եւ եթե ՀՅԴ-ն իր շուրջ համախմբեր մյուս կուսակցություններին, դաշինքը կկայանար։ Սակայն, ՀՅԴ-ն չկարողացավ կատարել իր առաքելությունը, պատճառները երկուսն էին. նախ՝ իշխանության հալածանքները, եւ ապա ամենակարևորը՝ ներքին բանավեճերը, բանավեճեր, որոնք ջլատեցին կուսակցությունը եւ թույլ չտվեցին մշակել անկախ Հայաստանում ընդունելի քաղաքական գործելակերպ։

Ինչ  վերաբերում  է  պարբերական դաշինքների  պատմությանը,   ապա ԱԺՄ-ն բոլոր փուլերում իրեն վճռական դաշնակից համարեց ՍԻՄ-ին եւ Դեմոկրատական կուսակցությանը։ ԱԻՄ-ի եւ ՀՅԴ-ի, ինչպես եւ կոմունիստների հետ վիճաբանությունները միշտ էլ խոչընդոտել են իրական համախմբմանը։ Հատկապես լուրջ մարտավարական սխալ էր ընտրությունները բոյկոտելու գաղափարը, որին հակված էին որոշ քաղաքական ուժեր։ ԱԺՄ-ն ե՛ւ սկզբում, ե՛ւ վերջում դեմ է եղել բոյկոտին, որովհետև բոյկոտի մարտավարությունն ի սկզբանե պարտվողական է։ Այդ տեսանկյունից Վազգեն Մանուկյանը բարձր գնահատեց Լեոնիդ Հակոբյանի փաստարկը, ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը լուծված է դեռեւս 1848 թվականից, այսինքն՝ մտնել-աշխատել-պայքարել։ Բոյկոտներով ոչ մի հարց չի լուծվում։ Այս գաղափարի շեշտումը հատկապես կարեւոր է նախագահական ընտրությունների նախաշեմին։

Ազգային ժողովում ընդդիմության նվաճած ձայների փոքր տոկոսը ԱԺՄ նախագահի կողմից վճռական փաստարկ չհամարվեց. մի պատգամավոր ավել, մի պատգամավոր պակաս: Էականը Սահմանադրության արդյունքներն էին։ Ընդ որում` հասարակության գործուն մասը, այս կամ այն պատճառներով դուրս մնաց պատգամավորական պայքարից, նրանք չմտան ընդդիմության մեջ, գուցե պատճառը համարձակության պակասն էր, բայց այդ մարդիկ գիտելիքների տեր էին, պարկեշտ։ Ընդդիմությանը չէր փրկի նաեւ յուրաքանչյուր ընտրատարածքում մեկ թեկնածու թողնելը, որովհետեւ ելքը կանխորոշված էր. եթե ընտրատարածքներում կեղծումները չբավարարեին, ապա օգնության կգար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Լուրջ բացթողում էր Սահմանադրության հաղթանակի կորուստը, ժողովուրդն ասաց իր «ոչ»-ը, իսկ ընդդիմությունը ոտքի չբարձրացրեց հասարակությանը հանուն այդ «ոչ»-ի։ Այն դեպքում, երբ իշխանությունն առաջին պահին շփոթության մեջ էր։ Այնուհանդերձ 95-ը պետք է համարել բախտորոշ տարի, վերլուծությունների եւ եզրակացությունների, հույզերից ձերբազատվելու շրջան։ Որպես վերլուծությունների փաստական աղբյուր՝ Վազգեն Մանուկյանը վկայակոչեց «Ֆիլարետի տետրը», որը արդեն դարձել է ողջ միջազգային հանրության հետաքրքրության առարկան։ Այստեղ Ֆիլարետ Բերիկյանը ամփոփել է տեղերում եւ ապա ԿԸՀ-ում կատարված զեղծարարությունների ողջ պատմությունը։ «Ժամկետանց վաղեմության» սկզբունքը չի կարող գործել։ Զեղծարարները պետք է պատասխան տան, վկան՝ միջազգային պատմությունը եւ վերջին նախադեպը՝ Հարավային Կորեայի օրինակը։

Գալիք ընտրություններում հաջողության «թեորեմ» Վազգեն Մանուկյանը չունի։ Սակայն կա մեկ կարգախոս՝ խոսքի եւ գործի համընկնում եւ երկու ուղղություն՝ դեպի կուսակցական շարքերն ու դեպի ժողովուրդը։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031