Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը չի փոխվի

Դեկտեմբեր 16,1995 16:32

Օրերս Ռուսաստանում կայանալիք Պետդումայի ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ խոսակցություններ են պտտվում։ Դրանց կազմակերպչական ու քաղաքական կողմերի վերաբերյալ պարզաբանումներ է տալիս Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Ուռնովը:

– Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս են ընթանալու ՌԴ Պետդումայի ընտրությունները Հայաստանի տարածքում։ Որքա՞ն է Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների թիվը:

– Համաձայն ՌԴ ընտրությունների մասին օրենքի, Ռուսաստանի բոլոր քաղաքացիները ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն, անկախ նրանից, թե որտեղ են գտնվում։ Ըստ այդմ, ՌԴ այն քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանում, նույնպես ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն։ Ասում եմ իրավունք ունեն, բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ համաձայն օրենքի, մասնակցությունը կամավոր է։ Այնպես որ, քաղաքացին ընտրություններին ինչպես մասնակցելու, այնպես էլ չմասնակցելու իրավունք ունի։

– Իսկ ինչպես է լուծվելու այն մարդկանց հարցը, ովքեր չհրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից, միաժամանակ ՈԴ քաղաքացիություն են ձեռք բերել։

– ՌԴ քաղաքացի են բոլոր նրանք, ովքեր համապատասխան փաստաթուղթ ունեն։ Մասնավորապես, եթե Հայաստանում ապրող մարդը անձնագիր է ներկայացնում ՌԴ քաղաքացիության կնիքով, իսկ որպես օրենք դա ձեւակերպվում է մեր դեսպանատան համապատասխան բաժնում, ապա նա համարվում է ՌԴ քաղաքացի եւ ընտրություններին մասնակցելու իրավունք է ունենում։

Եղավ մի ընթացք, որ ի տարբերություն Ռուսաստանի, ուր արդեն քաղաքացիության հարցը քիչ թե շատ հաջողությամբ կարգավորվում էր օրենսդրությամբ ու ենթաօրենսդրական ակտերով, Հայաստանում իրավիճակը ուրիշ էր։ Միակ փաստաթուղթը, որը վճռում էր հայաստանցիների քաղաքացիության հարցը, Հայաստանի անկախության հռչակագիրն էր, ուր ասված է, որ Հայաստանի բոլոր բնակիչները Հայաստանի քաղաքացիներ են։ Սակայն այնտեղ ոչինչ գրված չէր քաղաքացիությունից դուրս գալու կամ ընդունելու մասին։ Դա մեզ համար դժվարություններ էր ստեղծում։ Ի դեպ, ի տարբերություն Հայաստանի, որի Սահմանադրությամբ երկքաղաքացիությունը բացառվում է, ՌԴ օրենսդրությամբ երկքաղաքացիություն արտոնվում է։

Այժմ հարցի մեջ պարզեցումներ են մտցվում: Հայաստանի ԱԺ-ն ընդունել է քաղաքացիության օրենք, որի 10-֊րդ կետում մասնավորապես ասված է, որ ՀՀ քաղաքացի են համարվում ՀՍՍՀ բոլոր այն բնակիչները, ովքեր մինչեւ Սահմանադրության ուժի մեջ մտնելը այլ երկրի քաղաքացիություն չեն ընդունել։ Իրադրությունն արդեն միանգամայն պարզ է։

– Իսկ Հայաստանի տարածքը ո՞ր ընտրական օկրուգի կազմում է ընդգրկվել:

– Ինչպես գիտեք, ռուսաստանյան ընտրողը 2 քվեաթերթիկ է ստանալու։ ՌԴ Պետդուման կազմավորվելու է հետեւյալ սկզբունքով՝ պատգամավորների 50 տոկոսը ընտրվելու է միասնական ազգային օկրուգից՝ կուսակցական ցուցակներով, իսկ 50 տոկոսն էլ միամանդատ օկրուգներից։ Մեր ընտրական տեղամասերը կցված են Կոլոմնայի (դա Մոսկվայիցյ ոչ հեռու գտնվող քաղաք է) միամանդատ ընտրական օկրուգին։ Կիրակի օրը ընտրություններն են, իսկ երկուշաբթի արդեն մենք բոլոր ընտրական հանձնաժողովների արձանագրությունները պետք է Մոսկվա ուղարկենք:

– ՌԴ ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարբեր կանխատեսումներ կան։ Մեկ աջերին անվերապահ հաղթանակ են կանխատեսում, մեկ էլ ասում, որ ձախերի հնարավորություններն էլ վատ չեն։ Քաղաքական այդ հոսանքներից որի՞ հաղթանակի դեպքում, ըստ Ձեզ, փոփոխություններ կլինեն հայ-ռուսական հարաբերություններում։

– Ամենից առաջ ուզում եմ ասել, որ միջազգային քաղաքականության հարցերը, առաջին հերթին, գործադիր իշխանության իրավասության տակ են գտնվում, որի գլուխ է կանգնած նախագահը։ Իհարկե, խորհրդարանը, մասնավորապես Պետդուման, որոշակի դեր խաղում են, բայց գլխավոր դերը, կրկնեմ, վերապահված է նախագահին։ Այս հանգամանքի հաշվառումով էլ ասեմ, որ ՌԴ արտաքին քաղաքականության մեջ ընդհանրապես, եւ Հայաստանի նկատմամբ էլ մասնավորապես, Պետդումայի ընտրությունների արդյունքում լուրջ փոփոխություններ ակնկալելն այնքան էլ հիմնավորված չի լինի։ Նախագահը մնում է նախագահ, որն էլ վճռում է քաղաքական գծի ուղղությունը։

Մյուս կողմից՝ ես Ռուսաստանում, պարզապես, այնպիսի քաղաքական բլոկ կամ կուսակցություն չգիտեմ, որը Հայաստանի նկատմամբ բացասական դիրքորոշում ունի։ Եվ դա, ամենայն լրջությամբ եմ ասում: Ուստի կարծում եմ, որ հայ ժողովուրդը եւ մեր հայ այն ընկերները, որոնք հանդես են գալիս Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության զարգացման օգտին, անհանգստանալու կարիք չունեն։

– Հայ-ռուսական համագործակցության բազմաթիվ օրինակներ կարելի է մատնանշել։ Սակայն մյուս կողմից էլ, ասենք ՌԼԴԿ նախագահ Ժիրինովսկին կամ Ռուսաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Լիսենկոն, իրենց հեռուստատեսային ելույթներում կովկասցիների հետ գրեթե հաշվեհարդարի կոչեր են հնչեցնում:

– Երեւի պետք է ասեի, որ չգիտեմ որեւէ լուրջ ու պատասխանատու քաղաքական բլոկ կամ կուսակցություն, որը հանդես է գալիս ռուս-հայկական համագործակցության զարգացման դեմ։ Ուզում եմ եւս մեկ ճշտում կատարել։ Ես, առաջին հերթին, միջպետական հարաբերությունները նկատի ունեի։ Այն, ինչ մեջբերեցիք, կարծում եմ, ներքին կարգի խոսակցություններ են, որոնք որեւէ հիմք չունեն։

Խոսքը անհատների մասին չէ. եթե մարդը, անկախ ազգությունից, հանցագործություն է կատարել, պետք է պատժվի, սակայն ես միշտ էլ դեմ եմ եղել, որ հանցագործության կամ անբարեհուսության պիտակը ամբողջ ազգի կամ ազգային փոքրամասնության կպցվի։ Այդ մեթոդը ես միշտ դատապարտել եմ։ Հավատացնում եմ, որ այդօրինակ արտահայտությունները ռուսաստանյան հասարակության շատ նեղ, մարգինալ շերտերի տեսակետներ են ներկայացնում։ Ասել է, թե Ռուսաստանում չկան ռասիստներ, կամ ազգային նախապաշարումներով թունավորված մարդիկ, չեմ կարող։ Նրանք կան։ Բայց կրկնեմ նաեւ, որ նրանք Ռուսաստանի բնակչության շատ փոքր մասի տեսակետն են արտահայտում։

– Եկեք, որեւէ լավատեսական ամփոփում տանք մեր զրույցին։

– Դեկտեմբերի կեսն արդեն անցել է, իսկ դա նշանակում է, որ շուտով Նոր տարի է, որի հետ մարդիկ միշտ էլ հույսեր ու հաջողության ակնկալիքներ են կապում։ Ուստի ամենայն լավն ու բարիքը, օգտվելով առիթից, մաղթում եմ հայ ընթերցողին։ Ցանկանում եմ, որ 1996-ը բոլորին հաջողություններ բերի։

Զրուցավար՝ Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031