Լրահոս
Օրվա լրահոսը

Խուսափենք մեծ տատանումներից

Դեկտեմբեր 21,1995 12:11

Ռուսաստանի «ձախացումն» արդեն փաստ է: Իսկ ՌԴ նախագահի ընտրություններից հետո այլեւս գործ կունենանք լիակատար «ձախ» Ռուսաստանի հետ։ Բոլոր քաղաքական մեկնաբանները կանխատեսում են, որ կայսերական նկրտումները կդառնան ավելի ընդգրկված: Բնականաբար, Ռուսաստանն ամեն կերպ կձգտի մերձավոր արտասահմանում ստեղծել համասեռ քաղաքական գունապնակ՝ եթե ոչ կոմունիստական, ապա միանշանակորեն ձախ եւ ռուսամետ: Հատկապես այնպիսի կարեւոր եւ սահմանային տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է. նրանք կնախընտրեն գործ ունենալ լիովին վստահելի, խուսանավելու հնարավորությունից ու ցանկությունից զուրկ քաղաքական ուժերի հետ:

Հայաստանում ձախ ուժերը թույլ են: Մինչեւ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները մեզ մոտ կսկսվեն նոր պրոցեսներ, որոնք առայժմ դժվար է գուշակել։ Սակայն մի բան պարզ է. սկսվելու է ձախացման մրցավազք: Ամենայն հավանականությամբ Կաֆկայի գրչին արժանի մետամորֆոզների ականատեսը կդառնանք։

Սակայն չի բացառվում, որ Հայաստանում սկսի ձեւավորվել ավելի լուրջ, ծայրահեղություններից զուրկ, նոր աշխարհաքաղաքական իրադրությանը համապատասխանաբար արձագանքելու ընդունակ, ձախ քաղաքական ուժ: Այս դեպքում մեզ չի պարտադրվի խամաճիկային իշխանություն։ Տնտեսությունը կփրկվի ծայրահեղ մոնետարիզմի ճիրաններից, եւ ավելի բարձրաձայն ու հաստատակամ հնարավոր կլինի խոսել մեր ազգային շահերի ու իդեալների մասին։ Ձեւավորված ու հասուն հասարակության մեջ որեւէ գույնի իշխանություն չի կարող ոտնահարել ազգային շահերը։ Սակայն Հայաստանում հասարակությունը դեռեւս ձեւավորման փուլում է եւ պետք է զգույշ լինենք: Զարգացած երկրում քաղաքական գունապնակի փոփոխությունը չի խարխլում հասարակության հիմքերը:

Մի քանի օր առաջ Ավստրիայում իշխանության եկան սոցիալ-դեմոկրատները, սակայն դրանով այդ երկրում մեծ բան չփոխվեց։ Ավստրիան կմնա ժամանակակից տնտեսությամբ ժողովրդավարական երկիր։

Ձախացումը Հայաստանում պետք է լինի մեկ քայլ առաջ, այլ ոչ թե վայրի շուկայից անցում նույնքան վայրի պլանային սոցիալիզմի։ Հայաստանը պետք է խուսափի հերթական հեղափոխությունից։ Ռուսաստանում ավելի խաղաղ, ավելի թավշյա ձախացման հնարավորություն կար, որն իրագործվեց։ Խոստովանենք, որ Հայաստանում նման հնարավորություն, կարծես թե,

չկա: Շատ ենք ուշացել, բայց դեռ այսօր, Հայաստանում հնարավոր է «վերեւից» նպաստել ձախ ուժի ձեւավորմանը։ Այն ուժի, որը զերծ կպահի հասարակությանը կատակլիզմից։ Միամիտ կլիներ կարծել, թե այսօր Հայաստանում, հանկարծ «ներքեւից» կհայտնվի մի ձախ քաղաքական ուժ: Որքան «ներքեւից», այնքան՝ ավելի վրեժխնդիր ու հեղափոխական։ Սա հավերժական օրենք է: Շուտով կերեւա, թե Հայաստանի կյանքում ինչպես են

հարաբերվում տարերքն ու գիտակցականությունը։ Տա Աստված, որ գոնե այս անգամ գերակշռեն գիտակցականությունն ու ինքնակազմակերպվածությունը:

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031