Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքը մեկն է

Դեկտեմբեր 22,1995 10:39

Քաղաքական տարին մոտենում է ավարտին։ Արժե հայացք ձգել ՀՀՇ-ի, աջ կենտրոնամետ «Հանրապետություն» դաշինքի գործունեության վրա։ Դաշինքի ստեղծման անհրաժեշտությունը պատճառաբանված էր Ազգային ժողովի ընտրություններին նախապատրաստվելու, անհրաժեշտ քանակի մանդատներ ստանալու հնարավորությունն ապահովելու եւ որ ամենակարեւորն է՝ աջ կենտրոնամետ ուժերը համախմբելու, յուրօրինակ գերկուսակցություն ստեղծելու նկատառումներով։

Այսօր ակնհայտ է դարձել, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն իրենց ամբողջական, ցանկալի արդյունքը չտվեցին։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ բավարար ուշադրություն չդարձվեց ընդհանուր խնդիրների եւ նպատակների փոխհամաձայնեցման, նախընտրական խոստումների կատարման համար կոլեկտիվ պատասխանատվություն ապահովելու հիմնահարցերի վրա։ Մինչդեռ դրանց լուծումից է կախված դաշինքի, առաջին հերթին, ՀՀՇ-ի կենսունակությունն ու քաղաքական երկարակեցությունը, հասարակական վարկն ու հեղինակությունը։

Չմոռանանք, որ ցանկացած գերխոստումների քաղաքականություն իսկական մրցակցային քաղաքականությունից տարբերվում է հենց նրանով, որ անպատասխանատու կերպով աջ ու ձախ շռայլում է խոստումներ այն հաշվով, որ դրանք երբեւէ չեն իրականացվելու կյանքում։

Իսկ դրա պատասխանատվությունը, որպես կանոն, տարբերվում է անդեմ, ընդհանուր քաղաքական պատասխանատվության մեջ, երբ «բոլորը» պատասխանատու են ձախողումների համար, իսկ առանձին վերցրած ոչ մի

կոնկրետ հասարակական ուժ դրանց համար պատասխանատու չէ: Այստեղ գործում է համայնավարական ժամանակներից հայտնի կոլեկտիվ պատասխանատվության     մեջ կոնկրետ պատասխանատվությունը փոշիացնելու սկզբունքը: Տեղին է հիշել Ջ. Ֆրոյդի օրինակը, անհատը, որը մեծացել է նախընտրական վեճերի ու անվերջանալի բախումների պայմաններում, հետագա իր ողջ կյանքում շրջապատող աշխարհն ու մարդկանց է համարում իր անհաջողությունների ու դժբախտությունների միակ պատճառն ու պատասխանատուն։

Այս կենսահույզ հիմնահարցերի լուծմանը չի նպաստել եւ նպաստում ՀՀՇ-ում տիրող իրավիճակը։ Չհաստատված որոշ աղբյուրների համաձայն, այդ կազմակերպության ներսում նկատվում է խորացող անկայունություն, որը, հավանաբար, ներքին ֆրակցիոն պայքարի հետագա սրման արդյունքն է: Ներկուսակցական պատասխանատվության ծայր պակասը, փոխանհանդուրժողականությունն ու խմբային էգոիզմը սպառնում են ՀՀՇ-ի գոյությանը:

Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն թեւակոխել է իր գոյության պատասխանատու եւ վտանգահարույց փուլը։ Վտանգը վերաբերում է թե՛ արտաքին եւ թե՛ ներքին վերասերման հնարավորությանը, որը կարող է ավարտվել տրոհմամբ, քաղաքական նոր ատոմների ձեւավորմամբ։ Դեռեւս չեն վերացվել նախկին տրոհման պատճառները՝ կապված Վ. Մանուկյանի եւ այլոց անունների հետ, սակայն արդեն ծնվել են նորերը:

Հայտնի է, որ ներկուսակցական հակասություններն ու բախումներն անխուսափելի են, դրանց արժեքն այն է, որ կանխում են կուսակցության ոսկրացման միտումները: Պայմաններ են ստեղծվում, որպեսզի կուսակցությունը վերածվի շարժուն ու կենսունակ քաղաքական օրգանիզմի: Ներկուսակցական բախումների բռնի ճնշումը հանգեցնում է դրանց սրմանը: Հակառակը՝ դրանց ռացիոնալ կարգավորումը հանգեցնում է վերահսկվող փոփոխություններին։ Հակացուցված է ներքին հակասությունների, բախումների, այսպես կոչված, տեղական անզգայացումը: Ի դեպ, անզգայացումը կամ սառեցումը կարող է ընթանալ երկու հունով՝ կընդունի «վերասրբագրման», հակասությունների մեղմացման, կամ էլ՝ «մեղավորների» որոնման բնույթ, որպեսզի լրացուցիչ կենսալիցք հաղորդվի ՀՀՇ-ի կառուցվածքային ամրապնդմանը: Թե՛ մեկը, թե՛ մյուսը պաշտպանական մեխանիզմներ են։ Հազիվ թե դրանց միջոցով հաջողվի դիմագրավելու կուսակցության նկարագրի ձեւախեղման ու տրոհման գործընթացներին:

Առողջ ու գործուն երկխոսություն՝ ապա թե որն է ներկուսակցական բախումների հաղթահարման նախադրյալն ու կառուցողական ուղին: Այն հնարավոր է միայն ՀՀՇ-ի ճակատագրի նկատմամբ ներկուսակցական պատասխանատվության առկայության դեպքում։

Ցանկացած ֆրակցիոն մենաշնորհ, անսքող թելադրանք կնպաստի ներքին հակասությունների խիստ անցանկալի սրմանը, ներկուսակցական կյանքում ավտորիտար միտումների տիրապետմանը: Դրանց հաղթահարմանն ուղղված շինիչ ջանքերն ու քայլերը հիմնված պետք է լինեն ներկուսակցական եւ արտակուսակցական, ընդհանուր հասարակական իրադրության, ուժերի եւ միջոցների հարաբերակցության անաչառ գնահատականների վրա: Այստեղ մերժելի է «համառության էսկալացիայի» հոգեբանությունը, երբ այս կամ այն ներկուսակցական խումբը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել իր սխալ դիրքորոշումներից, ճանաչել դրանք ընդունելու անհրաժեշտությունը: Ավելին, իր ողջ կենսական էներգիան ու եռանդը ծառայեցնում է դրանց ամրապնդմանը:

Դեպի նախագահական ընտրություններ ընթացող կուսակցությունը, նրա ընտրանին այլեւս լուրջ սխալվելու իրավունք չունի, քանի որ սխալներն ուղղելու «երկրորդ փորձ» կարող է չլինել։ Ի լրումն ասվածի, ՀՀՇ-ի ներհամախմբման ռեսուրսները գրեթե սպառված են կամ հատնելու վրա են, եւ այս վիճակից նա կարող է դուրս գալ միայն «Հանրապետություն» դաշինքի, նրա մեջ մտնող կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ իրավահավասար գործընկերություն հաստատելու միջոցով։ ՀՀՇ-ն այլ երկընտրանք չունի:

Հավանաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա համախոհ կուսակիցները հասկանում են դրության ճակատագրական լրջությունը եւ պաշտպանում են այդ դիրքորոշումը: Արտահայտելով ՀՀՇ-ի ներսում եւ նրանից դուրս առավել ինտելեկտուալ՝ ազատական, ժողովրդավարական եւ ազգային գաղափարներով տոգորված խավերի շահերը, ի զորու են իրապես լուծելու դաշինքի գործուն կայացման ու ամրապնդման, հասարակական լայն շրջանների բավարար աջակցության, ներքին կայունության եւ հեռանկարում իշխանության «ժառանգման» եւ փոխանցման ապահովման հանգուցային հարցերը։

Դժվար է կանխատեսել, թե ՀՀՇ-ի համագումարում եւ, հատկապես, նրան հաջորդող շրջանում ինչպես կզարգանան քաղաքական իրադարձությունները։ Դրանց վրա կազդեն բազմաթիվ արտաքին եւ ներքին գործոններ, որոնց խաչաձեւման կիզակետում է մշակվում իրատես ու ազգաշահ քաղաքականությունը: Փիլիսոփայական իմաստով, ակնաշոշափելիորեն իրեն զգացնել կտա նաեւ այնպիսի անորսալի գործոնը, որն է «ժամանակի ոգին»։

Մանուկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031