Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընտրությունից հինգ պակաս

Ապրիլ 02,1998 00:00

Ընտրությունների ամբողջ գործընթացում ամենաահեղը ընտրություն կատարելու պահն է: Ավելի ճիշտ՝ քվեաթերթիկը քվեատուփի անորոշ մթությանը հանձնելը: Այսպես է, որովհետեւ եթե չես ալարել ու հասել ես ընտրական տեղամաս, եթե հերթ ես կանգնել ու ստացել քվեաթերթիկ, ուրեմն պատասխանատվության ու ռիսկի քո բաժինն ունես, ուրեմն քո ձայնի ծանրության չափով դու այն մարդն ես, ով դառնալու է նախագահ կամ ով հակոտնյա է լինելու ընտրվելիք նախագահին: Եվ կարծում եմ, որ քարոզարշավը պետք է նպատակաուղղված լինի ոչ թե ընտրողի հոգեվիճակը սրելուն, այլ՝ լրիվ հակառակը, դրական ազդակներով այս կամ այն թեկնածուի նկատմամբ վստահություն առաջացնելուն:

1995 թվականի խայտառակ ընտրությունները մեկընդմիշտ բացառեցին ընտրարշավի պրոֆեսիոնալիզմը: Թեեւ քաղաքական ուժերը խիստ բեւեռացված էին, բայց քարոզարշավը տարվում էր ընդհանուր ուժերով կամ, կարելի է ասել, հակազդեցիկ ջանասիրությամբ: «Հանրապետություն» բլոկն ամենայն ջանասիրությամբ աշխատում էր ընդդիմության օգտին՝ ամեն կամ գրեթե ամեն օր եթեր հեռարձակելով «Քաղաքական փասիանս» սրտխառնուք առաջացնող պրո«հանրապետական» հաղորդումը: Ընդդիմությունն այդ օրերին ճղճղում էր հայհոյաանեծքախառն բառակույտեր եւ նախահեթանոսական ծիսակարգին վայել հետեւողականությամբ այրում չարի (իմա՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի) թղթաշեն խրտվիլակը, որն այնքան արագ էր այրվում, որ չէր էլ հասցնում տպավորություն թողնել հավաքվածների վրա: Այդ օրերին ֆիզիկայի բոլոր օրենքներից մեզ համար ամենակարեւորը համարվում էր Նյուտոնի երրորդ՝ ազդեցության ու հակազդեցության մասին օրենքը:

1996 թվականի ընտրություններում բավական էին միայն «Ժամանակացույցն» ու խոսքհորդառատ Ալ. Իսկանդարյանը, որպեսզի «Վազգեն Մանուկյան եւ ընկ.»-ը հեշտությամբ հատեր 50 տոկոսի սահմանն ու գրեթե առանց դիմադրության հետ շպրտվեր ուժայինների կողմից: Այստեղ չենք առանձնացնում Արշակ Սադոյանին որպես հակազդող ուժ, նկատի ունենալով, որ նույն դերը նա խաղացել է բոլոր տարիների բոլոր ընտրություններում: Չենք առանձնացնում նաեւ Պարույր Հայրիկյանի ստուգաբանական նորամուծություններն ու Հայ Հեղափոխական Դաշնակցության ջերմեռանդությունը, քանզի երկուսն էլ դրդված էին ոչ թե կարգին պետություն ունենալու ցանկությամբ, այլ՝ Լեւոն չունենալու մոլուցքով:

1998 թվականի արտահերթ ընտրություններում «Քաղաքական փասիանսի», «Ժամանակացույցի» եւ, ինչու չէ, նաեւ Արշակ Սադոյանի դերը միակողմանիորեն ստանձնեցին «Լրաբերն» ու Վահան Հովհաննիսյանը, որին, փառք Աստծո, «ռեժիմն այլեւս վտանգ չի սպառնում»: Սակայն այստեղ ոչ այնքան կարեւոր էր, թե ինչ հայեցակարգով վարեցին քարոզարշավը, որքան նշանակալի էր «Լրաբերի» ու Վահան Հովհաննիսյանի իրավիճակային հեղափոխականությունն ու ներդաշնակ(ց)ությունը:

Երվանդ Քոչարի մասին մի հայտնի պատմություն կա: Նկարիչն իր արվեստանոցում անսպասելի հյուրընկալում է ներկաներին անծանոթ մի մարդու, արտասուքն աչքերին ողջագուրվում եւ նրա հետ առանձնանում մեկ այլ սենյակում: Անծանոթին ճանապարհելիս Քոչարը դարձյալ հուզմունքով ողջագուրվում է ու բարի խոսքեր ասում: Ներկաների «Ո՞վ էր այս մարդը» հարցին պատասխանում է. «Սա բանտում ինձ ծեծողն էր», ու նրանց տարակուսանքը նկատելով, նկարիչն ավելացնում է. «Տպավորություն ստեղծելու համար այս մարդն ավելի շատ գոռգոռում էր, ավելի քիչ՝ ծեծում»: Եթե այս պատմությունը վկայում է Երվանդ Քոչար արվեստագետի հոգու մեծությունն ու մարդկային ներողամտությունը եւ չի պարունակում հասարակական աղետ, ապա հին «Լրաբերի» ու նոր Վահան Հովհաննիսյանի ալյանսը (ինչո՞ւ միայն նրանց) մեզ խոստանում է եւս անորոշ ժամանակով ճպճպալ անսկզբունքայնության ու անգաղափարության ճահճում: Նույնիսկ կարիք չկա հիշեցնել, թե նրանք որտե՞ղ էին, ի՞նչ էին անում ու ի՞նչ կարծիք ունեին միմյանց մասին: Արժե միայն հիշել, որ նոր գինին նոր տիկերի մեջ են պահում եւ որ անցյալը մոռացողն ապագա չունի: Բայց Անցյալ մոռանալը մեզանում աղետալի չափերի է հասել:

Հեռուստացույց ես նայում, ու թվում է, ոչ թե պետության ղեկավար ես ընտրելու, այլ անապատում հայտնված քարավանի քարավանբաշի: Եթե սա իրոք անապատ է եղել, եւ նախկին քարավանբաշին հեռուստատեսային կադրի համեստ անկյունում շամպայն խմելով է զբաղված եղել միայն, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ կադրի մյուս՝ սեւածածկ մասում, հեղինակները չէին գրել ամենայն հայոց ահազանգը. «Այստեղ կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը»՝ առաջին հերթին նկատի ունենալով իրենց եւ իրենց պատվիրատուներին: Եվ ընդհանրապես, եթե անցյալը եղել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի անօրինական շամպայնախումն ընդդեմ «Վազգեն Մանուկյան եւ ընկ.»-ի, ուրեմն բամբակյա հեղաշրջումից հետո հարկ էր վերականգնել պատմական անարդարությունն ու նախագահական վաղաժամ թափուր դարձած աթոռը վերադարձնել օրինական տիրոջը:

«Պտուղը ծառից հեռու չի ընկնում» ասացվածքը նույնպես նյուտոնյան դիտարկումներից է եւ հոգեհարազատ է մեզ ոչ միայն ազատ անկմանն ի ապացույց, այլ ի խրախույս տեսակի հետեւողական ու անդառնալի փչացումի: Եթե պտղի ծառի վրա լինելն անցյալը, իսկ ծառի տակ հայտնվելը ներկան է խորհրդանշում, ապա ծառի տակ երկար մնալը գուժում է հարատեւ փչացում: Երբ մեռավ մարշալ Ուստինովը, մեր զորանոցի պատերից անմիջապես հանեցին նրա դիմանկարներն ու կախեցին Սոկոլովի դիմանկարը: Շարքայինիս հասկանալի էր պետական արձանագրային արարողակարգի առանձնահատկությունը: Երբ մարշալի դիմանկարներն հայտնվեցին աղբանոցում, սկսեցի վերջնականապես հավատալ սառը պատերազմի խոսնակների այն կանխատեսումներին, թե խորհրդային կայսրությունում արդեն սկսվել է փլուզումը: Իսկ իրականում կայսրության փլուզումը սկսվել էր տասնամյակներ առաջ:

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆ

Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930