Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը՝ քաղաքական խաղերի զոհ

Ապրիլ 16,1998 00:00

ՆԳ համակարգը կոչված է պաշտպանելու ներքին անվտանգությունը։ Որքան բնակչությունն ակտիվորեն է փորձում պաշտպանել իր ոտնահարված իրավունքները՝ դիմելով ոստիկանություն, այնքան այն ավելի մեծ հնարավորություն ունի նրանց պաշտպանելու։ Սակայն իրենց՝ ոստիկանների իրավունքները մշտապես ենթակա են ոտնահարման։ Հարցերը պետք է լուծվեն ներսում, «ներքին» օրենքներով, ցանկացած փորձ՝ պաշտպանություն գտնել դրսում, սպառնում է նոր պատիժներով։

Արտաշես Ալեքսանյանը 1978 թվականից ՆԳՆ համակարգում է, շարքայինից դարձել է ավագ լեյտենանտ։ Մասնակցել է երկրաշարժի հետեւանքների վերացմանը եւ Ղարաբաղյան ռազմաճակատներում ընթացող մարտական գործողություններին՝ վիրավորվել է ձեռքից։ 1991 թ. աշխատել է Էրեբունու շրջանի ՆԳ բաժնի հետաքննության բաժնի հետաքննիչ։ 1996 թ. մայիսի 5-ին նրան տրված բնութագրում գրված է. «Որպես հետաքննիչ, պարոն Ալեքսանյանն իրեն դրսեւորել է դրական կողմերով։ Նա իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարում է բարեխղճորեն։ Նյութերը պատրաստում է գրագետ եւ ժամանակին։ Վայելում է կոլեկտիվի հարգանքը»։

«1996 թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների ժամանակ, հասարակական կարգ պաշտպանելու համար ուղարկվել եմ Էրեբունու 5/10 ընտրատարածք։ Ամբողջ օրն անցավ խաղաղ, սակայն երեկոյան ընտրատարածք մտան մի քանի անձինք, որոնք ցանկանում էին քվեաթերթիկներ լցնել քվեախցի մեջ։ Նրանք ցանկացան ինձ խառնել քաղաքական խաղի մեջ, սակայն ես, որպես ՆԳ համակարգի աշխատակից, փորձեցի կանխել։ Երբ զգացի, որ անիմաստ է, դուրս եկա ընտրատարածքից։ Ամեն դեպքում հանրապետության նախկին նախագահն այս ընտրատարածքում չհաղթեց»,- պատմեց Արտաշես Ալեքսանյանը, ցույց տալով Էրեբունու համայնքի 5/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից Երեւանի ՆԳ վարչության պետին ուղղված պաշտոնական գրությունները՝ Ալեքսանյանին խրախուսելու խնդրանքով։

«Սեպտեմբերի 24-ին անձնակազմի խորհրդակցության ժամանակ ՆԳ բաժնի պետ Նորիկ Մուրադխանյանը ցինիզմով ինձ ասաց. «Ալեքսանյան, եթե մյուս անգամ քաղաքացիները քեզանից շնորհակալություն հայտնեն, ես քեզ կպատժեմ»։ Որից հետո նա ինձ կանչեց աշխատասենյակ եւ ասաց. «Ով մեր հետ չէ՝ մեր դեմ է»։

1997 թ. փետրվարի 2-ին գործով լինելով Երեւանի ՆԳ վարչության կադրերի բաժնում, տեղեկացա, որ ինձ տրված է երկու նկատողություն՝ 06.09.96 թ., նյութերը թերություններով պատրաստելու պատճառաբանությամբ, եւ 24.09.96 թ.՝ զորանոցային պայմաններում ծառայությունը լքելու համար։ Այդ նկատողությունները տրվել էին գաղտնի, եւ դրանց մասին ես տեղյակ չէի։ Մինչդեռ ընտրությունների օրը զորանոցային պայմաններ դիտելը ծիծաղելի է, քանի որ այդ օրը ես ուղարկվել էի 5/10 տեղամաս։ Ես զեկուցագիր ներկայացրի Երեւանի ՆԳՎ պետին՝ անհիմն տրված տույժերս հանելու համար ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ։ ՆԳ վարչությունից տեղեկանալով ներկայացրած զեկուցագրիս մասին, Էրեբունու ՆԳ բաժնի ներկայիս պետ Արամ Կոնջորյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ եւ սպառնաց. «Եթե զեկուցագիրդ հետ չվերցնես, ապա 5 րոպեից հետո բաժնում չլինես, թե չէ՝ գործ կսարքեմ վրադ»։ Ես պատասխանեցի, որ ոչ մի զեկուցագիր հետ չեմ կարող վերցնել։ Ծառայողական հետաքննությունը հանձնարարվեց Երեւանի ՆԳՎ հետաքննիչ Տիգրան Ահարոնյանին, որը ժամանակին Կոնջորյանի հետ աշխատել էր Արաբկիրի ՆԳ բաժնում։ Կոնջորյանը կատարեց իր խոստումը, եւ Տիգրան Ահարոնյանը, փոխանակ տույժերի օրինականությունը ստուգելու, ինձ վերագրեց, որ Ա. Բարսեղյանի դիմումով ես կատարել եմ պաշտոնական կեղծիք։ Իսկ Ս. Անջոսյանի եւ Ա. Գալստյանի դիմումներով ինձ վերագրեց մանր-մունր թերություններ, իբրեւ ակնոցի վնասի հատուցման հարցը չեմ լսել։

Գաջի փոշի բարձրացնելու կապակցությամբ երկու հարեւանների միջեւ առաջացել էր կենցաղային վիճաբանություն, որի ընթացքում Անջոսյանի ակնոցն ընկել է եւ վնասվել պտուտակը։ Անջոսյանը, հաշվի առնելով նշված փաստի աննշանությունը, ինքնակամ հրաժարվել է ժողդատարան դիմելուց։ Հակառակ կողմը լիովին ընդունել է իր սխալը, որի կապակցությամբ ՆԳ բաժնի պետի կողմից գրավոր զգուշացվել է։ Ինձ մեղադրում էին, որ ես չեմ բարձրացրել ակնոցի վնասի հատուցման հարցը։ Նյութերն ուղարկվում են դատախազություն, որտեղից պատասխանում են, որ՝ «նույնիսկ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- բացատրում է Արտաշես Ալեքսանյանը։

«Գործ սարքելու» առաջին փորձն անհաջողության մատնվելուց հետո ձեռնարկվում է երկրորդը, եւ Ալեքսանյանի նկատմամբ Հասմիկ Աշուղյանի հնարովի փաստերով հարուցվում է անհիմն քրեական գործ. իբրեւ կատարվել է պաշտոնանկություն։ Դատախազությունում այս գործը եւս կարճվում է՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

1997 թ. հուլիսի 1-ից Ալեքսանյանը Երեւանի ՆԳՎ պետի հրամանով ժամանակավորապես ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից, մինչեւ վերը նշված գործերի ավարտը։ Սակայն անգամ այս գործերի ավարտից հետո չի վերացվում հրամանը։ Ալեքսանյանը շարունակում է պաշտպանել իր իրավունքները. 1997 թ. դեկտեմբերին դիմում է ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին՝ նոր ծառայողական քննություն կատարելու խնդրանքով։ Ծառայողական քննությունը վարում է հետաքննիչ Ս. Եղիազարյանը. Ա. Ալեքսանյանի գործը ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի անձնական հսկողության տակ վերցնելու միջնորդագրերով դիմում են նաեւ ԵԿՄ փոխնախագահ Ա. Բազեյանին, ԱԺ-ի ՆԳ եւ ԱԱ հարցերով հանձնաժողովի նախարար Ռ. Մարտիրոսյանին, ԱԺ պատգամավոր Յուրի Հարությունյանին, նաեւ Ռոբերտ Քոչարյանին։ ՆԳ համակարգն աշխատում է «աղբը տնից հանելու» սկզբունքով, եւ համոզված ենք, որ ոչ օբյեկտիվ ընթացող այս հետաքննությունը որեւէ լուրջ արդյունքի չի բերի։ Իսկ Ա. Ալեքսանյանը համոզված է, որ «նախարարին ամեն ինչ չէ, որ ճիշտ են ներկայացնում»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930