Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դեռ չի աճել

Մայիս 06,1998 00:00
Qreakan gorc

1997թ. օգոստոսի 15-ին ապօրինաբար ձերբակալվել է Գալուստ Դիլանյանը։ Գյումրիի ոստիկանության 3-րդ բաժանմունքում համապատասխան եւ անհրաժեշտ փաստեր չգտնելու պատճառով նրան տեղափոխել են 4-րդ բաժանմունք, որտեղ եւ Գալուստ Դիլանյանին, ըստ ծնողների, սպանել են ոստիկանները։ Իսկ, ըստ ոստիկանների, նա ինքնասպանություն է գործել՝ կախվելով ոստիկանության մեկուսարանում։ «Իմ ունեցած տվյալներով, տղայիս սպանողն այժմ ազատ է եւ հարուցված քրեական գործում նրա անունը չի էլ հիշատակվում»,- երեկ հելսինկյան ընկերակցության կազմակերպած մամուլի ասուլիսում ասաց Գալուստ Դիլանյանի հայրը՝ Սուրեն Դիլանյանը, հայտարարելով, որ եթե մեր հանրապետությունում չկա օրենք, ապա ինքը եւս ստիպված կլինի հարցեր լուծելու համար հանցագործ դառնալ։

Սուրեն Դիլանյանի շահերը պաշտպանող հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը տեղեկացրեց, որ այս հարցով երկու դիմում է գրել ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին եւ հանրապետության դատախազ Հենրիկ Խաչատրյանին, որին ի պատասխան՝ իրեն հրավիրել են ԱԱ նախարարություն։ «Մեր հայտարարության մեջ գրված էր, որ գործին համապատասխան ընթացք չտալու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմել միջազգային հանրությանը, հայտնել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ պահանջելով վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները։ Այնուհետեւ Միքայել Դանիելյանն իր եւ կազմակերպության անունից պաշտոնապես հայտարարեց, որ կանի ամեն ինչ՝ խանգարելու Հայաստանին դառնալու Եվրախորհրդի անդամ, քանի որ Հայաստանը դեռեւս այդքան չի աճել։

Միքայել Դանիելյանին մոտեցել են ոստիկանների հարազատները եւ պահանջել չմիջամտել գործին։ Դատական նիստերին մասնակցած 15 հոլանդացի իրավաբաններ զարմացած են մնացել նիստերի ընթացքից։ Միքայել Դանիելյանը խոսեց նաեւ վկաներին կաշառելու փաստերի մասին. «Դատի ժամանակ, վկա Ալբերտ Մկրտչյանը հայտարարեց, որ Գյումրիի մեկուսարանի պետի տեղակալն իրեն 1000-1500 դոլար է խոստացել վկայություն չտալու համար։ Մեր տրամադրության տակ կա մի նամակ (քսիվ), որտեղ գրված է՝ «Չարխիֆալաքյանին ասեք, որ ինչ որ ինքը խնդրել էր՝ ես արել եմ։ Իմ գործը կարճեք» (Չարխիֆալաքյանը 4-րդ բաժանմունքի պետն է- Ա. Բ.)։

Միքայել Դանիելյանը պաշտոնապես հայտարարեց, որ Գալուստ Դիլանյանը սպանվել է, նրան սպանող ոստիկանների թիկունքին կանգնած են շատ բարձր պաշտոնյաներ, իսկ դատավոր Կարապետյանը ինչ-որ կապի մեջ է մեղադրյալների հետ։ Արտասահմանյան դատաբժշկական փորձագիտություն հրավիրելը արգելվել է, իսկ նկարներին նայելով՝ Վարշավայի մարդու իրավունքների հելսինկյան ֆոնդի տնօրեն Մարեկ Նավեցկին խիստ կասկածի է ենթարկել ինքնասպանության վարկածը։ Փոխվել է նաեւ մամուլի դիրքորոշումը այս գործի նկատմամբ. այլեւս դրա մասին չեն գրում «Հայոց աշխարհ», «Ազգ», «Իրավունք» թերթերը, որը Միքայել Դանիելյանը բացատրեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելով։

«Պարույր Հայրիկյանը իրավունք չունի զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ»,- ասաց Միքայել Դանիելյանը։ Գալուստ Դիլանյանի գործով մեղադրվող ոստիկաններից այժմ ձերբակալված են Արամ Կոպելյանը եւ Վահրամ Գալստյանը, իսկ Լեւոն Աբրահամյանը եւ Ռաֆիկ Գաբոյանը, որոնք եւս ձերբակալված են եղել, այժմ ազատ են արձակվել։ Իսկ սպանությունը, ըստ Սուրեն Դիլանյանի, կատարել է 4-րդ բաժանմունքի պետի տեղակալը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031