Վաղուց հայտնի է, որ եթե ցանկացած վարսավիրի հարցնես, թե ինչից է առաջանում քաղցկեղը, կպատասխանի՝ տանը սափրվելուց: Եվ այդ պատասխանը կլինի վարսավիրի արհեստավարժության ապացույցը, քանզի յուրաքանչյուր պաշտոնյայի պարտքն է ավելացնել իր բնագավառի «կլիենտների» թիվը:
ՀՀ բնապահպանության նախարար Սարգիս Շահազիզյանը վերջերս այն միտքն է արտահայտել, թե եթե Հայաստանի արդյունաբերությունը սկսի աշխատել, մայրաքաղաքի էկոլոգիական վիճակը կտրուկ կվատանա: Այլ կերպ ասած, քանի դեռ արդյունաբերությունը չի աշխատում, Հայաստանն էկոլոգիապես մաքուր հանրապետություն է: Ճիշտն ասած, մենք չէինք էլ կասկածում, որ հանրապետության ղեկավարությունն արդեն ութ տարի է, ինչ պայքարում է հանուն Հայաստանի էկոլոգիական վիճակի բարելավման (եւ պետք է խոստովանել, այդ ասպարեզում լուրջ հաջողությունների է հասել): Ստիպված ենք խոստովանել նաեւ, որ այս առումով կառավարության ծրագիրը ոչ միայն չափազանց նպատակային է, այլեւ կարող է հավակնել Green Peace-ի հատուկ մրցանակին, որն ամեն տարի տրամադրվում է էկոլոգիական հիմնախնդիրների կարգավորման ծրագրերից լավագույնին:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանում օդի աղտոտման հիմնական աղբյուրը կմնա արդյունաբերության նախարարության անձնակազմին սպասարկող ավտոմեքենաների ծուխը, ինչը կարելի է համարել դեռեւս 1987թ. սկսած էկոլոգիական շարժման վերջնական հաղթանակ: Հետաքրքիր է, որ բնապահպանության նախարարը հայտարարել է նաեւ, թե գործարաններն աշխատեցնելուց առաջ դրանք պետք է համապատասխանեցվեն բնապահպանական փորձաքննության բոլոր պահանջներին: Եվ քանի որ Հայաստանի արդյունաբերական հսկաները, որպես կանոն, աշխատեցնում են արտասահմանցիները, ապա սույն ձեռնարկը շատ է հիշեցնում հարսանիքի այն տեսարանը, երբ հարսի եղբայրը խանչալը ձեռքին փակում է նորապսակների ճանապարհը՝ համապատասխան նյութական ակնկալիքով: Բոլոր դեպքերում, այդ միջոցառումը կարող է համալրել ՀՀ պետբյուջեն:
Կարդացեք նաև