Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Էկոլոգիական, բնապահպանական կրթությունն ու դաստիարակությունը կարևոր է

Օգոստոս 31,2026 13:30 Share

Կրթությունը իրավացիորեն համարվում է բոլոր զարգացումների բովանդակային հիմք, որի ուղղությունները բազմաթիվ ու բազմազան են և դասակարգվում են ըստ ուսումնասիրության առարկայի, մեթոդաբանության և վերջնարդյունքների։

Ավանդական կրթական ուղղություններից են հումանիտար հասարակագիտականը, բնագիտականը, տեխնիկականը, էկոլոգիականը, բնապահպանականը, STEM, STEAM ուղղությունները և այլն։

Հաճախ էկոլոգիական և բնապահպանական հասկացությունները հոմանիշ են օգտագործվում, բայց և ունեն որոշակի տարբերություններ։ Էկոլոգիական կրթությունը հիմնված է «Էկոլոգիա» գիտության վրա և ուսումնասիրում է կենդանի օրգանիզմների ու միջավայրի փոխազդեցությունը։

Բնապահպանական կրթությունն ունի տեսական, գործնական և կիրառական ուղղվածություն ու մասնավորապես դաստիարակում է բնական պաշարների խնայողություն, թափոնների կառավարում և բնության ու շրջակա միջավայրի պահպանում։

Էկոլոգիական և բնապահպանական կրթությունը ներկա քաղաքակրթական մակարդակում վերածվել է մարդկության գոյատևման հրամայականի, քանզի այն սոսկ գիտելիքների փոխանցում չէ, այլ արմատական արժեքային և մտածելակերպի փոփոխություն, որն ուղղված է մարդկությանը պարուրած էկոլոգիական ճգնաժամի հաղթահարմանը։ Աշխարհում, որին տեխնիկատեխնոլոգիական առաջընթացն ու սպառողական հասարակությունը հասցրել են կլիմայական ճգնաժամի, նման կրթությունը սովորողի մոտ ձևավորում է էկոլոգիական գիտակցություն և դրան հարիր մշակույթ ու կենսակերպ։ Ներկա փուլում էկոլոգիական, բնապահպանական կրթության էությունը մարդակենտրոն մտածողությունից անցում է կատարում դեպի բնակենտրոն մտածողություն, որը ենթադրում է գլոբալ պատասխանատվություն, արժեքային համակարգի փոփոխություն և կայուն զարգացման հենասյան առկայություն։ Դա մեծ իմաստով նշանակում է բնությունը դիտարկել ոչ թե որպես անսպառ ռեսուրսների շտեմարան, այլ այն ընկալել որպես կյանքի բացառիկ արժեք։

Նկատենք, որ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների առանցքը հետևյալն է՝ կրթել սերունդներ, որոնք կբավարարեն ներկայի կարիքները՝ առանց վնասելու ապագա սերունդների հնարավորությունները։

Ներկա քաղաքակրթական մակարդակում նման կրթության բովանդակությունը դուրս է եկել կենսաբանության սահմաններից և դարձել է ինտեգրատիվ ու միջդիսցիպլինար՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանություն, էկոհամակարգեր, թափոնների կառավարում, ռեսուրսների խնայողություն, կանաչ սպառում, կանաչ տեխնոլոգիաներ, էկո-ստարտափներ, տվյալների վերլուծություն և այլն։

Մասնավորապես՝ Կլիմայական գրագիտությունը, որը ենթադրում է ջերմոցային երևույթի, նրա առաջացման ֆիզիկական մեխանիզմի, գլոբալ տաքացման պատճառների ու դրանց մեղմման ու հարմարվողականության ուղիների ուսումնասիրում։

Շրջանաձև տնտեսության գաղափարը ենթադրում է թափոնների կառավարման, տեսակավորման,վերամշակման և «զրոյական թափոն» փիլիսոփայության ներդրում կենցաղում։

Էկո-իրավունք և էկո- քաղաքանությունը ենթադրում են ծանոթացում միջազգային համաձայնագրերին /օրինակ՝ փարիզյան համաձայնագիր/ և քաղաքացիական իրավունքներին՝ հանուն մաքուր շրջակա միջավայրի։

Կանաչ տեխնոլոգիաները և STEM-ը ենթադրում են էներգետիկայի անցում վերականգնվող աղբյուրների, էներգախնայող համակարգերի և խելացի քաղաքների նախագծում։

Ներկայումս այդ կրթությունն ունի առանձնահատկություններ։

Թվայնացում և տվյալագիտություն. Ժամանակակից Էկո կրթությունը կիրառում է արբանյակային տվյալներ, ԱԲ մոդելավորում՝ անտառահատումներին կամ օդի աղտոտվածության աստիճանին իրական ժամանակում հետևելու նպատակով։

Այսպես կոչված՝ «Կանաչ լվացման» դեմ պայքար, որի շնորհիվ զարգանում է սովորողի քննադատական մտածողությունը և արդյունքում նրանք տարբերում են իրական բնապահպանական գործունեությունը մարկետինգային կեղծիքներից։

Շատ է կարևորվում «Գործողությունների վրա հիմնված ուսուցումը»։ Փաստորեն տեսական դասախոսություններից անցում է կատարվում նախագծային ուսուցման ու գործնական քայլերի՝ ծառատունկ, համայնքային մաքրման աշխատանքներ, էկո արշավներ և այլն։

Ներկայումս հանրակրթության գլխավոր առաքելություններից մեկը սովորողների էկոլոգիական մշակույթի և գիտակցության ձևավորումն է։ Դա այդպես է, քանզի դպրոցն է այն հիմնական օղակը, որտեղ դրվում են անհատի արժեքային համակարգի և քաղաքացիական պատասխանատվության հիմքերը։ Ներկա հանրակրթական չափորոշիչներում այս խնդիրը դիտարկվում է որպես առանցքային կոմպետենցիա՝ կարողունակություն, որին պետք է տիրապետի շրջանավարտը։

Հանրակրթությունը փորձում է այս խնդիրը լուծել 3 փոխկապակցված մակարդակներում.

Գիտակցական /ինչ գիտի սովորողը/, արժեքային /ինչ է զգում սովորողը/ և վարքագծային /ինչ է անում սովորողը/։

Ժամանակակից դպրոցում էկոլոգիական, բնապահպանական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն առանձին էկոլոգիա առարկայով։ Հետազոտությունները հաստատում են, որ առավել արդյունավետ է խաչվող կամ միջառարկայական մոտեցումը, երբ էկոլոգիացվում է ուսումնական պլան ձևավորող բոլոր առարկաներն ու դասընթացները։ Ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը մասնավորապես ուսումնասիրում են էներգիայի այլընտրանքային աղբյուրները, նյութերի քայքայման ժամկետները, կենսաբազմազանության կորուստը և տարածաշրջանային էկո խնդիրները։

Գրականությունը, պատմությունը, հասարակագիտությունը քննարկում են մարդու և բնության ներդաշնակության ու կապի խնդիրը, էկոլոգիական աղետների պատմական ազդեցությունը քաղաքակրթությունների վրա և էկո իրավունքը։

Արվեստ և արհեստ մոտեցումը դիտարկում է թափոնների երկրորդային օգտագործմամբ արվեստի գործերի, կենցաղային իրերի, էկո պաստառների պատրաստման ու ձևավորման խնդիրները։

Մաթեմատիկան, ինֆորմատիկան, ԱԲ-ն կատարում են անհրաժեշտ հաշվարկներ ու ընդհանրացումներ։

Անկասկած միայն դասագրքերով ու դպրոցի ուսումնական հնարավորություններով հնարավոր չէ ձևավորել էկոլոգիական մշակույթ։ Անհրաժեշտ է, այսպես կոչված, «Կանաչ դպրոց»՝ իր ենթակառուցվածքով ու համապատասխան մթնոլորտով։

Կանաչ դպրոցին հատուկ են էլեկտրախնայող լամպեր, ծորակներ, դպրոցամերձ այգի, օդի/ջրի որակի չափում՝ նախագծային ուսուցման ընթացքում, էկո պատմություններ և էներգետիկ աուդիտի խաղեր, ծառատունկ, էկո արշավներ, սեմինարներ, շաբաթօրյակներ և այլն։

Հանրակրթության ոլորտում այդ առումով առկա են մարտահրավերներ՝ մասնավորապես. ուսուցումը խիստ տեսական բնույթ է կրում ու հաճախ էկոլոգիական, բնապահպանական նյութերը սովորում են անգիր, սակայն դպրոցի պայմաններում անգամ դրանք չեն կիրառվում։

Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման խնդիրն է առկա, նրանք հաճախ զինված չեն ժամանակակից էկո մեթոդաբանությամբ և համապատասխան միջոցներով։ Քիչ չեն դեպքերը, երբ սովորողները ենթարկվում են տեղեկատվական տրավմաների։ Փոխանակ կլիմայական աղետներով նրանց վախեցնելու, դպրոցը ավելի շատ նրանց պետք է սովորեցնի լուծումներ գտնել և լինել լավատես։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում, ցանկալի է, որ գիտատեսական և գործնական մակարդակներում քննարկվեն ինչպես էկոլոգիական կրթության, համապատասխան գիտակցության և մշակույթի ձևավորման հարցերը՝ այն էլ բազմաշերտ միջազգային ձևաչափով։ Դա հատկապես կարևոր է, քանզի համաժողովի գլխավոր կարգախոսն է «Գործել հանուն բնության» և քննարկումների շեշտը դնել ոչ միայն տեսության, այլ կոնկրետ գործողությունների մեխանիզմների մշակման վրա։

Երևանյան համաժողովը լինելու է առաջին գլոբալ հաշվետվության հարթակը ու երկրները զեկուցելու են, թե իրենց հասարակության որ տոկոսն է դարձել էկոիրազեկ և որքանով է հաջողվել կրճատել վնասակար սովորությունները, օրինակ՝ պլաստիկի օգտագործում, թափոնների կառավարում և այլն։

Միայն էկոլոգիական կրթության, համապատասխան դաստիարակության միջոցներով է հնարավոր մարդու մոտ դաստիարակել վարքագծային այնպիսի կանոններ, որոնք նրան կուղեկցեն ամեն ակնթարթ ու ամբողջ կյանքում։

Էկոլոգիական, բնապահպանական կրթությունը, որն ուղղված է անձի էկոլոգիական մշակույթի և պատասխանատու վարքագծի ձևավորմանը, հուսանք, որ COP17-ի առանցքային նպատակներից է ու միտված է փոփոխություններով արժեւորելու մարդկանց ամենօրյա սովորությունները, գործողությունները և վերաբերմունքը բնության հանդեպ։

Կամո Աթայան

«Առավոտ» օրաթերթ
29.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել