Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԻԼՎԱՅԻՑ ՈՒ ՌՈՒԲԻԿԻՑ ՆՈՒՅՆ ԵՐԳՆ Է ՈՒԶՈՒՄ

Հունիս 26,1998 00:00
Robert Qocharyan

Կարծում եմ, որ աշխարհի խելոքները մրցանակներն ստեղծել են, որպեսզի իշխանությունները արվեստագետներին ու գիտնականներին չփչացնեն շքանշաններով ու մեդալներով։ Իշխանությունները գտնում են մեդալի հանձնումը պատճառաբանելու ձեւակերպումը՝ «ազգային մշակույթին մատուցած ծառայությունների համար»։ Այս ձեւակերպմամբ մեդալ ու շքանշան են ստանում Լեւոն Ներսիսյանն ու Սիլվա Կապուտիկյանը կողք-կողքի։ Նախ որեւէ օրինաչափության չի ենթարկվում Սիլվա Կապուտիկյանի ծառայությունների գերադասումը Լեւոն Ներսիսյանի ծառայություններից (առաջինը գնահատվել է «Մեսրոպ Մաշտոցի», երկրորդը՝ «Մովսես Խորենացու» անվան շքանշանով), որոնք ոչ ոք չի տեսել, որոնք շոշափելիորեն նույնիսկ գոյություն չունեն, բայց «որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը» (Շեքսպիր)։

Իմիջիայլոց, «շքանշաններ» բաշխելու նույն մեթոդը Ռոբերտ Քոչարյանը կիրառում է ՀՀ կուսակցությունների հանդեպ, ոչ մեկն անմասն չի մնում «պետական երախտագիտությունից», թեպետ ոչ ոք չի կարող ասել, թե, լավ, կուսակցություններին ինչի՞ համար, ո՞ր առաքինության կամ առաքելության համար։ Բոլոր դեպքերում տեղի է ունեցել ակնհայտ ցինիզմ եւ հաճկատարություն։ Ո՞րն է այս երկրի քաղաքական առաջնորդների ողբերգությունը՝ նրանց սարսափեցնում է էժանագինությունը։ Եվ դա չէ ամենասարսափելին՝ նրանք վստահ են, որ այս հասարակության քաղաքական համակրանքները ձեւավորվում են հենց այդ էժանագինության ուժերով։ Պարգեւատրումը երկակի էֆեկտ ունի՝ լռեցնել էժանագին մտավորականների քաղաքական զառանցանքները՝ դրանք գնահատելով կամ չգնահատելով, երկրորդ՝ հասարակությանը վստահեցնել, որ նրանք հենց այն մարդիկ են, որոնք արժանի են իշխանությունների բարեհաճ վերաբերմունքին։

Ո՞րն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերությունը քաղաքական համակրանքների գծով։ Առաջինը էժանագին եւ հաճկատար էր ուզում տեսնել Հրանտ Մաթեւոսյանին, ինչին եւ հասավ, երկրորդը՝ էժանագինին էր ուզում հաճկատար տեսնել, ինչին հասնելն ավելի հեշտ է։ Սիլվա Կապուտիկյանի զառանցանքներն, ուրեմն, ավելի սպառնացող են, քան Լեւոն Ներսիսյանի լռությունը, որը տեղ էլ չունի արտահայտվելու, որքանով այդ մարդու համար միեւնույն է, թե ինչ է կատարվում այս երկրում, կամ ընդհակառակը, էլ ինչ կարող էր կատարվել։ Հանձին Սիլվա Կապուտիկյանի, փակվեց մի բերան, այն դեպքում, երբ մյուս բերանն ընդհանրապես չէր բացվել։ Այս իմաստով տարօրինակ է, թե Լեւոն Ներսիսյանին ինչո՞ւ մեդալ տվեցին, առավել տարօրինակ է, թե նա ինչու չհրաժարվեց դրանից։ Այսօր ցեխը շքանշանով ծածկելու քաղաքականությունը արվեստի հանդեպ վերաբերմունքի բարոմետրն է այս երկրում։ Խիստ տարօրինակ է, որ Լեւոն Ներսիսյանի կենսագրության մեջ կարող է գրվել՝ «Մովսես Խորենացու» շքանշանակիր։

Դա ավելին չի ասում, քան այն բացակայող քաջությունը, որ հերիքեց այդ Մեծ մարդուն։ Եվ էլի մի բան՝ դատապարտվող զառանցանքներին փոխարինելու են գալիս արդարացնող զառանցանքները։ Քանի որ շքանշանների եւ մեդալների բաշխումը տնօրինում են իշխանությունները, ուրեմն ազգային մշակույթին եւ գիտությանը մատուցած ծառայություններն ինչ-որ կերպ իշխանությունների հետ լեզու գտնելու եւ նրանց «հավին քշա» չասելու մի դրսեւորում են։ Եվ այն ձեւակերպումը՝ «ազգային մշակույթին մատուցած ծառայությունների համար», որով շնորհվում են դրանք, հաստատ ավելի բարոյական չէ, քան եթե ձեւակերպվեր, որ, դիցուք, Սիլվա Կապուտիկյանին շնորհվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ազդեցիկ, թեպետ ոչ ծանրակշիռ հայհոյանքների համար, Խորեն Աբրահամյանին՝ երկիր վերադառնալու եւ ըստ էության այդ երկրում իր հետքը կորցնելու համար, Ռուբեն Հախվերդյանին՝ հասարակական ընդունելության, ինչպես նաեւ՝ այդ ընդունելության մեջ թացը չորից չտարբերակելու համար, Լեւոն Ներսիսյանին՝ աստվածային լռության (քանի որ այս երկրում չկա չլռող մարդ, իսկ սա քի՞չ ծառայություն է) եւ այն բանի համար, որ նրան ընդունողների եւ նրանով ձեւավորված սերունդը նույնպես լռելուց բացի, ուրիշ ոչինչ չի անում եւ «զահլա» էլ չունի լռելուց ավելին հավակնելու։ («Չէ, ախպեր, ինձ հանգիստ չի տալիս էն միտքը, որ մարդուն պարգեւատրում են լռելու համար»,- մի անգամ ասացի ընկերոջս։ «Է, եթե էդքան զզվելի է կատարվածը, գոնե դու լռիր»,- ասաց նա)։

Վերադառնալով պարգեւատրման ձեւակերպմանը, նկատենք, որ դա նշանակում է, թե նրանց ծառայությունները մշակույթին են ուղղված եւ ոչ թե Հայրենիքին։ Իսկ վերջինի համար Ֆրանսիայում (որին այդքան սիրում են վկայակոչել այս երկրում) Շառլ Ազնավուրին եւ Գառզուին են պարգեւատրում (ի դեպ՝ մշակույթի բնագավառում այդ ի՞նչ էր արել Ազնավուրը, որ չէր արել Գառզուն, հատկապես, որ Հայաստանի համար երկուսն էլ ոչինչ չեն արել, կամ այն, ինչ արել են, միայն այս երկրի համար չի արվել)։ Սարդարապատում հանդիպելով Ռուբեն Հախվերդյանին, ուղղակի հարցրի, թե ե՞րբ իմացավ, որ պետք է պարգեւատրվի շքանշանով։ «Մի ամիս առաջ»,- ասաց նա։ Ամբողջ մի ամիս այս մարդը Սիլվա Կապուտիկյանի հանգստությամբ եւ, ըստ երեւույթին, «ազգային երախտագիտությամբ» նստել եւ սպասել է, թե երբ է գալու այն օրը, երբ ձեռքը կվերցնի այդ մեդալը։ Իհարկե, Ռուբիկ Հախվերդյանը չզլացավ ասել, որ, ախր, շատ է հարգում այդ մարդուն (Ռոբերտ Քոչարյանին)։ Հաջորդ պահին նա ասաց, որ ուղիներ է փնտրում մեդալը «երեք-չորս շիշ գարեջրի» հետ փոխանակելու համար։ Ես նկատել տվեցի, որ նախ շատ բացասական վերաբերմունք ունի գարեջրի հանդեպ, երկրորդ՝ նա, ով արդեն վերցրել է այդ մեդալը, մոտավորապես վերջին հիմարը կլինի, որ հրաժարվի դրանից։

Ի՞նչ եմ առաջարկում (եւ սա նախեւառաջ ուղղված է մեր մշակույթի «երախտավորներին», նույնիսկ մեռած «երախտավորներին», լինում են, չէ՞, հետմահու պարգեւատրվողներ)։ Նախ ուզում եմ հիշեցնել, որ աշխարհի խելոքները շատ ավելի լավ կարծիքի են «մշակույթի հանդեպ ծառայություն մատուցածների» մասին, թեպետ այս երկրում ոչ ոք պարզորոշ չի վայելել այդ ծառայությունները, քան աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդները միասին վերցրած։ Երկրորդ՝ չարժե արվեստագետներին խաբել սիրաշահումներով, ավելի լավ չգնահատվելով, նույնիսկ գնահատվելու պատճառ չունենալով, սիրաշահումները հենց այն են, ինչը փնտրում են նրանք։ Երրորդ՝ եթե պետությունն այդքան գնահատում է մեր արվեստագետներին, չէր խանգարի գրական, ոչ պետական մրցանակի հիմնադրմանն աջակցելը։ Եթե պետության բարոյականությունը հերիքում է, այդ մրցանակը կարող էր լինել ամենաէժան երախտագիտությունը, բայց գոնե բոլոր ծառայություններն իրենց տեղը կդրվեին։ Չորրորդ՝ մեր «մշակութաբաններին» առաջարկում են դադարեցնել արվեստի հանդեպ ոտնձգությունները, ինչպես ռուսական մամուլն է առաջարկում իր քաղաքական գործիչներին՝ «չնկարել, չգրել» եւ, ի վերջո՝ չփորձել քանդակել այն ուղեղները, որոնք այդ քանդակից ավելի տձեւ կամ գեղեցիկ չեն դառնալու։

Տեսնենք հանճարի մինչեւ որ աստիճանը կարող է ձգել «պետական քանդակագործությունը», որը դրսեւորվում է մշակույթի հանդեպ անտարբերությունից մինչեւ «մշակույթի հանդեպ ծառայությունների» գնահատումը։ Հինգերորդ՝ շքանշաններով մի խաբվեք, միգուցե ճիշտ է Ռուբիկ Հախվերդյանը, որը վերաիմաստավորում է իր մեդալը «երեք-չորս շիշ գարեջրի» տեսքով, քանզի դատարկ գրպանով արվեստագետի վրա ծիծաղելու ուրիշ ձեւ չկա, քան նրան շքանշաններով խեղդել այնտեղ, որտեղ նա փնտրում է շիշն ու այդ շշից դուրս եկող մուսան։ Եվ «այս է խորհուրդն իմ» վեցերորդ՝ պետք չէ արվեստագետ փնտրել այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կա «պետական երախտագիտության» արտահայտման։ Այդ գնահատականն, ախր, արվեստագետի երախտամոռության հակառակը չէ, որովհետեւ երախտամոռ արվեստագետ ընդհանրապես գոյություն չունի, գոյություն ունեն Սիլվա Կապուտիկյան, Ռուբեն Հախվերդյան եւ էլի շատ-շատերը, որոնց կճանաչենք Առաջին Հանրապետության հաջորդ տոնակատարության առիթով պարգեւատրվածների շարքում։

ԱՐԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930