Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ

Հուլիս 18,1998 00:00
armavir

«Առավոտն» արդեն հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Արմավիրի նոր մարզպետ Ալբերտ Հերոյանը կադրային ջարդ է սկսել եւ որ հերթական զոհը դարձել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը։ Դեպքի առնչությամբ մանրամասները ճշտելու համար զրույց ունեցանք, այսպես ասած, հակադիր կողմերի հետ։

Ներսից

Նախ, մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Հակոբ Հակոբյանը ներկայացրեց գրավոր բացատրություն, ըստ որի. «Արմավիրի մարզպետարանի քարտուղար, ԱԺ պատգամավոր Դավիթ Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր ծառայողական լիազորությունները գերագնահատելու, մարզպետարանի կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներում կամայականորեն, առանց մարզպետի կողմից հաստատված հաստիքացուցակի, լրացուցիչ հաստիքային միավորներ (հատուկ ծառայությունների քարտուղարուհիներ) պահելու, այդ աշխատակիցներին անհայտ եւ կասկածելի ֆինանսական աղբյուրներից աշխատավարձեր վճարելու, դրանով իսկ նրանց աշխատանքային սահմանադրական իրավունքները ոտնահարելու մեկնաբանությամբ»։

Սակայն Հ. Հակոբյանը, որպես «լուրջ լրագրող» (այսպես էր նա իր մասին ասում), հարկ համարեց բանավոր բացատրություններ եւս տալ՝ նախապես ափսոսալով, որ գործ ունի միամյա փորձ ունեցող լրագրողիս հետ եւ բազմիցս (հեռախոսազանգով եւ առերես) զգուշացնելով, որ «չսայթաքեմ» ու երկու կարծիքներից գտնեմ ճիշտը. «Ես լուրջ լրագրող եմ եւ չեմ սիրում, երբ երիտասարդ լրագրողներին խաբում են…»։ Անցնելով բուն նյութին, նախ նշեմ լրատվության պատասխանատուի տեսակետները։ Վերջինս խոսքն սկսեց մարզային համակարգի «մոտեցումից».

«Մարզային համակարգում կա այսպիսի մոտեցում. մարզպետ, փոխմարզպետ եւ քարտուղար։ Քարտուղարը կազմակերպում է մարզպետարանի աշխատանքները։ Նախկին մարզպետի ժամանակ որոշ բաժիններում ու վարչություններում, մարզպետարանում առկա պաշտոնական հաստիքներից բացի, պահվել են լրացուցիչ հաստիքներ՝ քարտուղարուհիներ։ Մեզ մոտ կատարվեց մարզպետի փոփոխություն, եւ քարտուղարը պարտավոր էր նոր եկած մարզպետին անմիջապես տեղյակ պահել լրացուցիչ հաստիքների մասին, պիտի բացատրեր, թե նրանք ինչպես են վարձատրվում, իրավաբանական ինչ հիմքեր կան։ Մարզպետին տեղյակ չի պահվել եւ մարզպետն ինքն է ժամանակի ընթացքում դա բացահայտել։ Ու մեղքը բարդվեց քարտուղարի վրա։ Իրականում նախկին մարզպետի կողմից էլ էր դա արգելված (ես գիտեմ՝ որպես լրատվության բաժնի վարիչ), բայց ով էր պատասխան տալու՝ մնում էր իրենց վրա։ Կասկածելի է՝ որտեղից էին վճարում այդ քարտուղարուհիներին։ Ասե՞մ մեխանիզմը. ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հիմնարկի պիտի ասվեր, ձեւակերպվեր, աշխատողին բերվեր-նստեցվեր այդտեղ. սա տարբերակներից մեկն է, որը խախտում է։

Ավելին՝ մարդն այստեղ-այնտեղ նստում, գլուխ է գովում, թե ինքն աշխատում է մարզպետարանում, բայց իրականում նրան ուղղակի ասել են՝ աղջիկ ջան, գնա նստիր այնտեղ։ Խոսքը կոնկրետ երկու-երեք վարչության պետերի քարտուղարուհիների մասին է։ Ինչ վերաբերում է ջարդին, իրականում չկա կադրային ջարդ, գնում է այսպիսի քաղաքականություն. Հերոյանը պարզ ասում է. «Տղերք, մենք միասին բոլորս պիտի աշխատենք, ես պիտի նայեմ յուրաքանչյուրիդ աշխատանքին եւ ասեմ՝ կարո՞ղ ես ինձ հետ աշխատել, թե՝ ոչ»։ Նրանք, ովքեր սովոր են աշխատանքի ժամին զբաղվել ժամանցներով, բամբասանքով, նրանք ի վիճակի չեն դիմանալու այս լարված աշխատանքին։

Հերոյանն ընդամենը երեք կադրային փոփոխություն է կատարել. իսկ դրանց քաշը երեւում է Արմավիրի մարզում նրանց մասին ունեցած հասարակական կարծիքից։ Դավիթ Մելիքյանի փոխարեն նշանակված քարտուղարն այն մարդն է, որ պայքարում էր քաղաքապետի թեկնածու դառնալու համար, եւ երկրորդ տեղում էր։ Հասարակությունը նրա մեջ տեսնում է պոտենցիալ քաղաքապետի, եթե ոչ հենց անմիջապես քաղաքապետի։ Այսօր մեզ պետք են մարդիկ, որոնք հասարակության մեջ հեղինակություն են։ Երկրորդը՝ ընդհանուր բաժնի նոր վարիչը Արմավիրի նախկին շրջխորհրդի գործկոմի նախագահն է՝ հասարակության մեջ կշիռ, քաշ ունեցող անձնավորություն։ Դրանից, ես կարծում եմ, մարզային համակարգը շահելու է։ Մեր թիմ, ձեր թիմ՝ չկա, գնահատվում է հասարակական կարծիքը»։

-Ինչո՞ւ եք համոզված, որ Դավիթ Մելիքյանի մասին հասարակությունը վատ կարծիք ունի։

-Ես աշխատում եմ առավոտից մինչեւ ուշ երեկո եւ գիտեմ՝ ինչ բան է հասարակական կարծիքը։ Եվ պարոն Հակոբյանը ինձ մի խորհուրդ տվեց. «Կարող եք ձեր ձայնագրիչը միացնել, թողնել-գնալ ու կարծիք հավաքել, իմանալ, թե մարդիկ ձեր մասին ինչ են ասում»։ Լուրջ լրագրողը նաեւ ինձ հուշեց, թե ինչ հարցեր տամ պարոն Մելիքյանին։

«Կարող եք հարց տալ. ինչպե՞ս է աշխատել լրատվության բաժինը նրա օրոք, ինչո՞վ է նա աջակցել։ Եվ ինքն ազնվաբար կասի՝ ես ամեն ինչ արել եմ, որ մարզպետարանը զրկվի հասարակության հետ կապերից։ Առանց տրանսպորտի, լրատվության բաժնի վարիչը վազել է Մելիքյանի հետեւից՝ լրատվություն սարքելու համար՝ ընկերոջ մեքենայով, նիսյա բենզինով, սեփական աշխատավարձով գնած կասետայով»։ «…Ես չէի ուզենա ինչ-որ մեկը քաղաքական գործիչ սարքվեր «Առավոտի» միջոցով։ Նա քաղաքական գործիչ չէ, ընդամենը մարզպետարանի քարտուղարն է եղել…»։

Հակոբ Հակոբյանի ելույթը թողնում եմ առանց մեկնաբանությունների՝ անցնելով հաջորդ կողմին։

Արդեն՝ դրսից

Հարցի առնչությամբ իր մեկնաբանություններն է տալիս Դավիթ Մելիքյանն ու նաեւ պատասխանում վերոնշյալ որոշ հարցերի։ «Նախագահի հրամանագրով արտահայտված են իմ աշխատանքային լիազորությունները, ֆունկցիաները։ Դրանք են՝ կառավարության եւ այլ որոշումների, գրությունների հսկողությունը. օրինակ, եթե տվյալ վարչությունն ուշացրել է որոշումը, պետք է զեկուցագիր գրվի, որ այսինչ բաժինը թերանում է իր աշխատանքում։ Ես դրանից ավելի հնարավորություն կամ իրավասություն չունեմ։ Իսկ ընդհանուր կադրային հարցերով զբաղվում է մարզպետը. բոլոր բաժինները, վարչություններն աշխատում են մարզպետի որոշմամբ։ Տվյալ դեպքում, քարտուղարուհիներն աշխատել են մարզպետի գիտությամբ ու թույլտվությամբ։ Նախորդ մարզպետը մի որոշ ժամանակ արգելեց այդ, բայց երբ նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո մարզպետի աշխատանքներն ստանձնեց նրա տեղակալ Հրաչիկ Հովսեփյանը, նորից համաձայնություն տրվեց՝ ելնելով անհրաժեշտությունից։ Ի դեպ, այդ վարչություններն իմ սպասարկման ոլորտում չեն։

Կոնկրետ ես սպասարկել եմ ընդհանուր բաժինը, որը քարտուղարուհիներ չի ունեցել։ Բացի այդ, կադրերի հարցում ոչ մի ձեւակերպում հնարավոր չէ, իսկ քարտուղարուհիներն էլ պետերի բարեկամուհիներն են, որոնց խնդրում են մեկ-երկու ժամով պատասխանել զանգերին՝ իրենց բացակայության ժամանակ։ Իսկ իրենց գրպանից թե 1000-2000 դրամ կտան քարտուղարուհուն, թե չեն տա՝ դա իրենց գործն է, դա իմ իրավասության մեջ չի մտնում։ Ես հենց առաջին օրվանից զգացի նոր մարզպետի սառն անտարբերությունն իմ նկատմամբ. նա նշանակման երրորդ օրը նույնիսկ տեղակալին կարգադրեց, որ իմ ծառայողական մեքենայի համար բենզին չհատկացնի, ինձ էլ ո՛չ ընդունում էր, ո՛չ լսում։ Ինչ մնում է հասարակական կարծիքին՝ այդպիսի բան գոյություն չունի. մարզպետի աշխատանքի հիմքում ընկած է դեմագոգիան, իսկ իր թիմի մի քանի անձինք դեռ հասարակական կարծիք չեն կազմում։

Լրատվության հարցը. մարզպետարանը, ի տարբերություն համայնքների, բյուջե չունի եւ բազմաթիվ անգամներ պարոն Հակոբը եկել, ինձ ասել է, որ պիտի գնա նկարահանման, ես էլ խնդրել եմ այս կամ այն հիմնարկի պետին՝ վառելիք, ձայներիզ ձեռք բերելու համար։ Բայց դա եղել է մինչեւ փետրվար ամիսը։ Դրանից հետո վարչակառուցվածքային փոփոխություն եղավ, լրատվության բաժինը լուծարվեց, մնաց լրատվության քարտուղարը, որն էլ անմիջապես անցավ մարզպետի ենթակայության տակ»։

Ըստ պարոն Մելիքյանի, իրեն աշխատանքից ազատելու մի պատճառն էլ այն էր, որ ինքը եղել է Ռոբերտ Քոչարյանի մարզային շտաբի պետը եւ Սեդրակ Հովհաննիսյանին (նախկին մարզպետին) աշխատանքից ազատելուց հետո կամովին հրաժարվել է շտաբի պետի պարտականություններից։ Իբրեւ վերջաբան նշեմ, որ Դավիթ Մելիքյանը, ըստ նախնական տվյալների, երեկ դիմել է դատարան։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031