Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈԽ ՆՇԱՆԴՐԵՔ՝ ԼԻՔԸ ՍԻՆԻՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 02,1998 00:00
harsaniq

Ինչպես ողջ առաջադեմ մարդկությունը, այնպես էլ հայ երիտասարդության մի ստվար զանգվածը «ընկերություն ունենալուց» հետո նշանվում է, ապա ամուսնանում (մյուս ստվար զանգվածը ոչ մե՛կն է անում, ոչ էլ, բնականաբար, մյուսը. այս զանգվածը «տանն է մնում»)։ Թեեւ երիտասարդներն աշխատում են թոթափել նախնյաց ավանդույթները եւ նշանադրության ու ամուսնության արարողությունները պարզեցնել՝ հասցնելով մինիմումի, սուսուփուս երթուղային տաքսի նստել ու հայդե՝ տղայի տուն՝ (հուսով եմ)՝ ընդմիշտ։ Նման պարագայում խնայվում են ե՛ւ ժամանակը, ե՛ւ միջոցները, հետեւաբար՝ նաեւ նյարդերը։

Տղան աղջկան մոմով ու մի փունջ դաշտային ծաղիկներով զարդարված սեղանի շուրջ հարսանեկան, բայց զուսպ մատանի է նվիրում։ Ոչ «հարսի» շոր, ոչ լիքը ուտող-խմող հյուրեր, ոչ նվերներ, ոչ զագս ու եկեղեցի։ Այս ձեւը նախընտրում է երիտասարդների մեծ մասը, որոնց ձանձրացրել է յոթ օր ու գիշերվա քեֆ-ուրախությունը։ Սակայն ավանդապաշտ ընտանիքներում, ուր բավական մեծ տեղ է տրվում մեր «ադաթներին», ամեն ինչ այլ կերպ է լինում։ Աղջկա ծնողներն ի մի են բերում իրենց ողջ կարողությունը, բարեկամներից ընտրում են ամենաաշխատասեր, անող-դնող, եփող-թափող կանանց ու անցնում գործի։ Գնվում են ամենաթանկարժեք ու ընտիր ուտեստներն ու մթերքը։

Նշանադրության սեղանի պարտադիր ատրիբուտ են խորովածը, խաշլաման (եթե խաշլամա չկա, ցանկալի է թոնրի խորոված), Էջմիածնի քյուֆթա (իր կարագով), շվեյցարական պանիր, բաստուրմա-սուջուխ, ընտիր երշիկ, «Ստոլիչնի» սալաթ, սունկ եւ այլ խորտիկներ։ Խմիչքների տեսականին բազմազան է (եւ նույնպես՝ թանկարժեք)։ Տորթեր, թխվածքներ, «բանբաներկա»-ներ, որոնք պետք է անպայման ունենան մինիմում կես մետր երկարություն։ «Ժիվոյ» երաժշտությունը կախված է նշանադրության ճոխությունից եւ նրանից, թե որքանով է աղջկա կողմը «հարգում» խնամիներին։

Ի դեպ, վերոնշյալ պատրաստությունը տեսնում են աղջկա ծնողները։ Տղայի կողմն էլ է պատրաստվում հետ չմնալ եւ համապատասխան պատրաստվածություն ցուցաբերել աղջկա օջախ մտնելիս։ Ի դեպ, կարեւոր նախապայմաններից մեկը (գոնե Հայաստանում) ասված ժամից առնվազն մեկ ժամ ուշանալն է։ Սակայն աղմուկով, անթիվ-անհամար սինիներով եւ նվերներով մուտքը մոռացնում է քիչ առաջվա տագնապը։ Սինիները լինում են հիմնականում մրգային՝ անանասի գլխավորությամբ։ Մրգերը «հենում» են ընտիր կոնյակի, կոնյակն էլ՝ շոկոլադի թանկարժեք տուփին։ Ապագա սկեսուրը պատրաստում է իր հատուկ սինին, որի պարունակությունն էլ հիմք է դառնում հարս-սկեսուր ապագա հարաբերությունների։ Այդ սինիում տեղադրվում է ոսկեղեն-«բըրլյանտեղենը», աղջկան անհրաժեշտ սպիտակեղենը՝ ողջ մանրամասնությամբ։ Իրենց ուրույն տեղն ունեն ճերմակ «չստիկները»։

Հարգանքի հավաստիքի մեկ այլ դրսեւորում է նաեւ հսկայական տորթը, որը տղան եւ աղջիկը «ուտացնում» են միմյանց։ Նվերները հանձնվում են հիմնականում մենապարելով եւ ի տես բոլորի։ Ամեն ինչ շատ լավ է անցնում։ Հարսնացուն՝ գեղեցիկ, ամոթխած, տղան՝ մի քիչ իրեն կորցրած, հյուրերը՝ սեղանների ճոխությունից գոհ։ Ուշ երեկոյան ավարտվում է արարողությունը, հյուրերը ցրվում են։ Իսկ նշանադրության կազմակերպիչները՝ աղջկա եւ տղայի ծնողները, սկսում են հաշվել, թե քանի՜-քանի ամիս է պետք, որ ուշքի գան ու կարգավորեն աղքատացած ընտանեկան բյուջեն կամ քանի՜-քանի ամիս է անհրաժեշտ փակելու հարյուրավոր դոլարների պարտքը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930