Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ ԲՅՈՒՋԵԻՆ՝ ՍԻՐՈՎ

Նոյեմբեր 21,1998 00:00
byuje

Հեղինակներն իրենք են դնում իրենց ստեղծագործությունների անունները։ Բայց հետո բացառված չէ, որ այն վերանվանվի։ Այդպես, օրինակ, արձանը կարող է դառնալ լպստած շաքարաքլոր, իսկ շենքը՝ կրծած կուկուռուզ։ Ամեն տարի հերթական կառավարությունը կազմում է երկրի հիմնական տնտեսական փաստաթուղթը՝ պետբյուջեի նախագիծը։ Կազմում է ու ներկայացնում խորհրդարանական քննարկման ու հաստատման։ Նախագծի հեղինակները հայրական հոգատարությամբ նաեւ որոշում են իրենց փաստաթղթի անունը։ Այսպես ամեն տարի խորհրդարանական քննարկումների սկզբում կառավարությունը փաստաթուղթն անվանում է «զարգացման բյուջե»։ Քննարկումների ընթացքում, որպես կանոն, այդ խանդավառ անունը շատ արագ մոռացվում է։ Հետո անմիջապես հայտնվում է երկրորդ անունը՝ «սոցիալական բյուջե»։

Այս տարի էլ նախագիծն արդեն այդ անունով էր մատուցվում (կամ ներկայացվում) հասարակությանը։ Սկզբում իսկապես որոշակի օբյեկտիվ հիմքեր կային ենթադրելու, որ 1999 թ. պետական բյուջեն հնարավորություն ունի մեծացնելու սոցիալական ծախսերը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հանրապետության (կամ հանրապետությունից) շատ անկախ էներգետիկ հանձնաժողովը թանկացրեց էլեկտրաէներգիան։ Այս քայլը բյուջեի համար լրացուցիչ նոր աղբյուրներ ավելացրեց։ ՀՀ վարչապետը ս. թ. հոկտեմբերի 17-ի իր հայտնի հանձնարարականներով փորձեց ճշտել թե որքան ավելի փող է ստանալու բյուջեն։

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանին հանձնարարվեց կազմել՝ «տեղեկանք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում Հայաստանի Հանրապետության 1999 թ. պետական բյուջեի եկամտային մասի աճի վերաբերյալ»։ Այս տեղեկանքը, բնականաբար, երբեք չի հրապարակվի։ Սակայն որոշ հաշվարկներ կարելի է ինքնուրույն կատարել։ Անցած տարի Ազգային ժողովում պատգամավորներին բաժանած տեղեկանքի համաձայն՝ բնակչությունից գանձվող միջին սակագինը հավասար է 19 դրամ 20 լումայի։ Եկող տարի յուրաքանչյուր կիլովատի համար, փաստորեն, հավելյալ մուծվելու է 5 դրամ 80 լումա։ Բնակչությունը տարեկան սպառում է մոտ 2 մլրդ 100 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Հետեւաբար, եկող տարի օգտագործվելիք հոսանքի դիմաց ավելի կմուծի մոտ 12 մլրդ դրամ։ Սա սակագնային հանձնաժողովի «համեստ» նվերն է երկրի պետական բյուջեին։ Միայն ավելացած արժեքի հարկի տեսքով բյուջեն լրացուցիչ նվեր կստանա 2,5 մլրդ դրամ։ Այս հարկատեսակը մեր հարկային համակարգում հիմնականն է։

1999 թ. բյուջեի նախագծում ենթադրվում է, որ այն կազմելու է մոտ 70,5 մլրդ դրամ։ Միայն էներգետիկ համակարգը ավելացած արժեքի հարկի տեսքով բյուջե է մուծելու առնվազն 24 մլրդ դրամ (մոտ 35 տոկոսը)։ Այս գումարը հաշվարկված է միայն սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գումարից։ Միայն բնակչությունից գանձվող էլեկտրաէներգիայի վարձը կազմում է մոտ 52,5 մլրդ դրամ։ Դրանից գանձվող ավելացած արժեքի հարկը 9,9 մլրդ դրամ է։ Թվում էր, որ նման լուրջ գումարները հնարավորություն կտան բյուջեին գոնե մի փոքր սոցիալական բնույթ տալ։ Արդեն մեկ-երկու տարի է՝ անընդհատ խոսվում է ընտանեկան նպաստներին անցնելու մասին։ Ենթադրվում էր, որ այդ նոր համակարգը, եթե ոչ էապես, ապա գոնե շոշափելի չափով կբարելավի կարիքավորների վիճակը։ Այսօր էլ կառավարական շրջանակներն ու պաշտոնական մամուլը փորձում են համոզել, որ հոսանքի թանկացմանը զուգահեռ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ստեղծվել։ Սակայն այս մտքի հետ համաձայնելը չափազանց դժվար է կամ համարյա անհնար։ Փորձեք համեմատել այս տարվա բյուջեն եկող տարվա բյուջեի նախագծի հետ։ Կենսաթոշակների համար 98-ին նախատեսված էր 4 մլրդ 215 մլն դրամ, 99-ին՝ 3 մլրդ 627 մլն դրամ։ Այսինքն՝ կենսաթոշակները եկող տարի ավելի պակաս են վճարվելու։

Հնարավոր է, որ այս տարվա սկզբին անցկացված վերահաշվարկներից հետո սոցապ նախարարությունը ճշգրտեց թոշակառուների թիվը։ Անցած տարի նպաստներ նախատեսված էին 14 մլրդ 900 մլն դրամի չափով։ Եկող տարի մի փոքր ավելանում են՝ դառնալով 15 մլրդ 855 մլն։ Այ այստեղ նույն այդ սոցապ նախարարությունը նույնիսկ ինֆլյացիան հաշվի չի առել։ Սոցիալական անունը կրող բյուջեն այդ բնույթի ծախսերի համար եկող տարի ընդամենը 1,7 մլրդ դրամ է ավելի նախատեսում, այս տարվա հետ համեմատած։ Չնչին այս տարբերությունը հաստատ «կխժռեն» ինֆլյացիոն գործընթացները։ Ու եթե երկրի տնտեսության հիմնական ցուցանիշները շարունակեն պահպանել վերջին տարիների միտումները, յուրաքանչյուր տարի բյուջեից ավելի ու ավելի քիչ գումարներ կհատկացվեն կենսաթոշակ տողով։ Խոսքն ամենեւին էլ թոշակառուների ցուցակների ճշգրտման մասին չէ։ Նրանց թիվը ամեն տարի կպակասի հենց նման տիպի՝ «սոցիալական» հորջորջվող բյուջեների պատճառով։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Վերջին օրերին հանրապետության մամուլը լիքն է հրապարակումներով, որտեղ տարբեր հաշվարկներ կան, թե քանի տոկոսով է թանկացել էլեկտրաէներգիան։ Պաշտոնական պատասխաններ, բնականաբար, չկան։ Նույն պաշտոնական թվերով մեկ կիլովատի միջին սակագինը 19,2 դրամ էր։ Հետեւաբար, հոսանքը թանկացել է 30,2 տոկոսով՝ դառնալով 25 դրամ։ Պաշտոնական հաշվարկն արվում է այն ելակետից, որ միջին սպառողը ամսական ծախսում է 250 կվտ/ժամ հոսանք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30