Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ն խոստանում է ասուլիսային սերիալ

Դեկտեմբեր 19,1998 00:00
petros makeyan

Դեկտեմբերի 18-ին ասուլիս էր հրավիրել օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը։ Փորձենք վերջապես հապավել նրա անունը՝ ստացվում է ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ։ Տեսաք, թե ինչպիսի ծանրակշիռ արտահայտություն ստացվեց։ Հենց այդպիսի վարքագիծ էլ մտադիր է ցուցաբերել ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ն գալիք՝ 1999 թվականի ընթացքում պարբերաբար հրավիրելով մամլո ասուլիսներ, որպեսզի ներկայացնի՝շ

ա) վարկերի օգտագործման ժամանակ տեղ գտած ընդհանուր թերությունները,

բ) վարկերի ձեւակերպման եւ իրացման ընթացքում տեղ գտած օրենքի խախտումները,

գ) առանձին վարկերի պարագայում նկատված չարաշահումները։

Այս ամենն, իհարկե, պայմանով, եթե Ազգային ժողովի ղեկավարությունը ձեւ չգտնի հրավիրել արտահերթ նստաշրջան, ուր ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ն կներկայացնի սեփական ուսումնասիրությունների արդյունքները։ Այ, այդ ժամանակով հանձնաժողովի ներկայացուցիչները խոստանում են անուններ հրապարակել, թեպետ, հիմա էլ մեկ-երկուսի անունը տալիս են։ Ասենք, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյան, տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյան, գյուղատնտեսության նախարար Աշոտ Ոսկանյան, էներգետիկայի նախարար Սեպուհ Թաշճյան։ Թե նրանք որտե՞ղ են խախտել օրենքը եւ կամ ի՞նչ չարաշահում են արել՝ դեռեւս չի ասվում, բայց որ արել են, դե, էնպես ասվում է էլի՝ ձեռի հետ, ոտքի վրա…

Այդուհանդերձ, ասուլիսի ներկայացած ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ անդամները, կազմով՝ Պետրոս Մաքեյան, Վահագն Խաչատրյան, Արշակ Սադոյան, Ամալյա Պետրոսյան եւ Պարույր Հայրիկյան, ըստ էության, միաձայն էին մի շարք հարցերում։ Վարկերի ուսումնասիրությունից պարզ է դարձել հետեւյալը. ձեւական բնույթ են կրել մրցույթները։ Ասենք՝ Մեղրի-Երեւան ճանապարհաշինության մրցույթին մասնակցել է ընդամենը մեկ կազմակերպություն, որն էլ ստացել է 1 մլրդ 395 մլն դրամ։ Ողջ գործընթացը՝ վարկի ստացում, վերահսկում, իրացում եւ այլն, կատարվել է մեկ գերատեսչության՝ տրանսպորտի նախարարության շրջանակներում։

Հաջորդը՝ ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ի անդամները նկատել են, որ վարկերի մեջ մեծ ծավալ են կազմում խորհրդատվական ծառայությունները։ Ասենք, թեկուզ «Արմենիա», «Անի» հյուրանոցների, կոնյակի գործարանի սեփականաշնորհման համար տրված խորհուրդների դիմաց ծախսվել է 430 հազար դոլար։

Մյուս ոչ ընդունելի դրսեւորումը՝ վարկային ծրագրերն իրականացնող գրասենյակները կահավորվել են եվրոպական ստանդարտների համապատասխան։ Աշխատավարձերն էլ պակաս չեն եղել։ Էլ չենք ասում փոխադրամիջոցների մասին՝ «Ջիպեր» եւ այլն։

Ամենակարեւորը, որ ընդգծեցին հանձնաժողովի անդամները, այն է, որ վարկային ծրագրեր իրականացնող կազմակերպություններն անընդհատ ստուգումների են ենթարկվել՝ յուրաքանչյուրն առնվազն 10 անգամ։ «Կարելի է ասել, որ ասպատակում է կատարվում տնտեսվարող սուբյեկտներում, մանավանդ ՆԳ եւ ԱԱ կառույցների կողմից, թե տեղի, թե մարզային, թե 6-րդ վարչության։ Վտանգավորն այն է, որ այս ստուգումները չեն փաստաթղթավորվում, եթե, իհարկե, պատվերով չեն։ Խախտում են ՀՀ նախագահի 94 թ. օգոստոսի 1-ի հրամանագիրը, որը ժամանակին գրվեց, որպեսզի Վանո Սիրադեղյանը նման բաներ չանի, բայց Սերժ Սարգսյանը Վանո Սիրադեղյանին անցավ»,- այս հայտարարությամբ էլ իր խոսքը եզրափակեց ՕՊՄԿՍՎՕԱՈՒՀ-ի նախագահ Պետրոս Մաքեյանը։

Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031