Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 01,1999 00:00

Այլախոհների դիսիդենտականության թեման, թերեւս, ամենազգայուն թեման է մեզանում։ Նույնիսկ՝ ամենամոդայիկը։ Եվ ամենաշահարկվողը։Դիսիդենտականության ընկալումն իսկ վիճահարույց է եւ ավարտուն չէ։

Ընկալման առանցքն էլ այն է, որ մարդը «նստել-ելել է»։ Բայց ի՞նչ ժամանակներում, ի՞նչ գաղափարներ կրելու համար, ի՞նչ համակարգում, ինչպիսի՞ միջավայրում։ Այսօր հեշտ է քաղաքականությամբ զբաղվելը (ինչպես ֆիլմում Վարդան Հարությունյանը կասեր. «Այսօրվա բարձունքից կարելի է մի քիչ հեգնել»), նույնիսկ գաղափարները եւ գաղափարախոսություն կրելը։ Հեշտ է անգամ քաղաքական դեգերումներով զբաղվելը. անպատիժ, հարթակային…

Ու երբ ծանոթանում ես միակուսակցական համակարգի պայմաններում անլեգալ գործող կազմակերպությունների գործունեությանը եւ քաղաքական հայացքների համար հետապնդումներին, ապա դժվարանում ես գնահատել այն, ինչ եղել է, ինչը դարձել է կենսագրություն եւ չգնահատված պատմություն։

Ազգային միացյալ կուսակցության մասնաճյուղերից էր Հայ երիտասարդական միությունը։ Նրանում ընդգրկված երիտասարդները պահանջատեր էին տարածքային ամբողջականության, ԽՍՀՄ-ից Հայաստանի անջատմանը։ Նրանցից շատերը աքսորավայրերի եւ ազատազրկման սպառնալիքից չընկրկեցին. Ստեփան Զատիկյան, Իշխան Մկրտչյան, Հակոբ Ստեփանյան, Մարզպետ Հարությունյան, Ռազմիկ Մարկոսյան, Բագրատ Շահվերդյան, Հակոբջան Թադեւոսյան, Վիգեն Բաբայան, Ալեքսանդր Մանուչարյան. անուններ, որոնց թվարկումը շատ երկար կարող է թվալ։

Երեկ ՀԺՄ-ում ցուցադրվեց Էդիկ Բաղդասարյանի, Վահան Իշխանյանի հեղինակային «Չարձանագրված սպանություն» փաստավավերագրական կինոնկարը (45 րոպե տեւողության), որը նվիրված էր Իշխան (Կնյազ) Մկրտչյան քաղաքական գործչին, ՀԵՄ-ի անդամին։ Իշխան Մկրտչյանը Արթիկի Սարատակ գյուղում է ծնվել եւ իր քաղաքական հայացքների համար, «հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա» (ՀԽՍՀ քր. օր. 65 հոդվածի 1-ին մաս), նյութեր հավաքելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման եւ 5 տարվա աքսորի։ Ճակատագրի հեգնանքով նրա դեմ հարուցված քր. գործը թիվ 17-ն էր։Ֆիլմի հեղինակները սակավ պահպանված լուսանկարներից, Իշխանի ծնողներից, ընկերների մոտ պահպանված նյութերից կարողացել են մոռացությունից փրկել մի անուն, մի չվարկաբեկված քաղաքականի, որն իր մահկանացուն է կնքել Պերմի բանտում, ապրիլի 24-ին…

«Ձայնազուրկ էինք… Մենք ուրիշ ազգից էինք…» հնչում է «ներսից» եւ ապա խոսում են Իշխանի բանտախցի ընկերները, գաղափարակից ընկերները։

Վարդան Հարությունյանը պատմում է իրենց դատավարության մասին (25 անգամ հարցաքննել են Իշխանին, 14 անգամ նշանակվել է առերեսում, 74-ը, որպես վկա, հարցաքննվել են) «մեր կեցվածքը… հեգնել դատարանը։ Բոլոր դատարաններում նույն դատավորներն էին, նույն դատախազները» (նկատի ուներ քաղաքական դատավարությունները)։Ի դեպ, Իշխան Մկրտչյանի քննիչն այն ժամանակ ՊԱԿ-ի աշխատակից Ժորա Վարդանյանն էր, նույն ինքը՝ Կենտրոն համայնքի 1-ին ատյանի նորանշանակ դատավորը։

1989 թ. Իշխանի աճյունը (առաջին դիսիդենտի) տեղափոխվեց հայրենի Սարատակ, բարձունքի վրա, որն այսօր Իշխանասար է կոչվում։ Իշխանի բանտընկերներից շատերը մինչեւ օրս էլ չեն հավատում, որ նա ինքնասպան եղավ բանտում, եւ այդ մասին հնչում է ֆիլմում։

Առաջին անգամ մեզանում պատրաստվել է ֆիլմ՝ հայ քաղաքականի մասին, եւ սա սկիզբ է նոր ֆիլմաշարերի։ Թե ինչո՞ւ են հեղինակները նախապատվություն տվել Իշխան Մկրտչյանին, իմ գործընկերների այս հարցին պատասխանելուց առաջ, իմ կարծիքով, տեղին կլիներ ընթերցվեին եւ ի մի բերվեին այն հրապարակումները, որոնք վերաբերվել են 60-ականներից մինչեւ կայսրության փլուզումը ընկած ժամանակահատվածում գործած անլեգալ կազմակերպություններին եւ հայ այլախոհական-ազգայնական շարժմանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930