Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ համաձայնագրի փոքրիկ ռահվիրան

Ապրիլ 16,1999 00:00

Մեծ համաձայնագրի փոքրիկ ռահվիրան Սամվել Շահինյանը երեկ կրկին փորձեց հիշեցնել, որ կա «Ազգային պետություն» կուսակցություն, որի համամասնական ցուցակը նույնպես քվեարկվելու է ԱԺ ընտրություններում։ Նաընտրություններին մասնակից բոլոր քաղաքական կուսակցություններին եւ նախագահին առաջարկեց քաղաքական մեծ համաձայնագիր կնքել, որով բոլոր կողմերը կպարտավորվեն նպաստել ընտրությունների ազատ եւ արդար անցկացմանը։ Քաղաքական համաձայնության կայացման համար «Ազգային պետությունը» առաջարկում է մի միջնորդական ծառայություն, եւ այդ նպատակով ստեղծել է նախաձեռնող խումբ։ Ըստ արդեն մի տարուց ավել հրապարակվող կուսակցության պաշտոնաթերթ «Շրջանի» խմբագիր Ստեփան Դանիելյանի, մենք պետք է փորձենք փրկել մեր դեմքը աշխարհի առաջ։ Սամվել Շահինյանը ինչու չի մասնակցել «Իրավունք եւ միասնություն» դաշինքի ձեւավորմանը հարցին, պատասխանեց, որ սկզբում ինքը գիտեր, որ ՍԻՄ-ը իրենց պես ազգայնական կուսակցություն է, սակայն հետո պարզեց, որ նրանք ավելի սոցիալիստական են։ Մեր ընթերցողները, իհարկե, գիտեն, որ նման լուրջ գաղափարախոսական սկզբունքայնության տակ թաքնված է շատ պարզունակ վեճ՝ «ցուցակում ով որ տեղում պետք է լինի»։ Սամվել Բաբայանի հրաժարվելը՝ օգնեց իրեն, Սամվել Շահինյանը գնահատեց՝ «իր կողմից շատ ազնիվ քայլ»։ Կարելի էր կարծել, որ կարելի էր անազնիվ էլ գնահատել։ Սամվել Շահինյանը հաստատ համոզված լինելով, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթահարելու է 5% արգելքը, առաջարկեց, որ չհաղթահարածներն էլ տեղ ունենան մեր քաղաքական կյանքում, ասենք` դառնան խորհրդական։ Խեղճ նախագահ, ստիպված է լինելու իր ամբողջ նստավայրը տրամադրել խորհրդականներին եւ ստեղծել 4 քաղաքական խորհուրդ։ Սամվել Շահինյանին շատ է հետաքրքրում նաեւ քաղաքականությունից դուրս մնացած մեր արհեստավարժ քաղաքական գործիչների ապագան։ Որպես օրինակ նա նշեց Արա Սահակյանին, որի վրա մեր հարկատուները 10 տարի փող են ծախսել։ Երբ ես փոքր էի եւ մեկ-մեկ խոսում էի ինչ-որ պաշտոնյայի գործից ազատելու մասին, ողորմած հոգի տատս ասում էր. «Կոշտը նստել, քարի դարդն է լացում»։ Սամվել Շահինյանը, իհարկե, այնքան էլ կոշտ չէ, նրա վրա էլ մեր հարկատուն 5 տարի է փող ծախսել, իսկ այժմ նա էլ է մերժված հերթական անգամ՝ Սամվել Բաբայանի կողմից։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հ. Գ. Հետաքրքիր մարդիկ են քաղաքական գործիչները։ Նրանք ամեն թեթեւ բանից նեղանում են։ Օրինակ՝ Սամվել Շահինյանը ինձ չբարեւեց, նկատի ունենալով նախորդ անգամ իր ասուլիսի մասին գրած նյութս։ Երբեւէ չեմ հանդիպել մի լրագրողի կամ քաղաքացու, որը քաղաքական գործչին չբարեւի արդյունաբերությունը քայքայելու, վարկերը թալանելու կամ միայն սեփական գրպանի մասին մտածելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել