Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար պարզեցի, որ արդարադատություն կա՛»

Ապրիլ 29,1999 00:00
pastaban

Ասում է Փարպիի գյուղապետ, «Հայրենիք» խմբի պատգամավոր Արմենակ Մկրտչյանը, որը դարձյալ պատգամավորության թեկնածու է առաջադրվել Արագածոտնի թիվ 28 ընտրատարածքում։

Ապրիլի 16-ին նա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էր դիմել Արագածոտնի մարզի Փարպի եւ Բազմաղբյուր գյուղերը թիվ 27 ընտրատարածքում ընդգրկելու մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու եւ դրանք 28 ընտրատարածքում ընդգրկելու պահանջով։ Հիմնավորումներից էր, որ այդ գյուղերն իրար հետ կապված են մեկ ճանապարհով եւ խորհրդային կարգերի ժամանակ մեկ գյուղխորհուրդ են ունեցել։ Նաեւ այս՝ ոչնչով չպատճառաբանված բաժանման արդյունքում խախտվել էր թիվ 27 եւ 28 ընտրատարածքների ընտրողների թվի՝ ի դեպ, օրենսդրությամբ սահմանված՝ հավասարության սկզբունքը, եւ 4300 ձայնի արհեստական մեծ տարբերություն էր առաջացել։

«Անհույս բողոքեցի դատարան։ Չէի հավատում, շատ մարդիկ չէին հավատում՝ անգամ անիմաստ էին համարում,- պատմեց Արմենակ Մկրտչյանը,- ճիշտն ասած, դատի չէի էլ տա, քանի որ անհնար էի համարում, որ մեր օգտին որոշում կայացվի։ Բայց իմ մրցակիցներից երկուսն ասացին, որ եթե ես մեր գյուղում հարգանք վայելեի՝ 27-րդ ընտրատարածքում կառաջադրվեի, ոչ թե 28-ում։ Ճիշտն ասած, շատ ընկճվեցի եւ մեծ մասամբ այդ պատճառով դատարան դիմեցի՝ չնայած այդ համակարգին այդ ժամանակ չէի վստահում։ Բայց դիմեցի, որ ժողովրդին կարողանամ ասել, թե չարչարվել եմ՝ չի ստացվել»։

Այնուամենայնիվ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պ. Օհանյանը ապրիլի 26-ին դռնբաց դատական նիստում, քննելով այս հայցը, վճռել էր վերացնել ԿԸՀ-ի փետրվարի 28-ի որոշման՝ Բազմաղբյուր եւ Փարպի համայնքները 27-րդ ընտրատարածքում ընդգրկելու վերաբերյալ մասը։ Ընդ որում, այս դատավճիռը բողոքարկման ենթակա չէ եւ օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

Եվ չնայած Արմենակ Մկրտչյանն ընդդիմադիր՝ «Հայրենիք» խմբի անդամ է, բայց այժմ հայտարարեց. «Պարզեցի, որ արդարադատություն կա՝ նայած թե ով է իրականացնում։ Պիտի շնորհակալություն հայտնեմ դատարանին՝ պրն Օհանյանը պաշտպանեց արդարությունը։ Տա Աստված, որ նման դատավորներ շատ լինեն»։ Մենք էլ մեր հերթին պիտի անկեղծորեն ցանկանանք, որ ընտրությունների ընթացքում դատական համակարգի մասին բացառապես դրական շեշտադրումներով գրելու այս առիթը միակը չի լինի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930