Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՓՈՒՄ Է ՍԵՎԱՆԸ։ ԴԵ՛Ռ

Մայիս 05,1999 00:00
Sevan

«Հարեւաններին ջո՜ւր ենք տալիս, ջո՜ւր»,- «Ինչու է աղմկում գետը» ֆիլմում հնչող այս ավետիսը, խորապես կասկածում ենք, թե այսօր էլ իբրեւ ավետիս հնչի։

Ավելի շուտ՝ դրա հեղինակին (կոչի հեղինակին) ազգի, ժողովրդի, պետության (մանավանդ այսօր) դավաճաններ կորակենք ու կհիշեցնենք. «Հարեւանների մասին» ոչ այն է՝ մշակված, ոչ այն է՝ անմշակ նոր «հայեցակարգի» մասին։ Հանգստացեք, հանգստացեք. ոչ տարածքային կառավարման, ոչ էլ արտաքին գործերի նախարարությունը նման «հայեցակարգ» չի մշակել ու չի էլ պատրաստվում։ Թեեւ ԱԳՆ-ն է, ի վերջո, մեծ հաշվով ձեւակերպում մեր արտաքին, իսկ տարածքային կառավարման նախարարությունը՝ համայնքների ներսում մեր հարեւանների հետ ունեցած հարաբերությունների ջերմության աստիճանի որոշման բանաձեւերը, սակայն, իհարկե, ոչ այս պարզունակ անունով։ Պարզապես ժամանակներն, իրոք, փոխվել են՝ իրենց հետ փոխելով մեր վերաբերմունքը թե՛ հարեւանների, թե՛ ջրի նկատմամբ։

Ինչեւէ, ջուրը հիմա երեւի ոսկուց էլ թանկ է, ու տեղը որ գա, մի ուրիշ հայկական ֆիլմի հերոսի նման առիթը երեւի կստեղծենք ասելու՝ «Ջրի գող էլ դարձանք»։ Ջրի գող հաստատ չենք պատրաստվում դառնալ, մանավանդ «միջազգային» մակարդակներով, սակայն Սեւանա լճի փրկության մասին խոսակցություններում անընդհատ հիշատակվում է Որոտան գետը, որի հունը փոխելը կազդի Սեւանի մակարդակի ոչ միայն կայունացմանը, այլեւ դրա բարձրացման վրա։ Սա, իհարկե, լճի փրկության ծրագրի մի մասն է, սակայն՝ կարեւորներից։ Այսօր միայն Որոտանի մասին առանձին խոսելն այն մտահոգությամբ է պայմանավորված, որ Որոտան գետը միայն մերը չէ կամ թերեւս ավելի ստույգ եւ մեղմ ձեւակերպմամբ՝ միայն մենք չենք, որ այն օգտագործում ենք։ Այս գետի ճակատագիրը որոշելիս անպատճառ պետք է հաշվի նստենք հարեւան (հե՜յ գիտի, ժամանակին եղբայրական, այժմ՝ նո՛ւ, ո՞նց ասենք) Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներին այս մասին պայմանագիր է կնքվել երկու պետությունների՝ ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, որով կանոնակարգվել է եւ գետի ջրի օգտագործումը, եւ վերջինիս վերահսկողությունը։ Դրանով նախատեսված է եղել նաեւ Որոտանն օգտագործել Սեւանի փրկության ծրագրում։ Այդ պայմանագրի տակ իրենց ստորագրությունը դրել են Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը։

Ինչպես ընդունված է ասել, ԽՍՀՄ-ի քարտեզի վերագծումից հետո, հասկանալի է՝ ոչ անմիջականորեն, սակայն, փոխվել են նաեւ այս տարածաշրջանում ջրօգտագործող պետությունների շահերը։ Այնպես որ, դժվար է կանխագուշակել այն ժամանակ կնքված պայմանագրեր-համաձայնագրերի հետագա ճակատագիրը, եթե նույնիսկ դրանց որոշ կետեր երբեւէ ուժի մեջ են եղել եւ աշխատել են։ Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում հակված են կարծելու, որ, բնականաբար, երբեմնի կապերը թարմացնելու անհրաժեշտություն կա նաեւ այս ոլորտում։ Սակայն այդպես չի կարծում խորհրդային ժամանակների այս ոլորտի մասնագետ Յուրի Ջավադյանը, որն այսօր ՀՀ բնապահպանության նախարարության ջրային բարեփոխումների վարչության պետն է։ Նա պնդում է, որ աշխատանքը «նրանց» (թուրքական կողմի) հետ շարունակվում է, եւ «նրանք լրացուցիչ փաստաթղթեր» դեռ չեն պահանջել։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք չեն փոխվել երկու պետությունների շահերը, պրն Ջավադյանը պատասխանեց, թե չեն փոխվել, «նույն ձեւով աշխատում ենք, ինչ որ Սովետի ժամանակ»։

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման վարչության պետ Հոսնիկ Կիրակոսյանն ասում է, որ համատեղ աշխատանքը շարունակվում է, սակայն ադրբեջանական կողմը որոշակի պահանջներ է դնում։ Պրն Ջավադյանն այդ պահանջների առաջադրման իրավական հիմքերը չի տեսնում, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը ժամանակին ստորագրել են այդ պայմանագիրը, բերելով մի քանի այլ՝ համանման պայմանագրերի օրինակներ։

Պայմանագիրը դեռեւս թղթի վրա է, այսինքն, չի բացառվում, որ այն գործադրելիս հենց մյուս կողմն առարկություններ ներկայացնի։ Պրն Ջավադյանը սա բացառում է։ Սակայն պրն Կիրակոսյանի տվյալներով, ադրբեջանական կողմը չի ընդունում Որոտանի ջուրը 50/50 օգտագործելու մասին ԽՍՀՄ-ի ժամանակ կնքված պայմանագիրը։ Այդ դեպքում, համաձայն միջազգային կոնվենցիայի, յուրաքանչյուր պետություն այդ գետի ջրի միայն 1/3-ն օգտագործելու իրավունք ունի։ Դա նշանակում է, որ Հայաստանը զրկվում է Որոտանի ջուրը 50 տոկոսով օգտագործելու հնարավորությունից։ Սակայն պրն Ջավադյանը վստահ է, որ մեկ անգամ դրված ստորագրությունը մեկընդմիշտ է լինում, եւ, հետեւաբար, անհանգստության առիթ չկա։

Մեր այն հարցին, թե Ադրբեջանի կողմից այդ պայմանագրի առնչությամբ բողոքներ եղե՞լ են, Յուրի Ջավադյանը, բնականաբար, ասաց՝ ոչ։ Իսկ Հոսնիկ Կիրակոսյանն ասաց, որ Սեւանի ծրագրի քննարկման ժամանակ հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Համաշխարհային բանկին որոշ բողոքներ է հայտնել այս առնչությամբ։

Ամբողջ հարցն այն է, որ այդ պայմանագրից հետո, ոչ ԽՍՀՄ-ի օրոք, ոչ էլ հետո, այն չեղյալ հայտարարող կամ այլ պայմաններ պարունակող ոչ մի փաստաթուղթ չի եղել։ Դա է հիմք տալիս Հայաստանին մինչեւ հիմա Որոտանի ջուրը գետաբերանում կիսով չափ օգտագործելու համար։

Իսկ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ուղղակիորեն չեն հայտնել Ադրբեջանի դժգոհությունների մասին։ Պարզապես երբ նրանք ցանկություն չեն ունեցել Որոտանի շինարարությանը գումարներ տրամադրելու, մերոնք այդպես են եզրակացրել։

Թե ինչպիսին կլինի այս պայմանագրով պայմանավորված՝ Որոտանի, հետեւաբար եւ Սեւանի ճակատագիրը, դժվար է ասել, միայն թե այն, որ մինչեւ «ջրերը պարզվեն», Սեւանի համար ուշ կլինի, միանշանակ է։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31