Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն հացիվ, այլ նաեւ դաշիվ

Մայիս 12,1999 00:00
Toto

Մարտունու թիվ 43 ընտրատարածքում ծավալված նախընտրական անցուդարձին նվիրված «Ընտրակաշառք կհասնի նաեւ հանգուցյալներին» հրապարակումից հետո խմբագրությունը բազմաթիվ արձագանքներ ստացավ այս ընտրատարածքի ընտրողներից եւ հատկապես թիվ 43 ընտրատարածքի այն թեկնածուներից, որոնք, ի տարբերություն նշյալ երեք թեկնածուների, հնարավորություն չունեն ընտրակաշառք բաժանել։

Այս մարդկանց անհանգստությունը լիովին հասկանալի է, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես են երեկվա իրենց ընտրողները ընտրակաշառքի ազդեցության տակ փոխում իրենց դիրքորոշումը։ Նույնիսկ հարեւանդ կամ ազգականդ, որը երեկ երդվում էր, որ քեզնից բացի ուրիշ ոչ ոք արժանի չէ ներկայացնել մեր ազգը խորհրդարանում, փորվող հորը կամ ասֆալտապատվող ճանապարհը տեսնելով մտածում են, որ իրենց մասին մտածում եւ աշխատում է հենց այդ բարեգործը, որը ռեալ գործ է անում, ոչ թե ազգակցական կամ գյուղական հայրենասիրություն քարոզում։ Եվ անփող պատգամավորացուներին ուրիշ ոչինչ չի մնում, քան՝ պայքարել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների համար։

Ըստ մեր աղբյուրների, բացի ընդհանուր աշխատանքներից՝ ջրամատակարարում, ասֆալտապատում, ջրհորներ փորել, այս ընտրատարածքների պատգամավորության թեկնածուներ Ֆելիքս Սարգսյանը, Վազգեն Պողոսյանը եւ Հակոբ Հակոբյանը վարձել են վստահելի մարդիկ, որոնք աշխատում են կոնկրետ անհատների հետ, գնելով նրանց ձայները, յուրաքանչյուրին վճարելով 10-ական դոլար։ Այս ընտրատարածքում ընտրակաշառքներ բաժանելու գործին է լծվել նաեւ չորրորդ թեկնածուն՝ Վարդենիկ գյուղի բնակիչ Մարզպետունի Մանուկյանը, որը սկսել է Վարդենիկ գյուղի գազամատակարարման վերականգնման աշխատանքները, որտեղ մյուս թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը, արդեն հասցրել է նախաձեռնել ջրագծի շինարարության աշխատանքները։ Սակայն պարոն Մանուկյանը դժվար թե ստանա 200-ից ավելի ձայներ այս ընտրատարածքի ամենամեծ գյուղից, քանի որ թիվ 43-ում առաջադրված է նաեւ Վարդենիկի բնակիչ եւ այս ընտրատարածքում լուրջ վարկանիշ ունեցող Հենզել Աբրոյանը։ Շատերի կարծիքով, Մարտունու պանրագործարանի տնօրեն պարոն Աբրոյանը, որը մինչեւ հիմա մի կողմ է քաշված, իր ֆինանսական հնարավորությունները կօգտագործի վերջին պահին։

Եթե նախորդ հոդվածում գրել էինք, որ ընտրակաշառքների ծավալով առաջին տեղում է Ֆելիքս Սարգսյանը, ապա պատկերն այժմ փոխվել է հօգուտ Հակոբ Հակոբյանի։ Արփա-Սեւանշին ԲԲԸ-ի տնօրեն Հակոբ Հակոբյանն ընտրվելու լուրջ շահագրգռվածություն ունի։ ՆԳ 6-րդ վարչությունում ընդամենը վերջերս է փակվել պարոն Հակոբ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը։ Կարելի է ասել, որ դա ժամանակավոր սառեցում է, եւ վերջաբանը հայտնի կլինի ԱԺ ընտրություններից հետո։

Հակոբ Հակոբյանը Վարդենիկում սկսել է երկու ջրի հորատանցքների կառուցում 24,5 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Այս հորատանցքների կառուցումը պլանավորված էր գյուղնախարարության կողմից, սակայն չէր իրականացվում անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այժմ դա իրականացվում է Հակոբ Հակոբյանի ֆինանսավորմամբ, որը հետագայում նա կարող է հետ վերցնել գյուղնախարարության բյուջեից։

Սոցներդրումների հիմնադրամի կողմից Վարդենիկի խմելու ջրի ծավալները մեծացնելու համար նախատեսված 4 ջրահավաքների կառուցումը եւս չի վրիպել Հակոբ Հակոբյանի տեսադաշտից, եւ նա դա փորձում է ներկայացնել իբրեւ իր ընտրարշավի անբաժան մաս։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ըստ մեր աղբյուրների, Հակոբ Հակոբյանն իր առանձնատան հարեւանությամբ իբրեւ ընտրակաշառք առանձնատուն է կառուցում հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար։ Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ Աղվան Հովսեփյանն այս ընտրատարածքի բնակիչ չէ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31