Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԾԱՌԱՅԵՄ ԵՎՍ ՀԻՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ»

Հուլիս 10,1999 00:00
varyan

Հարցազրույց ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանի հետ

Բնականաբար, մեր զրույցը սկսեցինք հարցով, թե ինչպես է պարոն Վարյանը վայելում Գետառի վրա կառուցած սրճարանը։

– Ապացուցելի տեղեկություններով եմ ասում, Լաս Վեգասում կա «Վարյան քորփորեյշն» ֆիրմա։ Ավստրիայում կա պանիր՝ «Վարյան», եւ կաթի գործարան՝ «Վարյան»՝ Սիդնեյում։ Ես չեմ կարող այդ ամբողջի տերը լինել, քանի որ 1943 թվականին, երբ ստեղծվել է Լաս Վեգասի «Վարյան քորփորեյշնը», Հովհաննես Վարյանը՝ իմ պապը, Ռոստովի հոսպիտալում վիրավորված-պառկած էր։

– Իսկ դրանք ինչ-որ կապ չունե՞ն ձեր հետ։ Հորեղբոր տղաներ չե՞ն։

– Ոչ ոք իմ ազգականը չէ։

– Իսկ ձեր ընդհանուր ազգանո՞ւնը։

– Ես այնտեղ որեւէ ազգական չունեմ։

– Լավ գոնե չգիտեք, նրանք հայեր ե՞ն, թե՞ չէ։

– Այո, նրանք հայերն են, եւ պանրագործարանն է նրանցը, եւ քորփորեյշնը։

– Իսկ Հայաստանում ուրիշ Վարյաններ կա՞ն, պարոն Վարյան։

– Միայն իմ հորեղբոր տղաները։

– Բայց մեր հարցն ուրիշ էր ի սկզբանե։ Գետառի վրայի «Ակվա» սրճարանի մասին էր խոսքը, որն, ասում են, որ ընդհանուր սեփականություն է՝ մի մասն էլ ձերը։

– Ես դրա մասին ոչինչ չգիտեմ։ Ամեն ինչ ճշտելը շատ հեշտ է, գնացեք, տիրոջը գտեք եւ հարցրեք, թե Վարյանն ի՞նչ կապ ունի այդ օբյեկտի հետ։ Մի ժամանակ էլ ասում էին, որ «Օթյակ» սրճարանն էլ է իմը, որը 200 մետր վերեւ է։

– Բա հիմա «Օթյակը» ձերը չէ՞։ ՛

– Ես պատասխանը տվեցի։

– Լավ, ի՞նչ կարծիք ունեք նոր նախարար Սուրեն Աբրահամյանի մասին։

– Ի՞նչ կապ ունի դա այդ օբյեկտների հետ։

– Իսկ ես ասացի՞ կապ ունի, ես պարզապես հարցնում եմ, ի՞նչ կարծիք ունեք նոր նախարարի մասին։

– Պրոֆեսիոնալ է։

– Այսինքն՝ արհեստավա՞րժ։

– Այդ բառը, խնդրում եմ, մի օգտագործեք, որովհետեւ իմ մեջ դրանից վատ ասոցիացիաներ են առաջանում։ Իսկ Սուրեն Աբրահամյանի մասին ասեմ, որ նա շարքայինից մինչեւ գեներալ ճանապարհն անցած մարդ է, որը բոլոր էտապներում էլ փորձ է կուտակել՝ ընդհուպ մինչեւ փոխնախարարի պաշտոնը։ Ես կարծում եմ, որ նորմալ կաշխատի։

– Պարոն Վարյան, դուք աշխատել եք Վանո Սիրադեղյանի, Սերժ Սարգսյանի, Սուրեն Աբրահամյանի ժամանակ…

– Եվ կծառայեմ եւս հինգ նախարարի։

– Այդ ինչպե՞ս։

– Որովհետեւ ես մաքուր ու ճշտորեն եմ անում իմ գործը։ Ես շարունակում եմ պաշտոնավարել իբրեւ փոխնախարար, եւ վերջերս էլ ստացել եմ գեներալ-մայորի կոչում։

– Շնորհավորում եմ։ Իսկ դուք «Առավոտի» մասին ի՞նչ կասեիք։

– Ես կցանկանայի, որ «Առավոտն» ավելի բարյացակամ լիներ։ Թերթը բավականին ագրեսիվ է։ Այսպիսին է իմ տպավորությունը, թեպետ ես Արամ Աբրահամյանին շատ եմ հարգում։

– Պարոն Վարյան, բա որ ասում են, Հրազդանի ձորում կամուրջներ եք կառուցել, ճի՞շտ է։

– Այո, երկու կամուրջ՝ դեռ Վանո Սիրադեղյանի ժամանակով։ Գիտե՞ք, թե ինչ դժվարությամբ վերականգնվեց «Մանկական երկաթուղին» եւ արդեն վեցերորդ տարին է, դրանից հետո ժպիտ ենք տեսնում մեր երեխաների դեմքերին։ Տարեկան 2-3 հարյուր հազար երեխա է նստում այդ գնացքը։ Մի սերունդ է մեծացել, որը չգիտի, թե ինչ է գնացքը։ Մենք բոլորս ժամանակին Սոչի ու Մոսկվա ենք մեկնել գնացքով։ Գնացեք կենդանաբանական այգի, եւ հարցրեք, թե ով է օգնել իրենց այդ հարցը լուծել։

– Բա այդ ի՞նչ փողերով եք արել։ ՛

– Դա փողով չենք արել։ Ընկերություն կա, շրջապատ կա։ Ասել եմ՝ տղերք, գազանանոցի համար մի մեքենա քար է պետք։ Կարծում եք, մի մեքենա քարը մեծ փող է՞։

– Բա ի՞նչ է։

– Երբ որ դուք կտեսնեք, որ ես դղյակ եմ սարքել, այն ժամանակ կհարցնեք ինձ՝ Վարյան, այդ ի՞նչ փողերով եք կառուցել։ Իսկ որ գետաձիու համար եմ վանդակ կառուցում, ես ձեւերը հեշտ եմ գտնում։

– Իսկ եթե գետաձիու համար կարողանում եք, ձեզ համար չեք կարո՞ղ։

– Ոչ։

– Ինչո՞ւ։

– Որովհետեւ ես ինձ թույլ չեմ տա ասել՝ անձնապես ինձ նվիրեք մեկ մեքենա քար։ Բայց վերականգնել եմ մեր բակը, ավազանը, որ տասը տարի չէր գործում։ Ընկերներս են օգնել, ծառեր ենք տնկել, ասֆալտել ենք, եւ այլն։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031