Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆ

Հուլիս 29,1999 00:00
Gexam Xaribjanyan

Օգտվելով առիթից, որ վերջին օրերին վերստին Երեւանում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, նրան զրույցի հրավեր արեցինք՝ առաջին ձեռքից մեկնաբանություններ ստանալու, թե, ի վերջո, ի՞նչ հիմք ունեին հուլիսյան ուսանողական հուզումներն Իրանում։

-Ես եղել եմ իրադարձությունների կիզակետում, երբ ուսանողներն առաջին քայլերն արեցին։

Այսպես սկսեց պարոն դեսպանը, իսկ այնուհետեւ ներկայացրեց, կոմունիստական տերմինաբանությամբ ասենք, այն կայծը, որից բոց է բռնկվել։ Իրանի մեջլիսը ընդունման էր նախապատրաստում օրենքի մի նախագիծ, որը որոշակիորեն սահմանափակում էր մամուլի ազատությունը։ «Այդ առիթով էլ ե՛ւ ազատ մամուլը, որն Իրանում իսկապես կա, ե՛ւ երիտասարդությունը մտահոգություն արտահայտեցին՝ դիմելով ամեն քայլի, որպեսզի խնդրի շուրջ քննարկումները կանխվեն։ Դրանից հետո,- շարունակեց Գեղամ Ղարիբջանյանը,- իշխանությունները խստորեն դատապարտեցին ուսանողական հանրակացարանների վրա կատարված հարձակումները, եւ նույնիսկ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ազատեցին աշխատանքից»։

Միաժամանակ, ինչպես տեղեկացանք ԻԻՀ-ում ՀՀ դեսպանից, հայտարարվել է, որ ցույցերի կազմակերպիչների մի մասը վերապատրաստում են անցել դրսում, ինչի մասին հեռուստատեսությամբ, մամուլով եւ ռադիոյով իրենք ինքնախոստովանություններ են կատարել։ «Բայց օրերս, Թեհրանում լույս տեսնող «Ազատ» թերթում հրապարակվեց մի հոդված, ուր գրված էր. «Եթե ամեն անգամ մեր ներքին խնդիրները կապենք դրսի ուժերի հետ, հաջողության չենք հասնի։ Այս երկու տեսակետն էլ շրջանառվում են, ու հիմա հարաբերական անդորրի ժամանակաշրջան է Իրանում»։

Պարոն դեսպանի ներկայացմամբ՝ իշխանություններին հաջողվել է իրավիճակը մեղմել։ Պատճառները մի քանիսն են։ Նախ, որ հուլիսյան իրադարձություններին հաջորդեցին ուսանողական արձակուրդները, որոնք շարունակվելու են մինչեւ սեպտեմբերի կեսերը։ Դրա կողքին էլ դրսեւորվեց մեկ այլ հանգամանք։ Թեհրանում տեղի ունեցավ Իրանի հոգեւոր իշխանության աջակցության տպավորիչ ցույց, եւ երրորդ՝ ձերբակալվեց ուսանողական դժգոհության կազմակերպիչների մի խումբ, որոնք չեն հրաժարվում, թե ֆինանսական օժանդակություն են ստացել դրսից։ Պարոն դեսպանը եզրակացրեց, որ շուտով, հավանաբար, տեղի կունենա նրանցից մի քանիսի հրապարակային դատավարությունը, որից հետո իշխանություններին առավել եւս կհաջողվի մեղմել դժգոհությունը եւ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Այսպես, որովհետեւ, Գեղամ Ղարիբջանյանի մատուցմամբ, իշխանություններն ամեն ինչ անում են երկրում այլեւս ցնցումներ թույլ չտալու համար։

Բոլոր դեպքերում՝ հարաբերական անդորրի վիճակը կշարունակվի եւ ամեն ինչ կորոշվի փետրվարին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Մեջլիսում առկա ուժերի հարաբերակցությունը որոշիչ դեր կխաղա, թե Իրանում ում ձեռքին է իրական իշխանությունը։ Անշուշտ, նախընտրական լուրջ պայքար կծավալվի, այսպես ասած, ազատական եւ ավանդական թեւերի միջեւ, ինչն էլ կորոշի, թե նախագահն ինչ հաջողությունների կարող է հասնել։

Ամեն պարագայում, Իրանում բարեփոխումների քաղաքականություն է իրականացվում, ինչն ընդգրկում է նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունների ոլորտը։ Այդ բնագավառում աշխատանքային մթնոլորտ է տիրում։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ամենայն համոզվածությամբ եմ ասում, այս վերջին մի քանի հարյուրամյակում երբեք այնքան ջերմ չեն եղել, որքան հիմա։ Այս հանգամանքը վստահություոն է ներշնչում, որ Հյուսիս-Հարավ գործընթացը կակտիվանա եւ Հայաստանն էլ անմասն չի մնա դրանից»։

Մեր զրույցի ավարտին Գեղամ Ղարիբջանյանի հետ քննարկման առարկա դարձրինք եւս երկու հարց։

– Հաստատապես, տեղի ունեցած խմորումների պատճառներն ավելի խորքային են, պարոն Ղարիբջանյան, քան մամուլի մասին օրենքում սահմանափակումներ կատարելու գործընթացն է։ Որո՞նք են այդ հիմքերը։

– Իրանում ընդհանուր մտահոգություն կա, որ երկրում այլեւս ցնցումներ չլինեն։ Այլապես, երբ վտանգվում է երկրի անվտանգությունը, իսկ հոգեւոր իշխանությանն աջակցող հանրահավաքում էլ հայտարարվեց, թե այդ ամենը դրսից է հրահրվում, հաղթող ու պարտվող չի լինում։

Պատահական չէ, որ Իրանի հոգեւոր առաջնորդն ուղերձով դիմեց ժողովրդին, ուր առավելապես ներողամտության, քան խստության մասին էր խոսում։

– Իսկ ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը տեղի ունեցածի նկատմամբ։

– Հայաստանը շահագրգռված է, որ Իրանում ցնցումներ չլինեն, որովհետեւ ցանկացած նման բան ամպլիտուդայով իր արձագանքներն է ունենալու նաեւ մեզանում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031