Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌ

Նոյեմբեր 13,1999 00:00
toto

Օր օրի ավելի են թեժանում Երեւանի գլխավոր ճարտարապետի փոփոխության մասին խոսակցությունները։ Անգամ հեռուստաալիքներից մեկը սխալ տեղեկատվություն օրերս թողարկեց, իբր արդեն գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատված է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։ Սակայն քաղաքի գլխավոր ճարտարապետի ցանկալի պաշտոնը մեծ աժիոտաժ է առաջացրել տասնյակ հայ ճարտարապետների շրջանում, անուններ են հնչում այդ պաշտոնի համար։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Համլետ Խաչատրյանն աշխատանքի մեջ է եւ ոչ ազատման դիմում է եղել Հ. Խաչատրյանի կողմից, ոչ էլ՝ ազատման հրաման՝ քաղաքապետի կողմից։ Ճիշտ է, քաղաքապետարանում օրերս կայացած խորհրդակցության ժամանակ Ալբերտ Բազեյանն իր դժգոհությունը հայտնել է Հ. Խաչատրյանի աշխատանքի վերաբերյալ, սակայն, դրան որեւէ քայլ չի հաջորդել։

Խորհրդակցության մասին քաղաքապետարանի մամլո ծառայության հաղորդագրության մեջ նշվել է. «… Ապօրինի շինարարությունների կանխման, բնակելի շենքերի կցակառույցների եւ այլ նպատակներով զարտուղիորեն հողահատկացումների դեմ աշխատանքը քաղաքապետը գնահատեց «անբավարար» եւ դրան կոչված համակարգողների հետ հետագա համատեղ աշխատանքը՝ ոչ նպատակահարմար…»։ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի համար տրված անուններից են նաեւ Կենտրոն համայնքի ճարտարապետ Արամ Ներսիսյանը, ճարտարապետ Սարափյան Ալիկը (որի հայրը ժամանակին եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետ) եւ Երեւանի ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Նարեկ Սարգսյանը, որ Արմեն Դարբինյանի վարչապետության օրոք վերջինիս ճարտարապետական հարցերով խորհրդականն է եղել։

Նարեկ Սարգսյանին դիմեցի տարածված խոսակցությունների մասին իր կարծիքն իմանալու։ Պրն Սարգսյանն ասաց, որ արդեն հոգնել է նմանատիպ զանազան խոսակցություններից, այդ հարցի շուրջ ստեղծված աժիոտաժից եւ կցանկանար նշված անունների շարքում իր անունը չառնչվեր։ Ն. Սարգսյանը նոյեմբերի 14-ին երեք օրով մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի 250-ամյակին նվիրված «Ճարտարապետության կրթության միջազգային կոնֆերանսին», որտեղ նա ելույթ ունի։

Պայմանավորվեցինք իր վերադարձից հետո զրուցել Երեւանի գլխավոր ճարտարապետի ցանկալի աթոռի, «ցանկասեր» ճարտարապետների եւ կոնֆերանսի մասին։ Ճարտարապետներից եւ սովորական քաղաքացիներից շատերն են գանգատվում կամ հենց բողոքում Համլետ Խաչատրյանի գործունեությունից։ Այսինքն՝ այդ պաշտոնում փոփոխություն հաստատապես սպասվում է։ Եվ դրա արագացմանը նպաստում են իրենք՝ ճարտարապետները, այն հույսով նաեւ, որ Երեւանը փոքր քաղաք է (իսկ դա ճարտարապետներից լավ մեկ էլ իրենք՝ ճարտարապետները գիտեն) ու ինչ-որ մի ձեւով քաղաքապետի ականջին այդ դժգոհությունները կհասնեն։ Եվ նաեւ քաղաքապետի ականջին կհասնեն իրենց անունները, որպես թեկնածուներ։ Ու գուցեեւ այս ընթացքում քաղաքապետի ականջին հասնեն անուններ, որ մեծ իմաստով ոչինչ չեն տալիս ու չեն էլ տա հետագայում։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930