Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՀՈԳՈՒ ԳԵՐԻ ՉԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ»

Նոյեմբեր 16,1999 00:00

ասում է Սամվել Բաբայանը, որի ձեռքին մինչեւ վերջերս գրեթե «գերի» էին ԼՂՀ իշխանությունները

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ղարաբաղի ներկա քաղաքական վիճակը։

– Նախ՝ ներկայիս վիճակը շատ փխրուն է, կարելի է ասել՝ անկայուն վիճակ է։ Սրանից դուրս գալու համար մի քիչ կամք է պետք, մի քիչ էլ անձնական ամբիցիաներից վեր կանգնել։ Հայաստանի վիճակին այսօր չի կարելի կոնկրետ գնահատական տալ, ասել, թե ի՞նչ է կատարվելու, որովհետեւ այն ուժերը, որոնց մասին ես եմ լսում, կարող է խնդիրներն ավելի բարդացնեն եւ ոչ թե լուծեն։

– Կոնկրետ ասեք, թե ո՞ր ուժերը նկատի ունեք եւ ինչպե՞ս կարող են բարդացնել խնդիրները։

– Ես չեմ ուզում կոնկրետացնել այսօր, չեմ ուզում մտնել ներքին խոհանոց, որովհետեւ երբ որ ես եմ մտնում, այլ կերպ են նայում հարցին։ Դրա համար ես չեմ ուզում փակագծերը բացել, բայց երեւի Հայաստանում արդեն պարզ կլինի, թե ի՞նչ ուժերի մասին եմ խոսում։ Ինչ մնում է Ղարաբաղի ներքին վիճակին, մենք՝ զինվորականներս, չենք զբաղվում ներսի խնդիրներով, առանձնապես տեղյակ էլ չեմ, հանգիստ է, նորմալ է, որեւէ պրոբլեմ չի կարող լինել։

– Դուք ասում եք զինվորականները չեն խառնվում Ղարաբաղի ներքին կյանքին, բացառո՞ւմ եք, որ Հայաստանի նմանությամբ այստեղ էլ զինվորականները սկսեն խառնվել։

– Երբ որ Ղարաբաղում փորձում էին բացատրել, որ կա ճգնաժամ եւ կան խնդիրներ, իրոք կան խնդիրներ, կա քաղաքականություն, որը չենք ընդունում, բայց մենք սահմանափակվեցինք բողոքով եւ ոչ թե պահանջներ դնելով։ Հետ շրջելով պատմության դասերը, պարզ էր, որ մենք պետք է զիջենք, չնայած կարող է ինչ-որ հարցերում մենք մնացել ենք նույն կարծիքին, կամ չենք մնացել, դա հարցի մյուս կողմն է։ Բայց ուղղակի չմոռանանք պատմությունը եւ դառը փորձություններ չբերենք, գոնե մի անգամ հաղթանակը մինչեւ վերջ տանենք։ Ես գտնում եմ, որ դրա համար կամք է պետք, մի քիչ էլ վախը պետք է իրենց միջից հանեն, որ գուցե վաղը, մյուս օրը կձերբակալվեն, այդ վախի նշանը որ իրենց միջից հանեն, ամեն ինչ գալու է իր տեղը։

…Սամվել Բաբայանը երբեւիցե ամբիցիա չի դնելու, սա հիշեցեք, որովհետեւ ես իմ ազգային խնդիրները շատ լավ եմ պատկերացնում։ Պետք չի, որ ասում են՝ հեսա կջարդի, կկոտրտի, հո ես գազան չեմ, ես արել եմ ժողովրդի համար…

– Դուք ի՞նչ հարաբերությունների մեջ եք ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նկատի ունեմ ե՛ւ ի պաշտոնե, ե՛ւ մարդկայնորեն։

– Կարելի է ասել, որ կոնկրետ հարաբերություն չկա։

– Իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հե՞տ։

– Ճիշտն ասած նորմալ են եղել հարաբերությունները եւ մնացել են մինչեւ այժմ։ Բայց չեմ շփվում։ Ես ավելի շատ շփվում եմ պաշտպանության նախարարի հետ։

– Հոկտեմբերի 27-ի դեպքերի կասկածյալների թվում առաջիններից մեկը շոշափվեց ձեր անունը։ Ձեր մատը իսկապե՞ս խառն է Հայաստանի ներքին գործերին։

– Փորձեմ ձեւակերպել այսպես։ Եկեք մի քիչ, մի տարի հետ գնանք։ Արծրուն Մարգարյանի սպանության դեպքում իմ անունը դուրս եկավ, Խոռխոռունու սպանությունից հետո էլի իմ անունը դուրս եկավ, հետո հոկտեմբերի 27-ին կատարվածից հետո էլի իմ անունը դուրս եկավ այն դեպքում, երբ կոնկրետ մարդիկ ձերբակալված են։ Հարց է ծագում…

– Բայց ձեր անունը շոշափվում է ոչ թե որպես կատարող, այլ կազմակերպիչ, հրահրող։

– Որպես կազմակերպիչ, որպես հրահրիչ ինչքա՞ն ես պետք է ապուշ լինեմ, առաջինը՝ ես Սարգսյան Վազգենի հետ աշխատել եմ 10 տարի։ Երեւի Հայաստանում չկա մարդ, որն ավելի մոտիկ լինի Վազգեն Սարգսյանին։ Իր արածը-չարածը ես ավելի շատ գիտեմ, քան որեւէ մեկը։ Ուրեմն սրանից ելնելով անիմաստ է, անլուրջ է՝ ես այդպիսի հարցի մեջ ներքաշվեմ։ Սա որոշ ուժերի խնդիր է…

– Կոնկրետ ո՞ր ուժերի…

– Չեմ ուզենա հիմա ասել, քննությունը մինչեւ վերջ կտարվի, կպարզվի ով ի՞նչ է արել։ Արծրուն Մարգարյանը պարզեցին, ինչքան ես գիտեմ, կպարզեն նաեւ ամսի 27-ին կատարվածը, կմնա Խոռխոռունու հարցը։

– Բայց Խոռխոռունու սպանության թելերը կարծես գալիս են Ղարաբաղ։ Համենայնդեպս, ըստ որոշ տեղեկությունների։

– Քննչական մարմիններն ինչ մարդու անուն տվել են, ես ձերբակալել եմ եւ ուղարկել Հայաստան։ Ցանկացած զենք, ցանկացած բան, երբ որ հարցը դրվել է, բոլորը գտել եմ գետնի տակից, տվել եմ իրենց։

– Ղարաբաղում եք գտե՞լ…

– Չէ, ոչ թե դա Խոռխոռունու գործի հետ է, այլ՝ այդ գործի կասկածյալներ են։ Չգիտեմ ի՞նչն է պատճառը, ո՞նց է, դա քննությունը ցույց կտա։ Ինչ մնում է, որ բարձրագույն ինչ-որ սպա ինձ մոտ աշխատել է։ Ճիշտ է, շտաբում եղել է սպա, որը նարկոմանիայի համար ազատվել է աշխատանքից։ Ազատվելուց մեկ ամիս հետո ձերբակալվել է էլի նույն քննչական մարմինների կողմից։ Խնդրել են, ասել են, ես այդ մարդկանց հանձնել եմ իրենց։ Եթե ես կամ այդ հարցերի մեջ, ապա ես պետք է խոչընդոտեմ բոլոր այդ հարցերին, թե՛ քննությանը, թե՛ այդ մարդկանց ներկայացնելուն։ Իրականում ճիշտ հակառակն է։ Այն մարդիկ, որոնք փորձում են շանտաժի մեթոդով Սամվել Բաբայանին հեռու պահել Հայաստանի ներքին իրավիճակներից, արդեն ինձ համար պարզ է այդ մարդկանց շրջանակը, եւ իրենց աշխատաոճը։

– Ովքե՞ր են այդ մարդիկ, գուցե հի՞մք ունեն ձեզ հեռու պահելու։

– Չգիտեմ, չեմ կարող կոնկրետ ասել, ինչո՞ւմն են հիմքը գտել, ի՞նչն է պատճառը եւ ինչո՞վ է դա ձեւակերպվում, ժամանակը կգա, կպարզվի։ Ես մոտավորապես պատկերացնում եմ, բայց պատկերացումը մի բան է եւ իրականությունը մի քիչ ուրիշ, դրա համար ես չէի ուզի որոշ մարդկանց անուններ հոլովել։ Բայց խնդիրը պարզ է դրված իրենց առաջ, որ Սամվել Բաբայանը ցանկացած հարցում մեղավոր է։ Ինչո՞ւ, ինչի՞ համար, այդ Սամվել Բաբայանը ինչքա՞ն սպանություններ է գործել, այդ ինչքա՞ն պատվերներ է տվել սպանություններ կատարելու, որ ցանկացած սպանության դեպքում նրա անունը հոլովվում է։ Իսկ հոկտեմբերի 27-ինը բոլորովին ցինիզմ է, դրանից դենը էլ չի կարող լինի։

– Բայց Մուշեղ Մովսիսյանի ձերբակալությամբ կարծես թե հետքերը կրկին դեպի ձեզ են բերում։

– Ես Մուշեղ Մովսիսյանին մի անգամ հանդիպել եմ իր եղբայր Շմայսի հետ, ընտրությունների նախաշեմին։ Հավատացեք, որ ուղղակի՝ անուն, բարեւ ու վերջ։ Ես այդ մարդու հետ որեւիցե կապ չունեմ։ Իր եղբոր հետ շատ մոտիկ եմ, եղբայրն այսօր ձերբակալված է, էլի կասկածյալ իբրեւ թե Խոռխոռունու գործով, ինչքանով ես տեղյակ եմ։ Բայց ճիշտը իրեն թե զենք դնելը, թե կոկաին գցելը արվել է նրա համար, որ ձերբակալեն, քննեն։ Ես պետք է հանդիպեի Սարգսյան Վազգենի հետ, փորձեի այդ հարցը հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես։

– Կայացա՞վ այդ հանդիպումը։

– Չէ, հանդիպումը չկայացավ, չստացվեց, որովհետեւ ինձ մոտ ստուգումներ էին գնում, չստացվեց մեր հանդիպումը։

– Հոկտեմբերի 27-ի դեպքերը ինչպե՞ս են կապվում Ղարաբաղի հետ։

– Այդ հարցը Ղարաբաղի պրոբլեմի հետ չի կարելի կապել, որովհետեւ միակ գլխավոր սյուներից Վազգեն Սարգսյանն է եղել, որ Ղարաբաղի շահերը ղարաբաղցուց էլ լավ է պաշտպանել։ Ուրեմն ղարաբաղցու մատը խառը լինելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել։ Քանի որ չկա Սարգսյան Վազգենը, շատ դանդաղելու է Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը։

– 27-ի դեպքերից հետո ՊՆ հրամկազմը հանդես եկավ հայտնի հայտարարությամբ։ Ե՛վ Վազգեն Սարգսյանն էր ասում, թե զորքը ներքին կյանքին չպետք է խառնվի, ե՛ւ դուք էլ ասացիք։ Բայց զորքն, այնուամենայնիվ, փորձեց (կամ փորձում է) խառնվել։

– Ես ինչքան հասկանում եմ, վիճակն իրոք բարդ է։ Իմանալով եւ նախագահին, եւ պահանջ դնողներին, իրոք վիճակը շատ բարդ է։ Ես գիտեմ, որ նախագահը զիջումների չի գնալու։ Իմանալով իրեն, իսկ իրեն ես շատ լավ գիտեմ, երկար տարիներ աշխատել եմ հետը, գիտեմ, որ չի զիջի։

– Հոկտեմբերի 27-ից հետո լուր տարածվեց, որ Լաչինի ճանապարհը փակ է։ Վտանգ կա՞ր, որ Ղարաբաղից զորքը կմտնի Հայաստան։

– Իմ պատասխաններում կփորձեք գտնել պատասխանը։ Ինչո՞ւ են ուզում Սամվել Բաբայանին մեկուսացնել։ Իրոք, Լաչինի ճանապարհին կար պահակակետ, բայց ինձ թվում է, դեպքերի հետ կապ չուներ, ուղղակի փորձում էինք հսկել իրավիճակը։ Ինձ թվում է Ղարաբաղից զորք գալու-չգալու խնդիր չէր կարող լինել։ Ի՞նչ է, բանակը երկու մասի՞ է բաժանվել։ Դա ճիշտ չէ։ … Եթե հրաման տրվեր, որ պետք է կարգ ու կանոն հաստատվի։

– Եվ դուք հրամանը կկատարեի՞ք…

– Իհարկե, եթե հարցը ժողովրդի հետ կապ ունի, եթե քաղաքացիականի մասին է խոսքը, ապա հրամանը պետք է նախագահը տա։ Չի կարող պատահի, որ Սամվել Բաբայանը նախարարի հրամանով զորքը վերցնի եւ գա Երեւան, կամ չգիտեմ որտեղ, ինչ-որ իրենք մտածում են։ Պետություն ենք կառուցո՞ւմ, թե՞ բանդա։ Ինձ չի թվում, թե բանդա ենք ստեղծել մինչեւ այսօր։ Բանակը պետք է ենթարկվի իր իշխանություններին։ Եթե ինչ-որ խումբ մարդիկ փորձում են իրենց կամքը թելադրել Հայաստանի նախագահին, եթե իհարկե ժողովուրդը դրա կարիքը զգա, իհարկե, զորքը մտցնելու ենք Հայաստան, բա ի՞նչ պիտի արվի, հո չե՞նք գնալու գերի։

– Ո՞ւմ գերի։

– Այդ նույն երեք-չորս, չգիտեմ՝ 10 մարդուն։ Երբ որ Ռուսաստանից է զորք բերվում, շատ նորմալ է նայվում, երբ որ զորքը պետք է Ղարաբաղից գա, դա արդեն չեն հասկանում։

– ՊՆ-ի գեներալիտետը հոկտեմբերի 27-ից փորձեց խառնվել քաղաքականությանը, դուք եւս հրամանատար եք, մասնակի՞ց էիք այդ ամենին։

– Բանակը կարող է իր կարծիքն արտահայտել, բայց ոչ ուլտիմատումով, պահանջներ դնելով։ Ուղղակի կարող եմ ասել, որ տվյալ քաղաքական կուրսի հետ համաձայն չեմ։ Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը ճիշտ է, դա իմ կարծիքն է։ Չի կարելի ասել՝ բանակի գեներալիտետը։ Գեներալներից մեկն էլ ես եմ։ Ես հաստատ գիտեմ, որ բանակի գեներալների մի մասն այսօր հակառակ հայտարարության տակ կստորագրի։ Չի կարելի բանակը որպես դուբինկա օգտագործել ե՛ւ իշխանության, ե՛ւ ժողովրդի դեմ։ Դա ձեւ չի։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Հ. Գ. Հարցազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին, երբ դեռեւս ձեւավորված չէր ՀՀ կառավարությունը։ Չենք կարող չափսոսալ, որ մեր մի շարք հարցերի Սամվել Բաբայանը համաձայնեց պատասխանել՝ չհրապարակելու պայմանով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930