Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ՉԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ»

Ապրիլ 06,2000 00:00

Ասում է «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։

– Ձեր դիրքորոշումները Վանո Սիրադեղյանի հարցում բավական տարբերվում են «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի այլ գործիչների տեսակետներից։ Ինչո՞վ է սա բացատրվում։

– Ես պատմաբան եմ, իսկ պատմաբանները երեւույթները, դրանց նախադրյալները, պատճառները դիտարկում են խորքային տեսանկյունից։ Ես կուսակցական չեմ, մասնագետ եմ։ Ես մասնագետի իրավունքով եմ ասում այս ամենը, եւ սա խմբակցության տեսակետը չէ։ Մեր ազգային երբեմնի կուռքերին որպես քրեական հանցագործ հետագայում դատելու նախադեպերով լիքն է մեր ժողովրդի պատմությունը։ Վանոն հո սովորական մարդ չի՝ նա մի ամբողջ էպոխայի ներկայացուցիչ է։ Մեզ համար մի՞թե ողբերգություն չէ, երբ մեր ճանաչված, երբեմնի ժողովրդական տրիբունը դատվում է որպես քրեական հանցագործ։ Սա համազգային ողբերգություն է։

Ի դեպ, Վանոն իմ ուսանողական տարիների ճանաչած անձնավորությունն է, որին միշտ համարել եմ ազատախոհ, լավ գրող, հետագայում նաեւ՝ լավ հասարակական գործիչ։

– Ձեզ կարող են մեղադրել, թե Վանո Սիրադեղյանի գործունեությունը հիմք չի տալիս նրա մասին օգտագործելու «ազգային կուռք» կամ «ժողովրդական տրիբուն» որակումները։

– Ես նրան հերոս չեմ համարում, բայց նա, իրոք, ազգային կուռք էր մի ժամանակ, մեր հաջողված կամ անհաջող հեղափոխության առաջնորդներից մեկը։ Նրա ձեռքի մի թափահարումից ալեկոծվել են միլիոնանոց ժողովրդական ցույցերը։ Վանոյին սիրում էին, նրա անունը՝ վանկարկում։ Եկեք ճշմարտության աչքերին նայենք եւ ոչ թե կույր ատելությամբ առաջնորդվենք։ Եվ չարժե մեկին նվիրված լինել ու, երբ նրան մեղադրում են ինչ-որ հարցում՝ անմիջապես փոխել տեսակետը։

Վանոն եւ այդ էպոխայի բոլոր գործիչները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ մնացածը՝ մեր պատմության խճանկարում տեղավորվող մարդիկ են, անկախ ամեն ինչից։ Ո՞վ, ո՞ր պատմաբանը կարող է գրել 1988-1997 թվականների պատմությունը եւ դիտավորյալ շրջանցել Վանո Սիրադեղյանի անունը։ Սա օբյեկտիվ օրինաչափություն է։ Սա իրոք մեր հասարակարգի, այլ ոչ թե Վանոյի ողբերգությունն է։ Մեր հասարակությունն է ծնել, դաստիարակել նրան, մենք ենք Վանոյի արատները ներել, տարել նրան այդ կործանարար ճանապարհով։ Համազգային սխալն անձնական հեղինակ չի ունենում, դրա պատասխանատուն բոլորն են։

– Եթե որպես պատմաբան գնահատեք անցած տասնամյակում Վանո Սիրադեղյանի գործունեությունը՝ կգերակշռի բացասակա՞նը, թե՞ դրականը։

– Ժիրայր Լիպարիտյանը, լինելով ՀՀՇ-ի գաղափարախոսներից մեկը, իր «Պետականության մարտահրավերը» գրքում քննադատաբար եւ ճիշտ նկատել է, որ ՀՀՇ-ի որոշ գործիչներ իշխանության գլուխ անցնելով կորցրին իրականության զգացողությունը եւ թույլ տվեցին բազմաթիվ սխալներ։ Հիմա ես դատավոր չեմ, ոչ էլ քրեական աշխարհի ներկայացուցիչ, ես կարող եմ միայն հավատալ դատարանի անաչառ վճռին։ Ուրիշ ոչ մեկը չի կարող արդարացնել։

Սակայն Վանոն երբեք առաջին դեմք չի եղել, առաջիններից մեկն էր։ Եվ նրա գործունեության իրական գնահատականն այսօր ոչ մեկը չի կարող տալ։ Անկեղծ լինենք՝ կխանգարի քաղաքական պատեհապաշտությունը։ Բայց այն հանգամանքին, որ Վանոյի վրա դրեցին մի ամբողջ ռեժիմի արատները՝ կտրականապես դեմ եմ։ Նրան դարձրել են հանցագործության հավաքական կերպար՝ այդպիսի բան չի լինում։

– Այնուամենայնիվ, փորձեք իրապես գնահատել նրա դերակատարությունն, ասենք, ղարաբաղյան շարժման մեջ։

– Ոչ մեկը չի կարող ժխտել Վանո Սիրադեղյանի դերն այդ ժամանակ, երբ մեր հայրենիքը վտանգի մեջ էր։ «Ղարաբաղ» կոմիտեի ամենավառ անդամներից մեկն էր նա։ Կամ էլ որպես այդպիսին պիտի ժխտենք ընդհանրապես այդ ժամանակահատվածը։ Իսկ եթե այն ընդունում ենք որպես հայ ժողովրդի զարգացման կամ գոյատեւման պատմական փուլերից մեկը՝ պիտի այդ ժամանակաշրջանի բոլոր գործիչներին անաչառ գնահատենք եւ վերապահենք իրենց արժանի տեղը։

Ես ուղղակի որպես մարդ, որպես Վանո Սիրադեղյանի ժամանակակից՝ ափսոսում եմ լավ գրողի, լավ ձեւով սկսված քաղաքական կենսագրությամբ այդ մարդու անձնական եւ գուցե հասարակական ողբերգության համար։

Ոչ կուռքեր ստեղծենք, ոչ էլ մեծ հաջողությամբ այդ կուռքերը տապալենք։ Եվ ամենամեծ դժբախտությունն այն է, որ կուռքեր սարքողներն են հիմնական հեղինակը կուռքերի տապալման՝ ժողովուրդը դրա մեջ գրեթե դեր չի խաղում։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930